Լուռ հերոսներ

Լուռ հերոսներ

Մարդասիրության ոլորտի շատ հերոսներ նախընտրում են մնալ ստվերում։ Իրականում, երբեմն նրանք ստիպված են թաքցնել իրենց արարքները, ինչպես թուրքերը, որոնք ցեղասպանության ժամանակ թաքցնում էին հայերին, կամ գերմանացիները, որոնք ֆաշիստական դարաշրջանում օթեւան էին տալիս հրեաներին։ Պատմության ընթացքում հազարավոր մարդիկ են վտանգել իրենց կյանքը եւ զոհվել՝ առանց ճանաչման։ «Լուռ հերոսներ» հուշակենտրոնի ("Silent Heroes" Memorial Center) հետազոտական թիմի նպատակն է բացահայտել նրանց պատմություններն ու հարգանքի տուրք մատուցել՝ Բեռլինում կազմակերպված ցուցադրության միջոցով։

Երբ 1980-ականներին Բարբարա Շիբն սկսեց հետազոտել նացիստական Գերմանիայում 1933-1945 թվականներին հրեաների փրկության հարցը, նրան եւ գործընկերուհուն՝ Մարտինա Վոյգտին սկզբում կասկածամտորեն եւ վերապահումով ընդունեցին։ «Մարդիկ կտրականապես մերժում, հրաժարվում էին ընդունել հերոսներ համարվելու գաղափարը՝ ասելով, թե օգնելն ամենաբնական գործողությունն էր, որ կարող էին անել։ Նրանք չէին գիտակցում, որ պատմելու արժանի կարեւոր պատմություն ունեն։ Առաջին հերթին պետք է նրանց վստահությունը շահեինք եւ այնպես անեինք, որ հասկանային, թե իրականում ինչ ենք ուզում իրենցից»,- ասում է Գերմանական դիմադրության հուշակենտրոնի (German Resistance Memorial Center) գիտաշխատող Բարբարան։

Բավականին ժամանակ պահանջվեց, մինչ հետազոտողները պարզեցին, թե ինչու են մարդիկ այդքան զգուշավոր։ «Մենք նրանց նույն հարցերն էինք տալիս, ինչ գեստապոն՝ տարիներ առաջ: Մենք հարցնում էինք այնպիսի բաների մասին, որ նրանք ստիպված էին այդքան տարի գաղտնի պահել։ Նրանց գիտակցությունը հարմարեցված էր իրենց գաղտնիքները բացահայտելու անհնարինության իրողությանը»,- նշում է Բարբարան։

Նախագիծը ֆինանսավորում ստացավ պետական տարբեր կառույցների կողմից, ներառյալ Բեռլինի հակասեմիտականության գիտահետազոտական կենտրոնը եւ Գերմանական դիմադրության հուշակենտրոնը։ Այսօր այս փրկարարների անհավանական պատմությունները կարելի է գտնել Բեռլինի «Լուռ հերոսներ» հուշակենտրոնում։ Մարդկանց մեծ մասն այս անունները երբեք չի լսել։

Հուշակենտրոնը երկու նպատակ ունի․ պատմել խիզախության չպատմված դրվագները եւ հասանելի դարձնել դրանք լայն հանրությանը։

«Շուրջ 900 պատմություններ են արձանագրվել, եւ դա սառցաբեկորի գագաթն է միայն»,- ասում է Բարբարան։

                                                            Էլիզաբեթ Աբեգ

Էլիզաբեթ Աբեգ

Ֆրանսիական Էլզաս երկրամասի Ստրասբուրգ քաղաքում 1882-ին ծնված Էլիզաբեթ Աբեգն իր ժամանակի՝ հետդոկտորական աստիճան ստացած սակավաթիվ կանանցից էր։ Պատմության եւ հին լեզուների ոլորտում ուսումնառությունն ավարտելով՝ նա սկսեց դասավանդել տարբեր հանրակրթական դպրոցներում եւ կանանց իրավունքների ակնառու պաշտպան էր։

«Նա ժողովրդավարության առաջամարտիկ էր, որն ատում էր նացիստներին՝ ավելի ու ավելի անհանգստանալով իր ուսանողների ճակատագրի համար։ Նա ստիպված էր մի կողմ քաշված հետեւել, թե ինչպես են հրեա ուսանողներին ու գործընկերներին վտարում իր դպրոցից։ Երբ վտարեցին նրա մտերիմ ընկերուհուն, որը հրեա էր,  նա երդվեց, որ օգնելու է հրեաներին։ Այդ միջադեպը շարժառիթ դարձավ նրա համար»,- բացատրում է Բարբարան։

Ուշ 1930-ականներին դասերից մեկի ընթացքում նրան մեղադրանքներ  ներկայացրեցին ուսանողների շարքում եղած մի խումբ մոլեռանդ նացիստներ։ Երբ նա հայտարարեց, որ անգլիացի զինվորները նույնքան խիզախ են եղել, որքան գերմանացիները, նրան ստիպեցին ժամանակից շուտ թոշակի անցնել։ «Նրան գործելու մի փոքր ազատություն էին տալիս այն կապերը, որ հաստատվել էին դպրոցում աշխատելու ժամանակներում՝ վստահելի եւ հուսալի գործընկերների հետ։ Նա ստիպողաբար ընդհատակ անցած հրեաներին աջակցող մարդկանց ընդարձակ ցանց ստեղծեց։ Նույնիսկ որդեգրեց մի հրեա աղջնակի, որին իր տանն էր թաքցրել։ Էլիզաբեթ Աբեգը շուրջ 80 մարդու կյանք է փրկել, բայց նրանցից միայն 30-ի անունը գիտենք»,- ասում է Բարբարան։

Փրկվածներ էին նաեւ քույր ու եղբայր Ռիտա եւ Ռալֆ Նոյմանները։ Նրանք ընդհատակ անցան Բեռլինում 1943-ի փետրվարին եւ ի վերջո տեղական թեմի անդամների աջակցությամբ օթեւան գտան Վենդլանդների ընտանիքում, որը նույնպես Էլիզաբեթ Աբեգի ցանցի անդամ էր։ «Նրանք, ովքեր թաքնվում էին, շատ հաճախ պետք է մի տեղից մյուսը տեղափոխվեին, որ չհայտնաբերվեին։ Էլիզաբեթ Աբեգը ոչ միայն ապաստան էր տրամադրում, նա նաեւ ընդհատակում դասեր էր անցկացնում պատանի հրեաների համար։ «Էլիզաբեթ Աբեգին եմ պարտական, որ տգետ չմնացի»,- ավելի ուշ իր հուշերում գրել էր Ռալֆ Նոյմանը»,- հիշում է Բարբարան։

1943-1945 թվականներին շատ մեծ թվով հրեաներ էին ստիպված թաքնվել։

Էլիզաբեթ Աբեգը շարունակեց օգնել եւ այդպես էլ չբռնվեց նացիստական ռեժիմի կողմից։

Նա Ռիտա Նոյմանին օգնեց ինքնության նոր փաստաթղթեր ձեռք բերել՝ նրան Նացիոնալ սոցիալիստական սոցիալական ապահովության կազմակերպությանը (Nationalsozialistische Volkswohlfahrt (NSV)) ներկայացնելով որպես իր եղբոր աղջիկ։ Այս համարձակ քայլի շնորհիվ Ռիտա Նոյմանին նոր փաստաթղթեր եւ սննդի կտրոններ տվեցին, նա նույնիսկ կարող էր օրինական աշխատանք ունենալ։  «Էլիզաբեթ Աբեգը հավատացյալ կին էր, տիպիկ պրուսացի, որը հիանալիորեն կարող էր տարբերակել սպիտակ սուտն ու կույր հնազանդությունը։ Այդ ժամանակ ուսուցիչների մեծ մասը հավատարիմ էր կուսակցական գծին, սակայն Էլիզաբեթ Աբեգը խիզախ կին էր, որը հաստատակամ որոշում էր կայացրել օգնելու նրանց, ովքեր ունեին դրա կարիքը։ Նրա արարքներն առանձնացնում են նրան իր նախկին գործընկերների մեծ մասից։ Նա ապրեց մինչեւ 92 տարեկան»,- ասում է Բարբարան։

                                                              Մարի Բուրդե

Մարի Բուրդե 

Փրկողները սոցիալական տարբեր խավերից էին․ ոմանք հարուստ էին, ուրիշները՝ ոչ։ Աղքատ հերոսները, սակայն, ավելի շատ էին, քան հարուստները։

Մարի Բուրդեն ծայրահեղ չքավոր կին էր։ Երեխաներ չուներ եւ ապրում էր Բեռլինի Վեդդինգ թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկի նկուղային փոքրիկ մի բնակարանում՝ օրվա հացի փողը վաստակելով թերթերի վաճառքով։ Թեպետ ինքն էլ կարիքի մեջ՝ նա երեք երիտասարդների՝ Ժոզեֆ եղբայրներին եւ նրանց ընկերոջը օգնեց փրկվել նացիստներից։

Մի օր նրանք թակեցին Մարիի դուռը եւ օգնություն խնդրեցին։ «Մարի Բուրդեն շատ տարօրինակ կին էր։ Նրա ողջ բնակարանում կենդանական ծագման ոչինչ չկար՝ փետուրով լցված ոչ մի վերմակ, ոչ մի տեսակի միս։ Նա խիստ վեգան (կենդանական ծագման որեւէ բան չուտեղ եւ չկիրառող) կենսակերպ ուներ եւ քնում էր թղթերի կույտի վրա։ Շատ բարի սիրտ ուներ եւ իր չնչին ունեցվածքը շռայլորեն կիսում էր ուրիշների հետ»,- ասում է Բարբարան։

Մարի Բուրդեն փոքրիկ այգի ուներ Բեռլինից դուրս, որտեղ երեք երիտասարդները թաքնվում էին ինքնաշեն ռմբապաստարանում։ Մարին վաճառում էր իր օրապարենի կտրոնները, որ նրանց համար ծխախոտ եւ միս գնի։ Նրանք կապը չկորցրին նույնիսկ պատերազմից հետո։ Երբ Գերմանիան կիսվեց, Մարին մնաց խորհրդային հատվածում։ «Ողջ մնացածներից շատերը պատերազմից հետո արտագաղթեցին։ Ժոզեֆ եղբայրները, սակայն, մնացին արեւմտյան Բեռլինում։ Նրանք ոչ մի առիթ բաց չէին թողնում՝ իրենց փրկչին այցելելու, եւ հնարավորությունների սահմաններում օգնում էին նրան»,- շարունակում է Բարբարան։

                                                           Ագնես Վենդլանդ

Փրկության փորձերի բարձր գինը

Բարբարայի խոսքով՝ հրեաներին փրկելու փորձերի մեծ մասը ձախողվում էր։ Նրա հաշվարկներով՝ 7000-8000 հոգու  հնարավոր չի եղել փրկել։ «Երբ հրեային ձերբակալում էին, նա արդեն դատապարտված էր։ Հրեաներն ընկնում էին Գերմանական գաղտնի պետական ոստիկանության ձեռքը եւ 1942-ից սկսած կորցրեցին սովորական դատարանում դատվելու իրավունքը, ինչը նշանակում էր, որ նրանց ճակատագիրը կախված էր իրենց ձերբակալող մարդկանց քմահաճույքից։ Դատավճիռը կարող էր լինել բանտարկություն կամ մահ»։ Հրեաներին օգնող մարդկանց ճակատագիրը նույնպես անհայտ էր։ Նրանք կարող էին դատվել, բայց դրա համար նրանց նկատմամբ քրեական հանցանքի մեղադրանք պիտի առաջադրվեր։

«Օրենսդրության համաձայն՝ հրեաներին թաքցնելը հանցագործություն չէր, այնպես որ դատախազներն այլ մեղադրանքներ էին մոգոնում, որպեսզի այս մարդիկ մեղավոր ճանաչվեին եւ պատժվեին: Կարող էին ամենատարբեր մեղադրանքներ ներկայացվել՝ թշնամու ռադիոկայաններին միանալուց կամ փաստաթղթեր կեղծելուց մինչեւ  պատերազմական տնտեսական կանոնակարգերի խախտում (օրինակ՝ կտրոնով օրապարենը սեւ շուկայում վաճառելը): Իսկ երբ դու ապաստան էիր տվել ընդհատակում գտնվող մարդկանց, անհնար էր խուսափել օրապարենի եւ սննդի վերաբերյալ այդ կանոնակարգերը խախտելուց»,- նշում է Բարբարան։

Մեղադրյալների մեծ մասը դատապարտվում էր ազատազրկման, երբեմն՝ խիստ պայմաններով, որոնք ներառում էին հարկադիր ֆիզիկական ծանր աշխատանք։ Ոմանք մեղավոր էին ճանաչվում պետական դավաճանության հոդվածով՝ թռուցիկներ պատրաստելու կամ տարածելու համար։

Նրանք, որոնք չէին ընդունում այդ ամենը, սովորաբար չէին կարող մեղավոր ճանաչվել սովորական դատարանում։ Ուստի նրանց ուղարկում էին համակենտրոնացման ճամբարներ՝ առանց պատշաճ ընթացակարգերի։  Ոմանք փրկվեցին, ոմանք՝ ոչ։

Բեռլինում նրանց ուղարկում էին տխրահռչակ Große Hamburger Straße բանտը, որը նախկինում արտաքսման ենթակա հրեաների կենտրոնական ճամբարն էր։ 1945-ի սկզբներին Ագնես Վենդլանդ անունով մարդասերն այնտեղ չորս շաբաթ անցկացրեց։ Ձերբակալեցին նաեւ քրիստոնյա բողոքական Հելեն Ջեկոբսին, որն ակտիվ գործունեություն էր ծավալում ընդհատակում։ Նա օգնում էր անձնագրերի հրեա կեղծարար Ցիոմա Շոնհաուսին եւ նացիստական ռեժիմին ընդդիմադիր՝ բավականին լայն ցանց ունեցող «Խոստովանական» (Confessing) եկեղեցու նվիրյալ անդամ էր։ Նրան վշտացնում էր հրեաների ճակատագիրը, մանավանդ որ 1930-ականներին մի հրեա իրավաբանի մոտ որպես քարտուղար էր աշխատել։ 1944-ի հունվարի 11-ին Բեռլինի հատուկ տրիբունալը նրան դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ ծանր հարկադիր աշխատանքներով։ Հելենն ազատ արձակվեց 1945-ին։

Հրեաներին օգնողներից շատերն էին տառապում նույն ճակատագրով, բայց հակառակ ուղղիչ հաստատությունների զարհուրելի պայմաններին՝ ողջ մնում։

                                   Էլիզաբեթ Աբեգի կողմից փրկված մարդկանցից մեկը՝ Ռալֆ Նոյման, 1946թ.

Տարբերվող տեսակ

Ինչո՞ւ էին այս մարդիկ իրենց վտանգում՝ այլոց օգնելու համար։ Բարբարա Շիբն ասում է՝ նրանցից շատերն այս հարցի պատասխանը չունեն։ «Նրանցից շատերի համար օգնելը բնական արարք է եղել․ բացատրում են, որ իրենք պարզապես արել են այն, ինչ պետք է արվեր»,- ասում է նա։ Որպես գիտնական, սակայն, Բարբարան գիտի, թե ինչն է առանձնացնում այս մարդկանց․ «Դա նրանց վերաբերմունքն էր նացիստական ռեժիմի հանդեպ․ նրանք ժխտում էին ռասիստական գաղափարախոսությունը եւ չէին փակում իրենց աչքերը՝ շատերի պես»։

Փրկողները թե քաղաքականապես, թե հումանիտար առումով իրազեկ էին։ Նրանք բավականաչափ համարձակ էին՝ այդ գաղափարախոսությունը կասկածի տակ առնելու եւ սեփական համոզմունքների համաձայն գործելու, ինչը նրանց լուրջ վտանգի էր ենթարկում։

Այս հերոսների մեկ այլ առանձնահատկությունը համեստությունն է։ Նրանք իրենց հերոսական արարքների համար հանրային ճանաչում չեն ակնկալել։ Այդուհանդերձ, ճանաչումը, փառաբանումն ու մրցանակները կարեւոր են։ «Լավ գաղափար է՝ հրապարակել այս մարդկանց ձեռքբերումները, եւ արդեն յուրաքանչյուրիս գործն է՝  սեփական հետեւություններ անել դրանք տեսնելով։ Բոլոր մրցանակների ամենակարեւոր ուղերձը նույնն է․մեզանից յուրաքանչյուրը կարող է օգնել»,- ասում է Բարբարան։