«Ավրորա» համայնքի անդամ քույր Փրիսցիլա Դլամինին մասնագիտությամբ բուժքույր է եւ «Սուրբ խաչ» ՁԻԱՀ-ի հոսպիսի հիմնադիրը. կազմակերպություն, որը բուժօգնություն, սոցիալ-հոգեբանական աջակցություն եւ ՄԻԱՎ կանխարգելման վերաբերյալ կրթություն է տրամադրում Հարավային Աֆրիկայի ամենաաղքատ շրջաններում բնակվող մարդկանց: Մենք նրա հետ զրուցել ենք իր անցած արտասովոր ճանապարհի մասին՝ միանձնուհուց մինչեւ համապարփակ աջակցության ցանցի հիմնադիր:
– Ամեն օր բախտ չի վիճակվում հանդիպել մեկին, որն այդքան շատ մարդու է օգնել: Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել, թե ինչպես սկսվեց այս ամենը:
10 տարի ես իմ գլխում ունեցել եմ այդ պատկերը, բայց, իհարկե, լինելով մենաստանի միանձնուհի, ինձ չէր թույլատրվում որեւէ բան սկսել: Ես անընդհատ տեսնում էի, որ մեծ քաղաքներից տուն վերադարձող մարդիկ արդեն վարակված էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով: Նահանգը՝ Քվազուլու Նաթալը, որտեղ ես ապրում եմ, հայտնի էր որպես «ՁԻԱՀ-ի գոտի»: Գլխիս մեջ չէր տեղավորվում, որ այս մարդկանց մերժում էին հիվանդանոցներում, ինչպես նաեւ ընտանիքներում: Մերժվելուց հետո նրանք գնում էին շաքարեղեգի դաշտեր, այնտեղ մենության մեջ մահանալու: Իմ տեսլականն այն էր, որ պետք է ստեղծել տուն այս մարդկանց համար, որտեղ նրանք կմահանային խաղաղության մեջ, իրենց մահկանացուն կկնքեին արժանապատվորեն:
Ու ես սկսեցի կապ հաստատել ղեկավարների հետ ու հարցնել՝ արդյոք կարո՞ղ եմ այդպիսի մի բան սկսել, ու նրանք թույլ տվեցին ինձ: Ես դաշտից դաշտ էի անցնում՝ փնտրելով մարդկանց, որոնք այնտեղ մահանում էին մենակ՝ աշխարհից կտրված: Այդ ժամանակ եպիսկոպոսը շատ լավ հասկանում էր սոցիալական զարգացումից, ուստի նա տանում էր ինձ շրջելու եւ այս առաքելությունն սկսելու համար տեղ փնտրելու: Մենք գտանք մի հին, խարխուլ շենք, որը նախկինում ախոռ էր եղել: Եպիսկոպոսը չէր ցանկանում ինձ տրամադրել այդ տեղը, քանի որ այն իսկապես շատ վատ վիճակում էր: Բայց, ի վերջո, համաձայնվեց, եւ շատ աշխատանքից հետո մենք կարողացանք ընդունել մեր առաջին հիվանդներին՝ ՁԻԱՀ-ով մարդկանց, ինչպես նաեւ քրոնիկ եւ անբուժելի հիվանդություն ունեցողներին, ինչպիսին քաղցկեղով հիվանդներն են:
– Կհիշե՞ք աշխատանքը Ձեր առաջին հիվանդների հետ: Ինչպիսի՞ն էր զգացողությունը:
Մեր առաջին հիվանդը, որին ընդունեցինք, մայր էր 5-ամյա դստեր հետ: Աղջիկը խնամում էր մորը շաքարեղեգի պլանտացիայում: Նա տնից տուն էր անցնում, կերակուր խնդրում, որպեսզի կիսեր իր մահացող մոր հետ: Համայնքի մարդիկ ասացին մեզ նրա մասին, մենք գնացինք ու փրկեցինք նրան: Դժվար էր: Այնտեղ մի կտրուկ զառիթափ կար, ու մենք ստիպված էին նրան իր մահճակալի վրա տեղափոխել: Կանայք, որ ինձ էին միացել հոսպիսում, պետք է օգնեին այդ կնոջը հասցնելու այնտեղ, որտեղ հաստատությունն էր: Նա մեզ հետ ապրեց մեկ տարի:
– Եվ ինչպե՞ս անբուժելի հիվանդներին խնամելուց բացի անցաք համայնքի այլ կարիքների բավարարմանը:
