logo
ՓԱԿԵԼMenu
Դերեկ Շերինյան

Դերեկ Շերինյան

Հայտնի ռոք երաժիշտ Դերեկ Շերինյանը, երբ հերթական հարցազրույցի ընթացքում թղթապանակից հանեց մի լուսանկար, չէր պատկերացնում, որ այն մեկ դար առաջ իրարից բաժանված մոր եւ աղջկա ճակատագրի պատմությունն է կրում: Նրանք արդեն չկան, բայց հարյուր տարի առաջ արված այդ լուսանկարը հատեց նրանց ճակատագրերը: 
 

 

Աջից՝ Դերեկ Շերինյանի մեծ տատիկը՝ Եղիսաբեթ Յազիջյանը
Լուսանկարը՝ Դերեկ Շերինյանի անձնական արխիվից

Այս լուսանկարը բավականին հայտնի է Հայաստանում։ Նկարում երկու երիտասարդ հայ կանայք են, որոնք ինքնապաշտպանության ջոկատից են։ Լուսանկարը երկար տարիներ թափառում էր համացանցում։ Ոչ մի տեղ չէին հիշատակվում ոչ նկարահանման վայրը, ոչ ժամանակը, ոչ էլ լուսանկարի վրա պատկերված կանանց անունները։ 2013թ. Լոս Անջելեսում հայտնի ռոք երաժիշտ Դերեկ Շերինյանը հարցազրույցի ընթացքում իր արեւմտահայ բարեկամների մասին պատմելիս անսպասելիորեն թղթապանակից հանեց հենց այդ լուսանկարը եւ, ցույց տալով աջից կանգնած երիտասարդ կնոջը, ասաց. «Իմ հարազատ մեծ տատն է»։ 

 

Ստեղնաշարերի վարպետ Դերեկ Շերինյանը
Լուսանկարը՝ 100 LIVES-ի

Դերեկ Շերինյանը բավականին հայտնի մարդ է երաժշտական շրջանակներում։ Նա ստեղնաշարային գործիքներ է նվագում, գրում իր երգերի երաժշտությունն ու բառերը։ Մասնակցել է 40 ալբոմի ձայնագրությանը տարբեր խմբերի եւ կատարողների հետ, որոնց թվում քիչ չեն «ռոքի դինոզավրերը»։ Դերեկի վարպետությամբ հիացած լեգենդար Էլիս Կուպերը, ում հետ նա աշխատում էր նրա «Թրեշ» (Trash) բազմապլանային ալբոմի վրա, նրան «ստեղնաշարային գործիքների Կալիգուլա» էր անվանում։ «Kiss»-ի հիմնադիր Ջին Սիմոնսն ասում էր, որ Դերեկն «ամենատաղանդավորն է հայերից» իր քաղաքացիական կնոջից՝ Շերից հետո։ «Kiss» կուլտային խմբի հետ Դերեկն անցել է մի համաշխարհային շրջագայություն` «Revenge» ալբոմի շնորհանդեսի շրջանակներում: «Dream Theater» պրոգրեսիվ մետալ խմբի կազմում Շերինյանը նվագել է չորս տարի: Այնուհետեւ հիմնել է «PlanetX»-ը: 2010թ. ստեղծված «Black Country Communion» հարդ ռոք խմբի հիմնադիրներից մեկն է, որի մասնակիցներն են «Deep Purple»-ի լեգենդար կիթառահար Գլեն Հյուզը  եւ «Led Zeppelin»-ի հարվածային գործիքներ նվագող Ջոն Բոնեմի որդին` Ջեյսոն Բոնեմը : Դերեկի հետ նվագելը պատիվ են համարել այնպիսի վարպետներ, ինչպիսիք են՝ Բիլլի Այդոլը, Սլեշը, Ինգվի Մալմստինը:

