Սողոմոն Թեհլիրյան՝ հայ վրիժառու, որ սպանեց Հայոց ցեղասպանության գլխավոր

Սողոմոն Թեհլիրյան՝ հայ վրիժառու, որ սպանեց Հայոց ցեղասպանության գլխավոր

«Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»։

 

Նրա մասին

Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում սպանել է Հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետին՝ Մեհմեդ Թալեաթ փաշային, ինչից հետո ձերբակալվել է, կանգնել գերմանական դատարանի առաջ եւ անմեղ ճանաչվելով՝ ազատ արձակվել։  

Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է Արեւմտյան Հայաստանի Ներքին Բագառիճ գյուղում։ Կյանքի մի քանի տարին անցկացնելով արտասահմանում՝ վերադարձել է հայրենիք՝ կռվելու Կովկասի հայկական կամավորական գումարտակներում։ Այդ ժամանակ իր ընտանիքի շատ անդամներ արդեն տեղահանվել ու սպանվել էին։ Սպանություններից մի քանիսին Թեհլիրյանն անձամբ է ականատես եղել։ Ըստ նրա հուշերի՝ իր ընտանիքից Եղեռնին զոհ է գնացել 85 հոգի։ 

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հայոց ցեղասպանության կազմակերպիչները, այդ թվում՝ Թալեաթը, զինվորական ատյանի կողմից դատվեցին, մեղավոր ճանաչվեցին եւ մահվան դատապարտվեցին, սակայն շատերը՝ միայն հեռակա կարգով, քանի որ այդ ժամանակ արդեն ցրվել էին աշխարհի տարբեր երկրներով։ Ուստի դատարանի վճիռն այդպես էլ մնաց չիրագործված։ Համոզված, որ Ցեղասպանության զոհերի վրեժը պետք է լուծել՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը կազմակերպեց «Նեմեսիս գործողությունը», որի անմիջական ղեկավար նշանակվեց Շահան Նաթալին։ Սողոմոն Թեհլիրյանին հանձնարարվեց մահապատժի ենթարկել Բեռլինում հանգրվանած Թալեաթ փաշային, ինչը նա իրագործեց 1921 թվականի մարտի 15-ին։ 

Անմիջապես ձերբակալվելով՝ Թեհլիրյանը կանգնեց դատարանի առաջ։ Մի քանի ամիս տեւած դատավարության ավարտին երդվյալ ատենակալների դատարանը մեկ ժամ տեւած խորհրդակցությունից հետո Թեհլիրյանին անմեղ ճանաչեց։ 

Սողոմոն Թեհլիրյանը տեղափոխվեց Սերբիա, ապա Միացյալ Նահանգներ, որտեղ էլ հետագայում կնքեց իր մահկանացուն։ Նրա աճյունն ամփոփված է Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքի հայկական գերեզմանատանը, իսկ նրա շիրիմին կանգնեցված է մեծ հուշակոթող, որի վերեւում պատկերված է օձին ճանկած արծիվ։

 

Հետաքրքիր փաստ 

«Ցեղասպանություն» եզրը շրջանառության մեջ դրած լեհաստանցի հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, հետեւելով Թեհլիրյանի դատավարությանը եւ ոգեշնչված արդարացման վճռից, հարց է հնչեցրել. «Ինչո՞ւ է մարդը պատժվում մեկ ուրիշ մարդու սպանելու համար։ Ինչո՞ւ է միլիոնավոր մարդկանց սպանությունը համարվում մեկ անհատի սպանությունից պակաս հանցագործություն»։

 

Ավելին

Soghomon Tehlirian - Hairenik

The Trial of Soghomon Tehlirian (full transcript)