Մարդիկ, որոնք մահանում են, պետք է հրաժեշտ տան: Անգրագիտության եւ գործազրկության բարձր մակարդակի պատճառով նրանք երբեք կտակ չեն գրում: Նրանք պարզապես ասում են, թե որոնք են իրենց ցանկությունները, ու մահացող մարդկանց մեծամասնությունն ինձ խնդրում էր հոգալ իրենց երեխաների մասին: Սկզբում ես ասացի՝ ոչ, չեմ կարող: Ես իսկապես գաղափար չունեի, թե ինչպես կարող էի անել դա: Բայց նրանք շարունակում էին խնդրել այդ մասին, եւ, ի վերջո, ես համաձայնվեցի: Այդպես սկսվեց մեկ այլ նախագիծ:
Նախ մենք մտածում էինք խնդրել մի կազմակերպության ընդունելու որբացած երեխաներին, բայց հետո նրանք ինձ ասացին, որ ուզում են տուն գնալ: Ես հասկացա, որ չնայած չքավորությանը՝ նրանք դեռ ուզում էին լինել միասին եւ իրենց համար ծանոթ միջավայրում։ Այդպիսով, մենք սկսեցինք տներ կառուցել ընտանիքների համար, որոնք, այսպես կոչված, գլխավորում էին երեխաները (խմբ.` ընտանիքներ, որոնք բաղկացած էին որբ երեխաներից, որտեղ չկային մեծահասակներ, որոնք կխնամեին նրանց) HomePlan անունով մի կազմակերպության հետ, որը 200 տուն տրամադրեց մեզ: Ես սկսեցի ամեն ամիս նրանց սնունդ տրամադրել եւ նրանց շահերը պաշտպանել դպրոցում, որպեսզի ազատված լինեին դպրոցական վճարներից՝ նրանց տրամադրելով համազգեստ եւ գրենական պիտույքներ:
Մեր մեկ այլ նախագիծ վերաբերում է ընտանիքի պլանավորմանը: Կառավարությունը պահպանակ եւ հակաբեղմնավորիչներ է բաժանում, բայց գյուղական բնակավայրերում մարդիկ չէին գնա դրա հետեւից: Եվ մենք սկսեցինք հանդիպումներ անցկացնել ընտանիքի պլանավորման մասին, որոնք իսկապես լավ էին անցնում՝ նաեւ սոցիալ-հոգեբանական աջակցությամբ:
Կա նաեւ երիտասարդական ծրագիր, որով ուսուցանվում է երաժշտություն, ֆուտբոլ, նեթբոլ: Այն օգնում է վերափոխելու ՁԻԱՀ-ով երեխաների վարքը: Կա նաեւ աջակցության ծրագիր խնամատարների համար: Մենք կառուցել ենք նաեւ մեծ մանկապարտեզ՝ նախատեսված 120 երեխայի համար, ու աջակցություն տրամադրել մի քանի այլ գյուղական բնակավայրերում: Այդ ծրագրերով մենք նաեւ կերակրել ենք երեխաներին, քանի որ նրանք բոլորն աղքատ են: Սա դեռ շարունակվում է ու կենսունակ է, թեեւ կորոնավիրուսի համավարակը բազմաթիվ խնդիրներ է առաջ բերել․ երեխաները մնում էին տանը, դպրոց չէին հաճախում:
– Ձեր կարծիքով՝ ի՞նչ ազդեցություն եք կարողացել ունենալ:
Կասեմ, որ որոշ դրական փոփոխություններ կան: Առաջինը՝ մարդիկ մերժված էին իրենց ընտանիքների կողմից եւ հիվանդանոցներում: Մենք շատ ջանք թափեցինք՝ հաղթահարելու այս կարծրատիպն ու խտրական վերաբերմունքը: Այժմ մարդիկ այլեւս խտրականություն չեն դրսեւորում այս հիվանդների նկատմամբ, ընտանիքները եւս ընդունում են նրանց: Ու նրանք հեշտությամբ են խոսում այդ մասին, ոչինչ չեն թաքցնում:
Երբ սկսեցի այս առաքելությունը, հիվանդներն իրենց ընտանիքի անդամներին չէին պատմում այդ մասին: Այնքան շատ տատիկներ կային, որոնք վարակվել էին, հիվանդացել ու մահացել: Մարդիկ չգիտեին իրենց ախտորոշման մասին, կանխարգելող միջոցներ չէին ձեռնարկում եւ հիվանդանում էին: Հպարտ եմ, որ հիմա ՄԻԱՎ-դրական մարդիկ այս հարցը ուղղակի քննարկում են իրենց ընտանիքներում, բացեիբաց խոսում այդ մասին: Առաջ մարդկանց սպանում էին ախտորոշումը բացահայտելու համար, բայց հիմա այդպիսի բան չկա: Ու քանի որ մենք տներ ենք կառուցում միայն երեխաներից բաղկացած ընտանիքների եւ որբերի համար, նրանք կարող են ոտքի կանգնելուց հետո ապագայում ավելի լավ ու հարմար տներ կառուցել իրենց համար՝ ոչ այդ պարզ հավաքվող կառույցների նման: Նրանք հպարտանում են իրենցով, ինչն օգնում է ինքնահաստատման հարցում:
Ընդհանուր առմամբ, համայնքում մարդիկ ինքնավստահություն են ձեռք բերում: Երբ մենք դեռ նոր էինք սկսում, մարդիկ չգիտեին իրենց իրավունքների մասին կամ թե ինչ են ուզում ունենալ: Իսկ երբ նախագիծ ես սկսում, անհրաժեշտ է, որ մարդիկ ասեն իրենց կարիքների մասին: Պետք է կարողանալ գնահատել նրանց կարիքները: Բայց երբ ես էի սկսում, նրանք չգիտեին, թե ինչ էին ուզում, եւ երջանիկ էին ցանկացած օժանդակության համար: Իսկ հիմա նրանք ասում են. «Մեր տարածքում ջուր չունենք, այս չունենք, այն չունենք»:
Հետո՝ կրթության հարցը: Երբ ես սկսում էի, անգրագիտության մակարդակը շատ բարձր էր: Մարդիկ իրենց երեխաներին ուսման տալու կարիք չէին տեսնում: Հիմա մենք տեսնում ենք, որ գյուղական շատ բնակավայրերում մանկապարտեզներ են բացվել, եւ երեխաներն իրենց կրթությունն սկսում են վաղ տարիքից՝ երեք կամ չորս տարեկանից:
– Որո՞նք են ամենաբարդ խնդիրները, որոնց բախվում եք:
Կան համայնքի որոշ անդամներ եւ եկեղեցու ներկայացուցիչներ, որոնք չեն ընդունում իմ արածը: Իմ եկեղեցում ես այնքան խնդիրներ ունեի քահանաների հետ, որոնք հարձակվում էին ինձ վրա: Նրանք չէին ցանկանում, որ ես անեմ այս ամենը: Նրանք կարծում էին, թե ես շատ փող ունեմ, եւ ուզում էին իրենք տիրանալ այդ փողին, որն իրականում ես չունեի: Նրանք չէին կարողանում հավատալ, որ իմ գործունեությունը հիմնված էր մարդկանց բարեգործության վրա: Դա իսկապես բարդ էր:
Պետք է ասեմ, որ այս 20 տարվա ընթացքում ես առաջընթաց եմ նկատում ընտանիքներում, տներում: Ընդհանուր առմամբ, հիմա սա այլ երկիր է, այլ համայնք: Մարդիկ արդեն գիտեն, թե ինչ են ուզում: Մարտահրավերները, որոնց բախվում էի, կարծես, վերածվեցին հնարավորության: Արդյունքում ես այնքան բանի հասա՝ անցնելով շատ դժվարությունների միջով: Նույնիսկ հիմա շատ դժվար է՝ հատկապես եկեղեցու հետ: Բայց առանց այդ մարտահրավերների չեմ կարծում, թե հաղորդակից կդառնայի աշխարհին: Ինձ չէին ճանաչի աշխարհում:
– Եվ ի՞նչ է Ձեզ համար նշանակում այս համաշխարհային ճանաչումն ու համաշխարհային մարդասիրական համայնքի մաս կազմելը:
Իմ խնդիրները պարզապես լոկալ չէին, դրանք զուտ ազգային խնդիրներ չէին, այլ՝ համաշխարհային: Դրանց կարելի էր հանդիպել ամենուրեք, ու այդպես ես դարձա հայտնի: Իրականում դա ինձ շատ-շատ ուրախացնում է: Իհարկե, երբ խնդիրն ինքնին առկա է, հաճելի չէ, բայց գիտես, որ այն լավ բանի համար է: Ի վերջո, ինչ-որ լավ բան է լինելու, որից դու կշահես:
Այսպիսով, ես ոգեշնչված եմ եւ շատ ուրախ, ուրախ եմ նաեւ այն մարդկանց համար, որոնց հետ աշխատում եմ, որովհետեւ նրանք եւս այնքան շատ ներդրում են ունենում՝ չնայած բոլոր այն խնդիրներին, որոնց միջով անցել են: Ես շատ ոգեշնչված եմ, հպարտ եւ այնքան ոգեւորված, որ պետք է շարունակեմ ավելին անել մարդկանց համար, եթե Աստված ցանկանում է, որ ես դեռ շարունակեմ: Ես գիտեմ, որ Նա է ինձ այս առաքելությունը տվել, ու ես կշարունակեմ այնքան ժամանակ, քանի դեռ զգում եմ, որ սա այն է, ինչ Նա ինձնից ակնկալում է: