«Իմ առջեւ ձգվում է Տառապանքի մարմնացումը` անսահման, եզակի. քարե պսակի կենտրոնում հավերժական կրակն անմահացնում է այդ զարհուրելի ժամանակը: Դրա առջեւ միայնակ ու վշտաբեկ մի մարդ, սարսռալով զգացմունքների հորձանուտում, այցի է եկել իր ծնողներին: Սիրտս ճմլվելով՝ զսպում եմ ինձ, որպեսզի չհեկեկամ, ու զննում սարսափի Գողգոթայի այս խորհրդանշական պատկերը. այնժամ ես քայլում էի` սառնաշունչ մահվանը հպվելով, մանկական սիրտս դեռ անգիտակից` ողբերգության չափերի մասին». 67 տարեկանում նկարիչ Զարեհ Մութաֆյանը հայտնվեց Ցեղասպանության հուշահամալիրի առջեւ, որ նոր էր բացվել Երեւանի բարձունքում գտնվող Ծիծեռնակաբերդ բլրի վրա:
Նա ծնվել էր 1907թ. մարտի 15-ին Օսմանյան կայսրությունում՝ Ունյեում, Սամսունից 90 կմ հեռավորության վրա՝ Սեւ ծովի ափին: Ութ տարեկան էր, երբ իր ողջ ընտանիքը կոտորվեց: Փրկվելով, որովհետեւ կարծել էին, թե մահացած է՝ նա միանում է աքսորի մի քարավանի: Երբ հասնում են Մալաթիա, նրան աշխատանքի է վերցնում մի քուրդ թիթեղագործ: Պատերազմի ավարտին Սամսունում բացվում է ամերիկյան Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի որբանոց, որին էլ Զարեհը պարտական է իր փրկության համար, իսկ մի քանի տարի անց տեղափոխվում է Հունաստան՝ խուսափելու քեմալական վտանգից:
Մեծապես տարված լինելով արվեստով՝ դասական երաժշտության սիրահար երեխան պատրաստվում էր ջութակահարի կարիերայի, երբ 1923թ.-ին իտալական ավիացիան հարձակվեց Հունաստանի վրա եւ ռմբակոծեց Քորֆու կղզին: Սխալմամբ որպես թիրախ ընդունելով նախկին զորանոցի շենքում տեղակայված ամերիկյան որբանոցներից մեկը` բազմաթիվ զոհեր գրանցվեցին: Միացյալ նահագների հետ դիվանագիտական միջադեպից խուսափելու համար Իտալիայի բռնապետ Մուսոլինին առաջարկեց Իտալիայում հյուրընկալել եւ հոգալ մոտ հարյուր որբի ուսման ծախսերը, որոնք պետք է կրթվեին Մխիթարյան միաբանությունում: Այսպիսով, Զարեհին ուղարկեցին Միլան: Վենետիկյան մեծ վարպետների դպրոցում նա պլեւրիտի պատճառով ստիպված եղավ հրաժարվել ջութակից՝ տրվելով նկարչությանը: «Նկարչության մուսան արթնացրեց նրա մեջ իր իսկական կոչումը, վենետիկյան նրբերանգները ներթափանցեցին նրա հոգու մեջ»,- նրա միլանյան ցուցահանդեսի առիթով 1933թ. գրել է քննադատ Գուստավո Մակկին: Լինելով իտալական գեղանկարչության սիրահար՝ նա 1927-1931թթ. ուսանում է Միլանի Բրերա ակադեմիայում: Նկարիչ, նաեւ՝ նկարչության տաղանդավոր քննադատ Զարեհ Մութաֆյանի հոդվածները, որ լույս էին տեսնում սփյուռքի հայկական մամուլում, նրան վերազգային ճանաչում են բերում: Միայն 1980թ.-ին նրա մահից հետո է, որ նրա որդին` Կլոդ-Արմեն Մութաֆյանը, անցավ այդ ժառանգությունը տարածելու գործին` հետմահու հրատարակելով իր հոր հայերենով գրված գործերը:
Զարեհ Մութաֆյան
Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից
