«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունն ԱՄՆ Սենատի թիվ 150-Ա բանաձեւի ընդունման վերաբերյալ, որով Սենատն արտահայտում է իր քաղաքական դիրքորոշումը․ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչում է եւ դատապարտում Հայոց ցեղասպանությունը:
Մեծ գոհունակությամբ տեղեկացանք, որ ԱՄՆ Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների եւ աջակիցների անունից մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ Սենատին՝ թիվ 150 բանաձեւն ընդունելու համար, որը մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն անմեղ հայերի ոչնչացումը ճանաչում է եւ կոչում իր ճշգրիտ անունով՝ Ցեղասպանություն:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ հիմնադրված Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է զորացնելու մերօրյա հերոսներին, որոնք աշխարհի բոլոր ծայրերում կյանք ու հույս են տալիս նրանց, ովքեր մարդասիրական օգնության խիստ կարիքի մեջ են։ Այժմ՝ իր ստեղծման հինգերորդ տարում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «Երախտագիտությունն՝ ի գործ» համաշխարհային շարժման միջոցով աջակցում է աղքատության մեջ գտնվող եւ պատերազմներից տուժած 15 երկրների ավելի քան 850.000 մարդու։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության նահատակներին՝ աջակցելով մերօրյա հերոսներին, որոնք օգնության ձեռք են մեկնում դժվարին պայմաններում գտնվող մարդկանց։