Հոր կողմից հայ եւ մոր կողմից հույն Դերեկը համեմատաբար վերջերս է սկսել հետաքրքրվել իր արմատներով: Հորից իմացել է, որ նախնիներն ապրել են Արեւմտյան Հայաստանում` Արաբկիրում: Այնտեղ է ծնվել հայտնի լուսանկարի վրա պատկերված նրա մեծ տատը` Եղիսաբեթ Յազիջյանը (օրիորդական ազգանունը՝ Սուլթանյան): Յազիջյանները շատ հարուստ ընտանիք էին: Նրանք մեծ հողատարածքներ ունեին: Եղիսաբեթի հայրը նաեւ զբաղվում էր ադամանդների արդյունահանմամբ եւ մշակմամբ, դրանք Հոլանդիա էր մատակարարում:

 

Կենտրոնում կանգնած է Եղիսաբեթը, 1900-ականներ, Ստամբուլ
Լուսանկարը՝ Յազիջյանների ընտանեկան արխիվից

Աբդուլ Համիդի դեռեւս առաջին ջարդերի ժամանակ իշխանություններն առաջարկել էին ավագ Յազիջյանին փոխել կրոնը: Այդ դեպքում խոստացել էին պահպանել նրա կյանքն ու կապիտալը, սակայն նա հրաժարվել է մահմեդական դառնալ: Եղիսաբեթի հորը կախել են: 1915թ. ապրիլին սկսված ջարդերի նոր ալիքն էլ ավելի սարսափելի էր: Երբ կոտորած իրականացնողները մտել են Յազիջյանների տուն եւ յաթաղանով մորթել քրոջը, Եղիսաբեթն ուշագնաց է եղել: Նրան մահացածի տեղ են դրել եւ չեն գլխատել: Այդպես նա հրաշքով փրկվել է: Ընտանիքի գրեթե բոլոր տղամարդկանց սպանել են: Եվ այդ ժամանակ Եղիսաբեթը վերցրել է հոր հրացանն ու գնացել գրանցվելու ինքնապաշտպանության ջոկատում: Այդ ժամանակ նրա դուստր Մարիամը` Դերեկի տատը, երկու տարեկան էր: Ընտանիքի ընկերն առաջարկել է աղջկան տեղափոխել Ամերիկա: Պայմանավորվել են հետեւյալ կերպ. երեխային կպահեն Բոստոնում մինչեւ պատերազմի ավարտը, երբ մայրը կվերադառնա նրա հետեւից: Սակայն ընկերը Մարիամին վաճառել է հարուստ անզավակ հայ ընտանիքի: Երեխան մեծանում էր՝ անտեղյակ լինելով, որ նրան դաստիարակող մարդիկ որդեգրող ծնողներ են: Փոքրիկին զգուշացրել էին, որ եթե ինչ-որ մեկը հայտնվի եւ ներկայանա որպես նրա մայր, դա սուտ է, որին չի կարելի հավատալ:

Ինքնապաշպանության ջոկատում Եղիսաբեթն ընդամենը մի քանի շաբաթ է պատերազմել: Շատ արագ պարզ է դարձել, որ հայրենի հողի վրա ապրելու իրավունքը պաշտպանելու փորձերն անիմաստ են, քանի որ հայերի ուժերը չափազանց համեստ էին: Այդ ժամանակ Եղիսաբեթն սկսել է շարժվել դեպի ծովը, որպեսզի նավով հասնի Ամերիկա` աղջկա մոտ: Նրան հաջողվել է ծովով հասնել Հունաստան, որտեղ էլ բնակություն է հաստատել: Մեծ դժվարությամբ աղջկա հետքերը գտնելով` երիտասարդ հայուհին շարժվել է դեպի օվկիանոսի մյուս կողմը: Բայց աղջիկը հրաժարվել է ճանաչել մորը: Բարեկեցիկ եւ սիրող ընտանիքում ապրող երեխան չէր ցանկանում հավատալ, որ իր իսկական մայրը փախստական է, որը ոչ կարգին տուն ունի, ոչ գոյատեւելու միջոց: Երեխայի հետ ազգակցական կապը հավաստող փաստաթուղթ Եղիսաբեթը, բնականաբար, չուներ: Օրենքը որդեգրած ծնողների կողմն էր: Ձեռնունայն Հունաստան վերադարձած դժբախտ կինը փորձել է կյանքը նորից սկսել: Ամուսնացել է, աշխատանք գտել: Սակայն այդ տարիների ընթացքում շարունակել է աղջկան նամակներ գրել, որոնց պատասխան չի ստացել: Նամակներից մեկի մեջ ներառել է մեզ հայտնի լուսանկարը:

 

Մարիամը՝ Դերեկ Շերինյանի տատիկը
Լուսանկարը՝ Յազիջյանների ընտանեկան արխիվից

Եղիսաբեթի դուստրը գիշերները լաց էր լինում՝ իսկական մոր լուսանկարները որդեգրող ծնողներից թաքուն ուսումնասիրելով։ Երբ նա փորձել է վերականգնել կապը մոր հետ` արդեն հասուն մարդ լինելով,  պարզվել է, որ դա անհնար է։ Եղիսաբեթ Յազիջյանը 1946թ-ին հայրենադարձվել էր Խորհրդային Հայաստան։ Նրա ամուսնուն, որ Եգիպտոսում Բրիտանական լրատվական գործակալության թղթակից էր աշխատում, մեղադրել էին լրտեսության մեջ եւ աքսորել Սիբիր։ Նրա ընտանիքում մի դժբախտությունը փոխարինվում էր մյուսով.Եղիսաբեթը մահացել է 1972թ. Երեւանում՝ այդպես էլ չտեսնելով ոչ աղջկան, ոչ հարազատ Արաբկիրը։ 

 

Ձախից աջ՝ արաբկիրցի Եղիսաբեթի ծոռներ Մարիան, Դերեկը եւ թոռնուհին՝ Մարինան
Լուսանկարը՝ Դերեկ Շերինյանի անձնական արխիվից

Երեւանում բնակվող Եղիսաբեթի զավակները գիտեին, որ օվկիանոսի մյուս կողմում քույր ունեն, սակայն կապ հաստատելու փորձեր չէին ձեռնարկում։ Որքան մեծ էր Եղիսաբեթի թոռան՝ Մարինա Յազիջյանի զարմանքը, երբ երկու տարի առաջ հեռուստատեսությամբ տեսավ, թե ինչպես է ամերիկացի ռոք երաժիշտը պատմում հայտնի լուսանկարի վրա պատկերված լեգենդար հայդուկ-կնոջ հետ իր ազգակցական կապի մասին։ Դա նշանակում էր, որ Յազիջյանների տոհմածառի ամերիկյան ճյուղը չէր չորացել։ Ֆեյսբուքն օգնեց կապի հաստատման հարցում։ Դերեկը երջանիկ էր իմանալ, որ Երեւանում ապրում է իր հոր զարմուհին։ Բարեկամների երկար սպասված հանդիպումը տեղի ունեցավ այս տարվա ապրիլի վերջին։ Դերեկ Շերինյանը Հայաստան էր ժամանել ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար, այլ նաեւ իր մեծ տատի գերեզման այցելելու եւ բարեկամների հետ ծանոթանալու նպատակով։ Չորրորդ սերնդի ամերիկացին իր մեջ իսկական հայ է արթնացրել:

«Վերջին այցս Երեւան ամենատպավորիչն էր,-պատմում է Դերեկը,-կապ հաստատվեց իմ բարեկամների հետ, որոնք ինձ ուղեկցեցին նախատատիս գերեզման. անպատմելի զգացողություններ էին: Ես չափազանց հպարտ եմ, որ հայ  եմ»:

Կյանքը շարունակվում է։ Երեւանում մեծանում է Եղիսաբեթ Յազիջյան կրտսերը (Մարինայի դուստրը), իսկ Լոս Անջելեսում արաբկիրյան հերոսուհու կոռը (Դերեկի որդին) գնում է հայկական դպրոց եւ սովորում է նախնիների լեզուն։ Նրանք` երբեմնի հայտնի գերդաստանի ժառանգները, շարունակում են սնուցել իրենց տոհմածառը: 

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:​