1942 թ. Կլամարում` Փարիզի մերձակայքում ծնված, կրթությամբ՝ մաթեմատիկոս, հասուն տարիքում հայ միջնադարյան պատմության մասնագետ դարձած Կլոդ Մութաֆյանի անունը սերտորեն կապված է Կիլիկյան Հայաստանի թագավորության հետ: Նրա մայրը` Հայկուհի Դամլամյանը, ծնվել էր Սամսունում 1911թ.-ին, Կեսարիայից սերող առեւտրականների ընտանիքում: 1915թ. նա կորցրել է իր հորն ու չորս հորեղբայրներին: Երջանիկ պատահականությամբ միայն երկուսն են ողջ մնացել, քանզի այդ պահին ոճրագործության վայրում չէին գտնվում:
«Նա ապրել է անասելի սարսափը, նախքան ապրելու համար պայքարելը նա պայքարել է վերապրելու համար եվ ապշեցուցիչ հաջողությամբ վերածնվել:
Նա որեւէ առիթ բաց չէր թողնում ասելու այն ամենն, ինչ պետք է ասեր իր երկու հորեղբայրներին եւ հատկապես մորը, որն անժամանակ հեռացավ կյանքից 1938թ.: Բոլոր այն դրվագներից, որ նա սիրում էր պատմել իր մոր մասին, կար մեկը, որը նրան առանձնակիորեն տպավորել էր:
Մահվան գիրկը տանող աքսորի ճանապարհին, երբ նա ընդամենը 4-5 տարեկան էր, աքսորի շարասյունն անցնում էր մի փոքրիկ թուրքական գյուղաքաղաքով, որի քաղաքապետի կինը պետք է ծննդաբերեր: Քանի որ մանկաբարձուհի չկար, հարցնում են՝ արդյոք կա նման մեկը տարագիրների մեջ, ու այդժամ տատիկս, որը կյանքում որեւէ ծննդաբերության չէր մասնակցել, հասկանում է, որ դա փրկվելու միակ հնարավորությունն է ու հայտարարում, թե դա իր մասնագիտությունն է: Ծննդաբերությունը լավ է անցնում, ավելին՝ տղա է ծնվում. այսպիսով, նրան աշխատանքի են ընդունում ու պահում գյուղում: Ընտանիքը փրկվա՛ծ էր»,- պատմում է Կլոդը: 1917թ.-ին վերադառնում են Սամսուն: Այդ ժամանակ Կլոդի մորական տատիկը շաբաթը մեկ անգամ ամերիկյան որբանոցի որբերին հրավիրում էր իրենց տանը ճաշելու: Այդտեղ է, որ իր ծնողները ծանոթանում են: Դեպի Ֆրանսիա տանող ճանապարհին Դամլամյան ընտանիքը կանգ է առնում Կոստանդնուպոլսում, որտեղ Հայկուհին հաճախում է հեղինակավոր Եսայան վարժարանը: Այնուհետեւ հայտնվում են Կլամարում, որտեղ ողջ մնացած հորեղբայրներից մեկն աշխատում էր որպես բժիշկ: Իր երկու ավագ քույրերի շնորհիվ, որոնք կարուձեւ էին անում, Կլոդի մայրը, ինչպես եւ իր եղբայրը, կարողանում են ուսում ստանալ: Հայկուհին 23 տարեկանում, կարողանում է ատամնաբույժի դիպլոմ ստանալ` հաղթահարելով բոլոր խոչընդոտները. նա աղջիկ էր մի ոլորտում, որն այն ժամանակ մեծապես տղամարդկանց էր վերապահված, օտարերկրացի էր, ու դեռեւս վատ էր տիրապետում լեզվին: «Ընդունեք պայքարը եւ կհաղթեք ճակատամարտում»,- գրել էր նա իր օրագրի էջերից մեկում՝ ամփոփելով իր գոյությունը:
Ընտանիքի նյութական միջոցները սահմանափակ էին, սակայն բժիշկ հորեղբոր շնորհիվ, որը վճարեց իր ուսման ծախսերը, Հայկուհին ատամնաբույժ-վիրաբույժի արտակարգ կարիերա ունեցավ՝ զբաղվելով այդ մասնագիտությամբ մինչեւ 78 տարեկանը: Նա կրկին հանդիպեց Սամսունի երիտասարդ որբին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում շրջագայության ժամանակ: Զարեհը եւ Հայկուհին ամուսնացան 1939թ.-ին եւ ունեցան երեք զավակ` Մարի-Մադլենը, Կլոդը եւ Սիլվին: «Եթե Ֆրանսիայի եւ Իտալիայի միջեւ պատերազմ ծագած չլիներ, ես իտալացի կլինեի»,- ժպտալով ասում է Կլոդը:
Օկուպացիայի տարիներին Զարեհը նկարչության մի արվեստանոց է վարձում Նավարեն փողոցի վրա՝ Փարիզի 9-րդ շրջանում, այն թաղամասում, որը ֆրանսիական մայրաքաղաքի հայ մտավորականությունն իր հավաքատեղին էր դարձրել: Օկուպացիայի տարիներին գործող հավաքների իրավունքի սահմանափակման պատճառով նրա ընդարձակ արվեստանոցը հաճախ ծառայում էր որպես ցեղասպանությունից մազապուրծ այդ մտավորականների մշակութային գործունեության համար անհրաժեշտ հանգրվան: Այդ օրերից ի վեր նա մշտապես մասնակից է եղել Փարիզի հայ կյանքին, որն այն ժամանակ բուռն վերելք էր ապրում:
Իր մանկությունից Կլոդը հիշում է գրողներ Արշակ Չոպանյանը, Շավարշ Նարդունին եւ այլոց, որոնց հանդիպում էր լե Դիամանտեր ռեստորանում, որի մշտական հաճախորդն էր նրա հայրը: 1962թ. Զարեհը շրջագայության է մեկնում Միացյալ Նահանգներ, որտեղ մի շարք ցուցահանդեսներ է ունենում ողջ երկրով մեկ` Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Խաղաղ օվկիանոս` Նյու-Յորք, Միլուոքի, Լոս Անջելես, Ֆրեզնո: Այնտեղ է, որ նամակ է ստանում իր կնոջից, որում վերջինս հայտնում է բաժանվելու իր որոշումը: Հուսահատ Զարեհը գրում է որդուն: Կլոդը Լոս Անջելես ուղեւորվող առաջին իսկ ինքնաթիռն է նստում: Թեեւ հայրը չափազանց ազդված էր, ի վերջո, վերադառնում է իր վրձիններին, իսկ այդ տարաբախտ իրադարձությունն իր գեղանկարչության մեջ խթանի ազդեցություն է ունենում. ասես ինքն իրեն գերազանցելով՝ նա իր նախկին կնոջը կրկին նվաճելու հույս էր փայփայում:
Հայ մտավորականների հավաքը՝ Զարեհ Մութաֆյանի աշխատասենյակում, Փարիզ, 1944թ
Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից
Բարձրագույն մանկավարժական դպրոցի շրջանավարտ, մասնագիտությամբ մաթեմատիկոս Կլոդը դասավանդել է այդ առարկան 42 տարի շարունակ:1968թ.-ին նա կրկին հայտնվում է Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին, այս անգամ Փրինսթոնի ուսանողական թոհուբոհում: «Վիետնամի պատերազմի տարիներն էին, ես անզիջում անարխիստ էի»,-նշում է Կլոդը: Իրոք, նա ոչ միայն իր անթաքույց թշնամանքն է ցուցադրում «յանկիների իմպերիալիզմի» հանդեպ, այլ նաեւ չի հանդուրժում կյանքը համալսարանական համալիրում, «որտեղ ամեն փողոցի անկյունում մի հանճարի ես հանդիպում»: Երիտասարդ դասախոսը մասնակցում է ուսանողական ռադիկալ «Students for a democratic society» (Ուսանողները` հանուն ժողովրդավարական հասարակության) շարժմանը, համակրում աֆրոամերիկյան հեղափոխական «Black Panthers» շարժմանը, կլանված կարդում Ֆրանց Ֆանոնի եւ Ժան Ժընեի տեքստերը, ոգեշնչվում Մարտին Լյութեր Քինգով, պարզապես սիրահարվում Չե Գեւարային: «Երբ հրաժարականս տվեցի Փրինսթոնում, չէի մտածում վերադառնալ Ֆրանսիա, որը Միացյալ Նահանգների դաշնակիցն էր, ուստի մեկնեցի Կուբա մաթեմատիկա դասավանդելու»,-հիշում է Կլոդը: Ինքնաթիռում, որը նրան 1969թ.-ին տանում է Հավանա, ծանոթանում է Մարի Դյուֆլոյի հետ` նույնպես մաթեմատիկոս, բարձրագույն մանկավարժական դպրոցի շրջանավարտ եւ ձախակողմյան, ինչպես եւ ինքը: Զույգը ամուսնանում է միայն 27 տարի անց, քանի որ Կլոդը, որն արդեն ամուսնացած էր եղել՝ ընդամենը մեկ շաբաթով, մեծագույն հակակրանք էր տածում այդ «բուրժուական հաստատության» հանդեպ: Այս հեղափոխական Կուբայում է, որ նա շարադրում է իր մաթեմատիկայի առաջին դասագրքերը իսպաներենով, որոնց շնորհիվ նրա մոտ գրքեր գրելու սեր է առաջանում:
Կարելի էր կարծել, որ այդ ժամանակաշրջանում Հայաստանը չափազանց հեռու էր: Սակայն 1975թ. Փարիզում նա ծանոթանում է հայ երիտասարդ մաթեմատիկոս Ռուբեն Համբարձումյանի` մեծ ակադեմիկոս Վիկտորի որդու հետ: Հինգ տարի անց վերջինս հրավիրում է նրան չորս ամսով հայերենով դասախոսելու Երեւանի պետական համալսարանում: Կլոդը բազում կապեր է հաստատում տեղում եւ այդ ժամանակվանից ի վեր պարբերաբար վերադառնում Հայաստան: 1988թ. երկրաշարժի ժամանակ նա նույնիսկ առաջին դիրքերում էր մարդասիրական օգնության ցուցաբերման գործում, ինչպես նաեւ՝ որպես կապող օղակ ֆրանսիական մտավորական շրջանակի համար:
1980թ.-ին, երբ Կլոդը Հայաստանում էր, մահանում է նրա հայրը. «Հայրս երեք տարի դրանից առաջ կաթված էր ունեցել եւ ցանկացել մորս տեսնել»: Կլոդը մինչ օրս անդադրում աշխատում է հորը հարգանքի տուրք մատուցելու համար՝ կազմակերպելով բազում հետմահու ցուցահանդեսներ Ֆրանսիայում եւ արտասահմանում: Թեեւ մաթեմատիկան նրա առաջին մասնագիտացումն էր, Կլոդը միշտ նաեւ առաջինն էր հունարենից, առաջինն էր լատիներենից: Անտիկ աշխարհի առասպելներով ու լեգենդներով, ինչպես նաեւ միջնադարյան պատմությամբ տարված՝ Կլոդը, կարելի է ասել, պատահականությամբ է 1977թ.-ին մեկնում Անատոլիա. իր կնոջ` Մարիի առաջարկով: Ու նա սիրահարվում է առաջին հայացքից. սրան հետեւում են Մերձավոր Արեւելքը, Հալեպը, Դամասկոսը, Բեյրութը, Երուսաղեմը, Կիպրոսը: Այդ ճանապարհորդությունների ընթացքում է, որ նա գիտակցում է իր հոր համբավը. «Բավական էր ասեի, որ Զարեհ Մութաֆյանի որդին եմ, եւ բոլոր դռները բացվում էին իմ առջեւ»: Բազում լեզուներով թարգմանված պատկառելի ակադեմիական աշխատանքների հեղինակ Կլոդ-Արմեն Մութաֆյանը հյուրերին ընդունում է միշտ իր առասպելական դարձած գրադարանում` Սեն Ժակ փողոցի վրա` գրական Փարիզի սրտում: 2011թ. իր մորը կորցրած մարդու վճիտ աչքերում դեռ կարելի է տեսնել մանկության մի պատառիկ, որ նա պահել է մինչ այսօր: Մանուկ, որը գիտակցում է, թե ինչ բախտի է արժանացել նման ծնողներ ունենալով:
*Գլխավոր նկարում՝ Կլոդ-Արմեն Մութաֆյանը
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: