logo
ՓԱԿԵԼMenu
Սեդա Գալոյան. Վատ ժողովուրդներ չեն լինում

Սեդա Գալոյան. Վատ ժողովուրդներ չեն լինում

«Վերջ, հայ երեխաներն այլեւս չեն մահանա։ Կանաչին ծի՜լ է տվել», – այդպես էին ասում մանկատան դաստիարակները, երբ Թուրքիայում գարուն էր բացվում՝ ակնարկելով հայկական խոհանոցի՝ բոլոր կերակուրները կանաչիի մեծ քանակությամբ համեմելու առանձնահատկությունը: Այս հեգնանքի շնորհիվ այդքան էլ սարսափելի չէր նայել այն ամենին, ինչ տեղի էր ունենում շուրջբոլորը։ 1915-ին սովը խոտը վերածեց առօրյա ճաշի որբանոցի սաների համար, որոնց թվում էր նաեւ Սեդա Գալոյանի պապիկը։
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ուսուցչուհի, Մոսկվայի թիվ 2042 արեւելյան լեզուների խորացված ուսուցմամբ հանրակրթական միջնակարգ դպրոցի տնօրեն Սեդա Գալոյանը պատմում է իր ընտանիքի պատմությունը իր գրասենյակում մեծ կաշվե բազկաթոռին նստած։ Պատուհանից բացվում է բակի տեսարանը, որտեղ երեխաներն են զվարճանում։ Երբեմն մեղմիկ քամու հետ սենյակ են հասնում զրույցների պատառիկներն ու ծիծաղ է զրնգում։
 
«Պապուս անունն Արամ Եղիազարյան էր։ Նրա հայրը՝ իմ նախապապ Եղիազարը, չորս զավակ ուներ։ Իր երկու դստրերին նա կորցրեց կոտորածի ժամանակ, իսկ մինուճար որդուն ու փոքր դստերը կարողացավ դուրս բերել Վանից։ Ինքը՝ նախապապս, ճանապարհին մահացավ։ Պապս ու իր քույրը՝ Ալմաստը, միայնակ մնացին։ Նրանք սովամահ էին լինում, լեռներում էին թաքնվում, մինչեւ նրանց գտան»,-պատմում է տիկին Գալոյանը: 
 

Վան քաղաքի տեսարան
Լուսանկարը տրամադրել է Հայաստանի ազգային արխիվը

Տառապած դեռահասը պատմում էր իրեն փրկողներին, թե ինչպես է փոքր քրոջն իր ձեռքերին պահելով անցկացրել պատերազմի սարսափների միջով: Նա նաեւ շատ էր պատմում իր հոր՝ Եղիազար Եղիազարյանի մասին։ Նա ազնվական էր, հայտնի ուսուցիչ։ Ուներ իր սեփական դպրոցը, որտեղ ուսումնառություն էին ստանում աղքատ հայ ընտանիքների երեխաները: Յուրաքանչյուրը լավ կրթություն ստանալու հնարավորություն ուներ:
 
Տիկին Սեդան հանում է ակնոցն ու դառնում դեպի պատուհան: «Սա ընտանեկան է։ Իմ բոլոր նախնիներն ուսուցիչներ են։ Ես արդեն 50 տարի է, ինչ դասավանդում եմ երեխաներին։ Ո՞վ կմտածեր՝ 50 տարի... », - նա չի պարծենում, կարծես խորհում է՝ արդյոք դա շատ է, թե՝ քիչ։ Իր մանկավարժական կարիերան Սեդա Գալոյանն սկսել է Երեւանում, ֆիզիկայի ուսուցչուհու պաշտոնից։ Այսօր նա հարյուր ամենահայտնի մոսկվաբնակ կանանց շարքում է եւ գլխավորում է արեւելյան լեզուների խորացված ուսուցմամբ թիվ 2042 դպրոցը: Դպրոցի նախատիպն արեւելյան լեզուների Լազարյան ճեմարանն (Մոսկվա) է, որը հետագայում ինստիտուտի կարգավիճակ ստացավ։ Մինչեւ XX-րդ դարի սկիզբն այս հաստատությունը տեղակայված էր Հայկական նրբանցքում, այնտեղ, ուր այժմ Հայաստանի դեսպանությունն է։ Այն ժամանակ սաների մեծամասնությունն Ռուսաստանում բնակվող հայկական ընտանիքների երեխաներ էին:  
 
«Մեր դպրոցում մենք նույնպես շեշտը դնում ենք արեւելյան լեզուների ուսուցման վրա։ Այստեղ դասավանդում են հայերեն, պարսկերեն եւ արաբերեն։ Սրանք նույնքան պարտադիր առարկաներ են, որքան ռուսերենն ու անգլերենը։ Շատ եմ ուզում, որ այս դպրոցը դառնա մի այնպիսի վայր, որտեղ ցանկացած մարդ կարողանա բերել իր զավակներին ու միեւնույն ժամանակ վստահ լինել, որ նրանք կպահպանեն իրենց ազգային-մշակութային ինքնությունը», – ասում է Սեդա Գալոյանը։ 
 
