Շադ Բեգում

Շադ Բեգում

Խորապես ազդվելով իր շուրջ տիրող սոցիալական անհավասարությունից եւ ոգեշնչվելով հոր կատարած սոցիալական աշխատանքով, որի ականատեսն է եղել մանուկ հասակում՝ Պակիստանի հյուսիս-արեւելքում ապրող իր համայնքի լուսանցքային խմբերի, հատկապես կանանց կենսապայմանների բարելավմանն ուղղված իր վճռական պայքարի շնորհիվ Շադ Բեգումը դառնալու էր հայտնի ազգային ու միջազգային գործիչ: Խիստ կրոնապաշտ ու ավանդապաշտ այդ շրջանում թալիբները հրապարակայնորեն մահապատժի էին ենթարկում իսլամի իրենց տարբերակին չհետեւող կանանց ու տղամարդկանց:  

Շադ Բեգումը Վարքի եւ գիտելիքի փոխակերպման շահույթ չհետապնդող ընկերության հիմնադիրն է (Association for Behaviour & Knowledge Transformation - ABKT), որն աշխատանք է ծավալում Պակիստանի անապահով շրջաններում՝ համայնքների տնտեսական ու քաղաքական հզորացման ուղղությամբ: 2009-2010 թթ., երբ թալիբները Սվաթ շրջանում վերցրին իշխանությունը, եւ զանգվածային տեղահանություն սկսվեց, կազմակերպությունը նույնպես տեղահանվեց: Բայց Շադի համառության շնորհիվ այն, անցնելով ահռելի փորձությունների միջով, շարունակեց իր գործունեությունը: Նախկինում տիկին Բեգումը որպես «Ստեղծելով գենդերային աստիճան» նախագծի խորհրդատու աշխատել է ՄԱԿ-ի Վերաբնակեցման ծրագրում, ինչպես նաեւ ՄԱԶԾ Կանանց քաղաքական մասնակցության ծրագրում: 

Շադ Բեգումը «Աշոկա» ծրագրի գրանտառու է, ինչպես նաեւ Ժողովրդավարության ազգային ֆոնդի Ռեյգան-Ֆասել ծրագրի եւ «Աքյումեն»-ի գրանտառու: Շադն արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում են ԱՄՆ Պետդեպի Կանանց արիության միջազգային մրցանակը (2012 թ.) եւ Կանանց համաշխարհային գագաթնաժողովի հիմնադրամի Գյուղական կյանքում ստեղծարարության մրցանակը (2008 թ.):