Նիստը վարող միջազգային հեռուստահաղորդավար Նիկ Գոուինգը, որը նաեւ Արքայական քոլեջի (Լոնդոն) եւ Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի (Սինգապուր) հրավիրյալ պրոֆեսոր է: Նա ելույթ ունեցած բանախոսներին հրավիրեց արտահայտելու իրենց տպավորությունները համաժողովի արդյունքներից՝ ասելով. «Ես սա ավելի շատ կբնութագրեի իբրեւ մեկնարկ»։ Շարունակելով՝ նա խնդրեց զեկուցողներին «անդրադառնալ նրան, թե ինչի ենք հասել, ինչի պիտի հասած լինեինք եւ ինչի չհաջողվեց հասնել»։
Գոուինգի դատողություններին ի պատասխան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, սոցիալական ներդրող եւ ձեռներեց Ռուբեն Վարդանյանն իր ելույթն սկսեց կատակով. «Թեեւ կարծում եմ, որ մենք մեծ քայլ ենք կատարել դեպի առաջ, միեւնույն է՝ եղել եւ մնում եմ լավագույնին ձգտող, այնպես որ այդ հարցն ինձ մի ուղղեք, քանի որ միշտ կասեմ, որ կարող էինք անել ավելին»։ Այդուհանդերձ, շարունակելով՝ նա լրջորեն քննարկեց, թե նիստի մասնակիցներն ինչ հավանական խոչընդոտների պատճառով չեն կարողացել հասնել ցանկալիին։ «Անհրաժեշտ է գիտակցել, որ ավելիին չհասնելու գլխավոր պատճառն ու մարտահրավերն այն է, որ մենք ինդուստրիալ հասարակության անդամներ ենք, որում բոլորն ապրում են իրենց թունելներում։ Այսօրվա բանավեճերի ընթացքում երբեմն պարզորոշ նկատվում էր մի բան՝ եղան մեծ թվով մենախոսություններ եւ շատ քիչ երկխոսություն»,– ընդգծեց Ռուբեն Վարդանյանը։
«Ռոբերտ Բոշ» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստոֆ Բոշը մասնակիցներին զգուշացրեց չձգտել նվաճումներ որոնել սխալ վայրում, երբ կարեւորագույնը նոր դասեր ու տեղեկություններ քաղելն է։ «Այս համաժողովն ինձ դուր է գալիս, բայց կարծում եմ, որ որեւէ բանի հասնելու կամ չհասնելու մասին հարցը մեզ ստիպում է հայացքը թեքել սխալ ուղղությամբ։ Նվաճումներն այնտեղ են, ուր փախստականներն են եւ ուր իրական բաներ են տեղի ունենում մոլորակի վրա։ Հարկավոր է սովորել ու հասկանալ, թե ինչ է կատարվում»,– մեկնաբանեց բանախոսը։
«Մերկատոր» հիմնադրամի գործադիր տնօրեն Վինֆրեդ Քնայփը նշեց, որ տարբեր դերակատարներ տարբեր դասեր պիտի քաղած լինեին, եւ բոլորի ուշադրությունը հրավիրեց հիմնախնդրի իրական մասշտաբների վրա. «Հարցն այն է, թե որպես քաղաքացիական հասարակության մի մաս՝ ի՞նչ եզրակացություններ ենք մենք անելու։ Առաջին հերթին հասկացանք եւ ընդունեցինք, որ միայնակ գործելն անօգուտ է, իսկ կոալիցիան, որ ունենք այստեղ ձեւավորված, միանգամայն անբավարար է ցանկալին իրագործելու համար»։
2017թ. Aurora Dialogues բեռլինյան քննարկումների կազմակերպիչ գործընկերներից մեկի՝ «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Ինգրիդ Համը վերստին շեշտեց մարդկանց նախապաշարմունքների եւ թյուրըմբռնումների դեմ պայքարի կարեւորությունը, երբ հարցը հանգում է ճշմարիտ գաղափարների նկատմամբ բաց լինելուն։ «Մարդիկ ունենում են սխալ ընկալումներ։ Իսկ սխալ ընկալումների եւ սխալ լեզվի պարագայում խրախուսվում է այն ազգայնականությունն ու պոպուլիզմը, որը ներկայումս այդքան տեսնում ենք»,– նշեց նա։ Այդուհանդերձ, անհատի ազդեցության առումով բանախոսը մնում է բավականին լավատես։ «Ցանկության դեպքում մարդիկ կարող են փոփոխություն բերել։ Եթե մեկնումեկի մոտ մի գաղափար է առաջանում եւ նա նվիրվում է դրա իրագործմանը, ապա վերջում տեղի է ունենում մի բան, որն իր հերթին ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա։ Դա ես սովորեցի այսօր»,– եզրափակեց նա։