Երեխաններն իրենց այստեղ զգում են, ինչպես տանը։ Նրանք անգամ արձակուրդին հաճախ դպրոց են այցելում. մեկը՝ նկարելու, մյուսը՝ պարերով զբաղվելու։ «Շատ հետաքրքիր է հետեւել, թե ի՜նչ արհեստավարժությամբ են ռուս երեխաները հայկական պարեր կատարում։ Սա ուղղակի ցնցող է։ Եթե տեսնեիք, թե ինչպիսի՜ տեսք ունեին մեր սեւահեր հայ երեխաները Բարեկենդանի տոնին թեքօձիք վերնաշապիկներով», – հրճվում է Սեդան գրեթե մանկան պես։ Երեխաներով շրջապատված կյանքը թույլ չի տալիս այս կնոջը ծերանալ։ 
 
Այստեղ 38 ազգի երեխաներ են սովորում։ Ուսումնական տարվա վերջում դպրոցի դռներից գոռում-գոչյուններով ու ծիծաղով դուրս է վազում ռուս, հայ, սիրիացի, պակիստանցի, կոլումբացի, դաղստանցի ու վրացի երեխաների ամբոխը։ Իսկ անցյալ շաբաթ այստեղ հայտնվել է մի նորեկ՝ աֆրիկացի Ջուդիթ աղջնակը։ 
 

ԳԻՏԵ՞Ք՝ ԻՆՉ ԵՄ ՀԱՍԿԱՑԵԼ. ՄԵԶ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՑԱՎ ՈՒ ԿՍԿԻԾ ԿՈՒՏԱԿԵԼ:

«Մի քանի տարի առաջ դեպք տեղի ունեցավ, որն ամբողջ կյանքիս համար հիշարժան դարձավ։ Այն ժամանակ ես Մոսկվայում հայկական դպրոցի տնօրեն էի, իսկ մեզանից ոչ հեռու թուրքական դպրոց կար։ Մենք լավ հարաբերություններ ունեինք, միասին էինք անցկացնում օլիմպիադաները, կազմակերպում տոները։ Մի անգամ նրանք մեզ հրավիրեցին Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգին ելույթ ունենալու: Թուրքերն այդ օրն ապրիլի 23-ին են նշում։ Ես ինձ վատ զգացի. շատ բարդ իրավիճակ էր։ Ու գնացի մեր եկեղեցի։ Դիմեցի տեր Եզրասին խորհուրդ ստանալու համար, նա ասաց. «Մենք պետք է ջանանք բարիդրացիական հարաբերություններ հաստատել, այնպես որ պարեք։ Դրանում ոչ մի վատ բան չկա»: Ու գիտե՞ք, ելույթ ունեցանք այդ միջոցառմանը, որը մեր ողբերգական ամսաթվի նախօրեին էր՝ կատարելով «Բերդ» պարը, ինչը նաեւ ամրոց է նշանակում։ Ներկա էր նաեւ Թուրքիայի դեսպանը։ Ելույթից հետո նա մոտեցավ ու ծնկի իջավ իմ առջեւ։ Բոլոր ներկաները հոտնկայս ծափահարում էին»: Սեդա Գալոյանը մի պահ լռում է, կարծես ուժերը հավաքելով՝ շարունակում միտքը. «Եթե միայն ցավով ապրել, ոչ մի լավ բան չի լինի։ Պետք է դեպի առաջ նայել»: 
 
Այս դեպքից հետո տիկին Գալոյանին Ստամբուլ են հրավիրում, որտեղ նա հին հայկական դպրոց է այցելում. «Ես քայլում էի մարմարե հատակով ու մտածում նախնիներիս մասին, ովքեր ավելի քան հարյուր տարի առաջ նույնպես ճեմել են այս սառը սալաքարերի վրա, – հիշում է նա,- դպրոցի առաջ մի վիթխարի թթենի էր աճում, որի տակ մեծահասակ հայերը նստած նարդի էին խաղում։ Պատմում եմ, իսկ կոկորդումս արցունքս եմ զսպում։ Այդ ամենը շատ խորը ցնցում էր»: 
 
Նա մանկուց չի հանդուրժում խժդժություններ, կոնֆլիկտներ, անգամ հասարակ վեճեր. վախն արյան մեջ է։ Դպրոցում սովորում են եւ՛ կաթոլիկներ, եւ՛ բողոքականներ, եւ՛ մահմեդական շիաներ, սուննիներ, եւ՛ նույնիսկ՝ զրադաշտականներ։ Նա ջանացել է, որ այդ փոքրիկ աշխարհում ջնջված լինեն մարդկանց բաժանող բոլոր սահմանները։ «Ինչը ես վստահաբար կարող եմ պնդել, այն է, որ թե՛ երեխաներս, թե՛ աշակերտներս, ինչ էլ որ լինի, երբեք միմյանց դեմ զենք չեն բարձրացնի», – ասում է Սեդա Գալոյանը։
 
«Մայրս նույնպես ուսուցչուհի է։ Ռուսաց լեզու էր դասավանդում։ Տատիկս էլ էր ուսուցչուհի։ Քեռիս էլ։ Դուստրս էլ, որդիս էլ։ Հավանաբար, մեր արյունն է այդպիսին. սիրում ենք սովորեցնել», – ծիծաղում է Սեդա Գալոյանը։ Ու ակամայից հիշում է. «Չպատմեցի ձեզ, թե տատի՜կս ով էր։  Արամ պապս եւ նրա քույրն այդ բոլոր իրադարձություններից հետո տեղափոխվեցին Կիսլովոդսկ։ Այնտեղ պապս հանդիպեց իր սիրուն՝ Մարինա Ելիսեեւային։ Այնպես որ տատիկս ռուս է, այո՜։ Նրանք սիրահարվեցին իրար ու ամուսնացան տակավին երիտասարդ»: 
 
Կիսլովոդսկում ծնվեցին նրանց որդիներ՝ Հակոբը, Հայկը, Ռաֆայելը եւ դուստր՝ Համեստը՝ Սեդա Գալոյանի մայրը։ Պապիկը շարունակեց իր ընտանիքի գործը. կնոջ հետ միասին Օսմանյան կայսրությունից փախուստի դիմած հայ երեխաներին սովորեցնում էին մայրենի լեզու, գրականություն, պատմություն եւ մաթեմատիկա։ Թվում էր՝ սա էլ երջանիկ ավարտը կլինի, սակայն ճակատագիրն այլ կերպ հրամայեց։ Արամ պապին գնդակահարեցին 1933 թ.-ին, իսկ ընտանիքին հետապնդեցին ու աքսորեցին Սիբիր։ «Նախնիներս չափազանց աշխատասեր են եղել։ Գումար վաստակեցին եւ կառուցեցին շրջակայքի ամենամեծ ու ամենագեղեցիկ տունը։ Իհարկե, շատերն էին նրանց նախանձում։ Այս ամենից զատ, տատս էլ ազնվական տոհմից էր…»:
 
Սեդա Գալոյանի մայրը հրաշքով է փրկվել ռեպրեսիաներից ու տեղափոխվել Երեւան, որտեղ էլ առ այսօր բնակվում է։ Տատիկն ու նրա երեք որդիները վերականգնվեցին ու Հայաստան եկան։ Ուրախությունը երկար չտեւեց. վրա հասավ Երկրորդ համաշխարհային պատերազմը, ուր երկու մեծ որդիներն անհայտ կորան։ Կրտսեր որդին՝ Ռաֆայելը, ավարտեց մանկավարժական ԲՈՒՀ-ը ու շարունակեց ընտանեկան ավանդույթը, դառնալով ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ։
Համեստ Եղիազարյանի կյանքը բարեհաջող դասավորվեց։ Նա ամուսնացավ «Ինտուրիստ» հայտնի տուրիստական գործակալության տնօրեն Վահան Գալոյանի հետ, նրանք երկու դուստր ունեցան, որոնցից մեկն էլ մեզ պատմեց իր ընտանիքի պատմությունը։
 
«Ժողովրդի ուժն իր նախնիների, հայրենի հողի մասին հիշողությունը պահպանելու մեջ է, - կարծում է Սեդա Գալոյանը,-մեր երկիրն է այդպիսին, մեր սարերն են այդպիսին։ Մի օր Երեւանից դուրս էի ճամփորդում, կանգ առանք լեռներում, ու մի հսկա քար տեսա։ Քարից մանր պտուղների մեջ շաղախված ծիրանի ծառ էր աճում։ Զարմացա՝ քարից ծիրա՜ն է աճում։ Ինչպե՞ս սա կարող է պատահել։ Եվ հենց սա է մեր ժողովուրդը։ Մենք քարերի վրա ամեն բան աճեցնում ենք։ Մեր սարերը, մեր քարերը մենք ենք»:  
 

ԵՐԲԵՄՆ ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԼԻՆՈՒՄ, ԲԱՅՑ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԴԻՄԱՆԱԼ. ՄԵՆՔ ՔԱՐԻՑ ԵՆՔ։

Հրաժեշտ տալուց նա ժպտում է։ Հանկարծ դռան մոտ կանգ է առնում. «Ուզում եմ ամենակարեւորն ասել։ Երբ երեխաներս դպրոցն ավարտում են, ես միշտ մի բան եմ ասում, հատկապես՝ հայ երեխաներին. ձեր ժողովրդին արժանի՛ եղեք։ Սա շատ կարեւոր է։ Վատ ժողովուրդներ չկան։ Կան մարդիկ, ովքեր սխալվում են։ Ու կան այնպիսիք, ովքեր արժանի են իրենց ժողովրդին»: 
 
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: