Սոֆի Բոն «SOS MEDITERRANEE» (SOS Միջերկրական) եվրոպական ծովափրկարարական ընկերության համահիմնադիր է: Նա ֆրանսիական ասոցիացիայի գլխավոր տնօրենն է եւ «SOS MEDITERRANEE» եվրոպական ցանցի փոխնախագահը:
Մարդաբանության մագիստրոս եւ քաղաքագիտության ասպիրանտուրան ավարտած Սոֆի Բոն վերջին քսան տարում ղեկավարել է սոցիալական ու մարդասիրական ծրագրեր: Մասնավորապես, նա ծրագրի ղեկավար է աշխատել «Բժիշկներ առանց սահմանների» եւ «Աշխարհի բժիշկներ» կազմակերպություններում՝ գործունեություն ծավալելով Աֆրիկայի, Միջին Արեւելքի եւ Կովկասի ճգնաժամային բազմաթիվ գոտիներում, ինչպես նաեւ այդ կազմակերպությունների Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Միացյալ Նահանգների գլխամասային գրասենյակներում:
Նա նաեւ ղեկավարել է սոցիալ-բժշկական թիմեր: Սոցիալական վերաինտեգրման ընկերությունների ազգային ֆեդերացիայի շրջանակում ուղեկցել է Ֆրանսիայում բացառման դեմ պայքարի մասնակիցներին (ընկերություններ, տեղական ազդեցիկ դեմքեր եւ հիմնադրամներ)՝ հանդես գալով նաեւ որպես խորհրդատու:
2015 թ. առեւտրային նավատորմի կապիտան գերմանացի Կլաուս Ֆոգելի հետ հիմնադրել է «SOS MEDITERRANEE» ընկերությունը եւ ներկայումս ֆրանսիական ընկերության գլխավոր տնօրենն է եւ եվրոպական ցանցի փոխնախագահը. Վերջինս ներառում է չորս ընկերություն (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա): Ֆրանսիական ընկերությունը, որը տեղակայված է Մարսելում, ներկայումս ունի ավելի քան երեսուն աշխատող, 17 մասնաճյուղ եւ 600 կամավոր ամբողջ Ֆրանսիայում: