«Կինոյի տաճարում կան պատկերներ, լույս եւ իրականություն։ Եվ այդ տաճարի տիրակալը Սերգեյ Փարաջանովն էր»։ Ժան-Լյուկ Գոդար
Նրա մասին
Սերգեյ Փարաջանովը կինոյի պատմության ամենաբացառիկ անհատականություններից էր եւ Խորհրդային Միության հռչակավոր կինոռեժիսորներից։ Նրա հետաքրքրությունն էզոթերիզմի նկատմամբ եւ նվիրումն արվեստին ձեւավորել են իր ֆիլմերի ցայտուն պատկերայնությունը, ինչի շնորհիվ էլ Փարաջանովը միջազգային հռչակ է ձեռք բերել։
Փարաջանովը ծնվել է Թիֆլիսում (ներկայիս Թբիլիսի)՝ հայկական ընտանիքում։ Էությամբ եղել է արվեստագետ, որի ինքնարտահայտվելու ներքին պահանջմունքը չէր սահմանափակվում զուտ կինոյով։ Խորհրդային իշխանություններին քննադատել է սուր եւ բացահայտորեն՝ կամ ուղղակիորեն խարազանելով, կամ դիմելով քննադատության այլ՝ ավելի նուրբ եւ ստեղծագործ ձեւերի։ Իր համառ անհնազանդության հետեւանքով Փարաջանովը պարբերաբար ենթարկվել է պարսավանքի, իսկ հաստատման ներկայացվող իր սցենարները՝ մերժվել կասկածելի (ըստ ամենայնի քաղաքական) պատճառաբանություններով։
Փարաջանովի ամենաբացառիկ գործերից է «Նռան գույնը» ֆիլմը, որը պատմում է հայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին։ Սա կարող էր լինել նրա գլուխգործոցը՝ ֆիլմ, որը կփոխեր իր կյանքի ողջ ընթացքը։ Այն հարուստ էր հայկական ինքնությունն արտացոլող տեսարաններով։ Փարաջանովն իր ֆիլմի պատկերագրության մեջ զգալիորեն տուրք է տվել ազգային զգացմունքներին, ինչի հետեւանքով խորհրդային իշխանությունները կոշտ գրաքննության ու խմբագրման են ենթարկել այլն, եւ էկրան է բարձրացել հեղինակային գործի լոկ ստվերը։ Փարաջանովը հետագայում բանտարկվել է՝ մեղադրվելով ամենաբազմազան հանցանքների համար, եւ չորս տարի անցկացրել գուլագում։
Ազատ արձակվելուց հետո Փարաջանովը որոշ ժամանակ ապրել է զրկանքներով լի կյանքով, ինչը ստորացուցիչ էր նման նման տրամաչափի արվեստագետի համար։ Միայն հին ընկերների հետ իր կապը վերագտնելուց հետո է նա կարողացել կրկին տրամադրվել աշխատանքի՝ մահից առաջ հասցնելով նկարահանել եւս երկու կինոնկար՝ «Սուրամի բերդի լեգենդը» եւ «Աշուղ Ղարիբը» ֆիլմերը։
Հետաքրքիր փաստ
Գուլագում բանտարկության տարիներին Փարաջանովը հարկադրված էր պարկեր կարել։ Ավելացած լաթի կտորներից նա սկսում է տիկնիկներ պատրաստել, որոնցից մեկը պատկերում էր եգիպտական փարավոն Թութանհամոնին։
Ավելին