Սերժ Թանկյանն ու իր առաքելությունը

Սերժ Թանկյանն ու իր առաքելությունը

Որպես «System of a Down» (SOAD) ռոք խմբի առաջատար վոկալիստ՝ Սերժ Թանկյանն իր միջազգային հռչակն ի նպաստ է դրել Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու գործին՝ ինչպես իր ստեղծագործությունների, այնպես էլ բոլոր հնարավոր այլ հարթակների միջոցով։


1967թ. Բեյրութում ծնված Թանկյանը մանուկ հասակում տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ հաճախել է «Ռոզ եւ Ալեքս Փիլիպոս» ազգային վարժարան՝ այնտեղ սովորելով SOAD խմբի մյուս անդամներ Տարոն Մալաքյանի եւ Շավո Օդաջյանի հետ։ 1994թ.-ին խմբի կազմավորվելուց ի վեր SOAD-ի չորս ալբոմ առաջին տեղն է զբաղեցրել «Billboard 200» հիթ-շքերթում, իսկ խումբը չորս անգամ առաջադրվել է «Գրեմի»-ի՝ 2006թ. «B.Y.O.B» երգի համար մրցանակի արժանանալով «Լավագույն հարդ ռոք կատարում» անվանակարգում:
 

 
Իր երաժշտական կարիերայի ընթացքում Թանկյանը «System of a Down» խմբի հետ թողարկել է հինգ ալբոմ, մեկ ալբոմ՝ Արտո Թունջբոյաջյանի հետ («SerArt»), ինչպես նաեւ հինգ սոլո-ալբոմ՝ «Elect the Dead» (2007թ.), «Elect the Dead Symphony» (2010թ.), «Imperfect Harmonies» (2010թ.), «Harakiri» (2012թ.) եւ «Orca Symphony No.1» (2012թ.)։ 2001թ. Թանկյանն ստեղծել է նաեւ «Serjical Strike Records» ձայնագրման ստուդիան, որը մինչ օրս 15 ալբոմ է թողարկել։

Լուսանկարը՝ Գրեգ Ուոթերմանի 

 

2002թ. Թանկյանն ու «Rage Against The Machine» խմբի կիթառահար Թոմ Մորելոն համահիմնադրել են «Axis of Justice» («Արդարության առանցք») հասարակական կազմակերպությունը։ Սերժը բազմաթիվ առիթներով ելույթներ է ունեցել ցեղասպանության խնդրի եւ արդարադատության անհրաժեշտության վերաբերյալ. «Կարծում եմ՝ խնդիրն այս հարցում արդարության վերականգնումն է։ Մյուս կողմից՝ հարկ է նաեւ ուշադրություն հրավիրել առհասարակ ցեղասպանությունների վրա։ Մենք դրանց ականատեսն ենք անգամ հիմա, դրանք եղել են ոչ վաղ անցյալում՝ վերջին 15, 20 տարիներին… եւ կան մեր օրերում։ Անկախ Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոստից, Դարֆուրից ու Կամբոջայից՝ այդ ամենը շարունակվում է մեր օրերում։ Այնպես որ, դա ինձ համար կարեւոր է, որովհետեւ արդիական է։ Դա Առաջին համաշխարհային չէ, դա տեղի է ունենում հենց այսօր»։


Երաժշտության զարգացման եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար 2011թ. օգոստոսի 12-ին Թանկյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շքանշանով։ Ներկայում կնոջ՝ Անժելայի եւ մանկահասակ որդու՝ Ռումիի հետ բնակվում է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) եւ Օքլենդում (Նոր Զելանդիա)։


Ինչպես Թանկյանը պատմում է 2007թ. Կարլա Կարապետյանի «Ճչացողները» (Screamers) վավերագրական ֆիլմում, իր մայրական պապ Ստեփան Հայթայանը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից էր, ծագումով՝ Կեսարիայի (ներկայիս Կայսերի՝ կենտրոնական Թուրքիայում) շրջանի Էֆքերե բնակավայրից։ Այդ ոչ մեծ քաղաքում սանձազերծված կոտորածների ընթացքում պապը կորցնում է ընտանիքի գրեթե բոլոր անդամներին. «Իմ մեծ ծնողների փրկության պատմությունները եւ նրանց վերապրած սարսափները ես լսել եմ անմիջապես իրենցից»,- ասում է Թանկյանը ֆիլմում։ 

 
 

«Ճչացողները» ֆիլմի այն հատվածները, որտեղ Սերժն ու իր պապը խոսում են տեղի ունեցածից, ամենասրտաճմլիկն են։ Ամբողջ Անատոլիայով մեկ հայ տղամարդկանց զինաթափում էին ու սպանում, իսկ այն կանանց ու երեխաներին, որոնց չէին առեւանգել, բռնաբարել ու սպանել, ուղարկում էին «մահվան երթի»։


Ստեփան Հայթայանն, այսպիսով, հայտնվում է Հունաստանում գտնվող ամերիկյան մի որբանոցում եւ, ի վերջո, ուղեւորվում Լիբանան։ Եթե չլինեին այդ որբանոցի գործունեությունն ապահովող ամերիկյան միսիոներները, Թանկյանի ընտանիքը երբեք  չէր փրկվի։


Թանկյանի մայրական տատը՝ Վարսենիկը, նույնպես կոտորածներից փրկվածներից է։ Թուրք քաղաքապետը, վտանգելով իր կյանքը, թաքցնում է աղջկան ու նրա ընտանիքի մյուս անդամներին։ Ինչպես Օսմանյան կայսրության որոշ այլ պաշտոնյաներ, այս արդարամիտ թուրքը եւս հրաժարվում է ի կատար ածել հայերին սպանելու կամ տեղահանելու վերաբերյալ կառավարության հրամանները։ Եղել են դեպքեր, երբ իշխանության հրահանգներին չենթարկվելու համար օսմանյան կառավարությունը մահապատժի է ենթարկել այդօրինակ փրկիչներին։


Նրա հայրական կողմի պապն ու տատը՝ Նազարեթն ու Վարդուհին, ցեղասպանությունից փրկվել են  շնորհիվ այն փաստի, որ երկուսն էլ աշխատելիս են եղել Բեռլին-Բաղդադ երկաթուղու շինարարության վրա. երկաթուղի, որը Թուրքիան ու նրա դաշնակից Գերմանիան կառուցում էին, որպեսզի վերջինս ելք ունենա դեպի Պարսից ծոց։ Որոշ հայեր աշխատանքի միջոցով բառացիորեն տանջամահ էին արվում, սակայն մի մասին հաջողվեց գոյատեւել՝ չնայած հարկադրված էին տաժանակիր ֆիզիկական աշխատանք անել։ 

 

 Լուսանկարը՝ Ռոբերտ Սեբրիի

 

Թանկյանը, որը հատկապես ցեղասպանության մասին «Yes, It’s Genocide» («Այո, սա ցեղասպանություն է») դիպուկ անվանումով երգ է գրել, չի կարծում, թե որեւէ պետություն կամ ազգություն մոնոլիտ է։ SOAD-ի բազմաթիվ համերգներին եւ իր մենահամերգների ժամանակ նա ուղղակիորեն անդրադարձել է ցեղասպանությանը եւ նշում է, որ հակառակ իրեն ու իր խումբը սեւացնելու՝ թուրքական կառավարության ջանքերին, իրենք Թուրքիայում բազում երկրպագուներ ունեն։


Սերժն ընդունում է, որ չլինեին այն մի քանի փրկիչները՝ իր ընտանիքը հավանաբար չէր վերապրի 1915-ը։ «Մենք նույնչափ պարտավոր ենք ճանաչել օսմանյան Շինդլերներին, որքան որ՝ արդարություն պահանջել ցեղասպանության հարցում»,- ասաց Թանկյանը 100 LIVES-ին։ Նա, սակայն, վստահ է նաեւ, որ արդարության վերականգնումը որոշակի հանգուցալուծում կլինի։ Ինչպես Թանկյանը նշել է մեկ այլ առիթով՝ «Կարծում եմ՝ արդարության հաղթանակի հետ մեկտեղ կուզենայի տեսնել, որ հայ մշակույթն առաջ է ընթանում՝ հետեւում թողնելով ցեղասպանության մասին խոսելը… Մենք չենք ուզում առհավետ ճանաչվել որպես «Մերձավոր Արեւելքի կորուսյալ որբեր»։ Մենք ուզում ենք  ճանաչվել մեր ներկայով եւ առհասարակ՝ պատմության ընթացքում մեր ներկայացրածով»։


Քրիստոֆեր Ադամյան, ազատ լրագրող


*Գլխավոր լուսանկարը՝ Ռոբերտ Սեբրիի