Սերժ Ավետիքյան

Սերժ Ավետիքյան

Դերասան, բեմադրող եւ ռեժիսոր Սերժ (ծնունդով` Սահակ) Ավետիքյանն ամուր օղակ է անցյալն ապագային կապող անվերջանալի շղթայում: Կինոյի, հեռուստատեսության եւ թատրոնի վարպետը հայկականության մի ողջ շերտ է կրում. հայի աչքերով, ուժեղ, ինքնամփոփ այս տղամարդը սիրում է անակնկալներ եւ ռիսկեր: 
 

Նրա վերջին փայլատակումը «Սկանդալային Փարաջանով» ֆիլմն էր, որի ռեժիսորն էր եւ գլխավոր դերակատարը՝ միաժամանակ: Նա լավ էր ճանաչում հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, ում համարում է իր հոգեւոր հայրը: Այս երկուսի շփոթեցնող նմանությունը ապշեցրել է կինոսիրողներին: Ընդհանուր է նաեւ նրանց գեղարվեստական աշխարհընկալումը. ինչպես Փարաջանովն իր կոլաժներում, Սերժ Ավետիքյանը ձգտում է ամբողջականություն ստեղծել դրվագների համադրման միջոցով: Նա իր հայկական փորձառությամբ կորզում է էներգիա, որը սնում է նրա համընդգրկուն ստեղծարարությունը:

 

   Սերժ Ավետիքյանը Փարաջանով է խաղում իր «Սկանդալային Փարաջանովը» ֆիլմում (2013թ.)
 

Երեք աշխարհագրական տեղանք շարունակական ազդեցություն ունեն երկակի ժառանգությամբ ուղղորդվող այս անհագ ճանապարհորդի հոգու ու մարմնի վրա. այսօրվա Հայաստանը` նրա ծննդավայրը, որտեղ նա անցկացրել է կյանքի առաջին տասնհինգ տարին, նրա երկրորդ հայրենիքը՝ նրա ծնողների սիրելի Ֆրանսիան, որը նրանք լքել էին դեռահաս տարիքում`մեկնելով «հայոց դրախտավայր», եւ Թուրքիայի Սոլոզ գյուղը` Ավետիքյան ընտանիքի բնօրրանը:

Բուրսայից ոչ շատ հեռու հովվերգական բնապատկերում ծվարած այս հանդարտ գյուղն այն վայրն է, որտեղ ամենն սկզբնավորվել է, եւ մի վայր, որտեղ անհնար է վերադառնալ: Երեք անգամ` 1987թ.-ին, 2003թ.-ին ու 2007թ.-ին, տեսախցիկով զինված, նա վերադարձել է իր հորական պապի` Ավետիսի ծննդավայրը: Ոչ թե լսելու հողի տակ ոսկորների ճարճատոցը, այլ նոր բնակիչներին հարցուփորձ անելու անցյալի մասին, որն ապրում է նաեւ ներկայում:

Նրա վավերագրական «Մենք նույն ջուրն ենք խմել» ֆիլմը` Սոլոզում հայկական կյանքի հետքերի վերաբերյալ, անասելի ողբերգության ու դրա ժխտման ոտնահետքերով ներքին ճամփորդության արդյունքն է:
 

Մերի Գրաֆամի հետքերով

Ալիս Թաթեոսյանը (աղջկական անունը՝ Չորիգ)՝ Սերժի մայրական տատը, ծնվել է Սեբաստիայում (ներկայիս Սվասը` կենտրոնական Անատոլիայում), 1914թ. (կամ 1915թ.): Իրենց ընտանիքից միակն էր, որ վերապրեց ցեղասպանությունը. նրա կյանքը փրկել է ամերիկացի միսիոներ Մերի Գրաֆամը, որը, հազարավոր այլ որբերի հետ, վերցրել է նաեւ նրան եւ վերանվանել Ալիս: «Տատս այդ միսիոներին իր հարազատ մայրն էր համարում: Նա Մերիի հոգածության տակ ապրեց հինգ տարի եւ նրա մահճի մոտ էր կյանքի վերջին պահերին: Երբ 1921թ. Մերին մահացել է, տատս շոյել է նրա դեմքն ու ասել. «Ցտեսություն, մայրիկ»»,- պատմում է Սերժ Ավետիքյանը:

 

                                                             Մերի Գրաֆամը
 

Մերի Գրաֆամին հաջողվել էր հարյուրավոր հայ աղջիկների փրկել առեւանգվելու ու մահմեդական հարեւանների կողմից կրոնափոխ արվելու վտանգից:

Իր երկրորդ մոր մահվանից մեկ տարի անց` 1922թ., Ալիսը մեկնել է Հունաստան, որտեղ մնացել է մինչեւ դեռահասությունը: Ինչպես շատ այլ հայ որբեր, նա իրեն ամուսին է փնտրել լուսանկարների միջոցով: Այդպես է, որ 16 տարեկանում ամուսնացել է փարիզաբնակ Մեսրոպ Փափազյանի հետ, որը նրա լուսանկարն էր ընտրել բազում այլ նկարների շարքից:

 

Ավետիսը Սոլոզից

1981 թվականին, հայկական հիշողության շուրջ վավերագրական աշխատանքի շրջանակում, Սերժը ձայնագրել է իր հորական պապին` Ավետիսին: 1900-ին ծնված Ավետիս Ավետիքյանը մի քույր ուներ` Մարիամը, երկու եղբայր`Սահակն ու Հովհաննեսը, եւ մի կրտսեր եղբայր, որի անունը հայտնի չէ՝ նա ցեղասպանությունից առաջ էր մահացել: Սոլոզը` մեծ գրող Հակոբ Օշականի ծննդավայրը, այդ ժամանակ 4000 բնակչով մի փոքրիկ քաղաք էր, որտեղ հայերն ու հույները բնակչության մեկ երրորդն էին կազմում եւ հայտնի էին կտորեղենի ու մետաքսի առեւտրի բնագավառներում: 1915թ. Ավետիքյան ընտանիքը տեղահանվում է: Մի քանի շաբաթ սայլակառքով անցնելով՝ նրանք ուժասպառ հասնում են Կոնիա: «Կոնիա քաղաքը մի որոշ ժամանակ աքսորներից պատսպարող հզոր ամրոց էր` դրա կառավարիչ Ջելալ բեյի ձեռնարկած միջոցների շնորհիվ»,- նշում է Սերժը: Սակայն երբ 1915թ. հոկտեմբերի 3-ին Ջելալ բեյը հեռացվեց իր պաշտոնից, տեղահանությունները Կոնիայում վերսկսվեցին: Տարածքում շշուկներ էին շրջում, որ պետք չէ մնալ քաղաքում, այլ ցրվել շրջակա գյուղերում:

Հրաման կար «չշարունակել դեպի Դեր Զոր, քարավանների ու գնացքների հետ, այլ ցրվել տարբեր ուղղություններով»,- ասում է Սերժը:

Հայերը չգիտեին, թե կոնկրետ որտեղից էին գալիս այդ շշուկները, սակայն վստահեցին այդ լուրերին: Այդպիսով, Ավետիսը եւ նրա ընտանիքի մեծ մասը, ինչպես նաեւ Սոլոզից շատ այլ գաղթականներ, վերապրեցին ցեղասպանությունը`Կոնիայում մնալով մինչեւ Առաջին աշխարհամարտի ավարտը: 1919 թվականին վերադառնալով Սոլոզ՝ վերագտան իրենց տունը, որն իրենց նախկին թուրք բանվորներն էին զբաղեցրել: Հնարավոր սպառնալիքներից պաշտպանվելու համար նրանք ինքնապաշտպանական խումբ կազմակերպեցին` հունական զորքերի աջակցությամբ, որոնք այդ ժամանակ թուրքերի դեմ պատերազմ էին մղում եւ 1920թ. ամռանն իրենց հսկողության տակ առան այդ շրջանը:

 

Ավետիքյան ընտանիքը Հայաստանում 1960թ.-ին: Ձախից աջ. Սերժի քույրը` Մարգարիտը, պապիկը` Ավետիսը, տատիկը` Աղավնին, մայրը` Սյուզանը, հայրը` Գրիգորը, եւ Սերժը
 

Սակայն 1922 թվականին հույները նահանջեցին՝ բախվելով Մուստաֆա Քեմալի ազգայնական զորքերի առաջխաղացմանը, եւ ընտանիքը հարկադրված երկրորդ անգամ աքսորի ճանապարհը բռնեց, այս անգամ` անվերադարձ: Նրանք նստեցին առաջին նավը` Սոլոզի մերձակայքում գտնվող Գեմլիկի փոքրիկ նավահանգստում: Այն նրանց տարավ Բուլղարիա, եւ նրանք հաստատվեցին Պլովդիվի մոտ գտնվող փոքրիկ Ռուսե քաղաքում, որտեղ մեծ թվով հայեր կային: Այդտեղ էլ Ավետիսն ամուսնացել է Աղավնիի հետ` մի երիտասարդ աղջիկ Սոլոզից, որի հետ նրան նշանադրել էին դեռ երեխա ժամանակ: Այդ միությունից ծնվեց վեց երեխա` հինգ աղջիկ եւ մի տղա` Գեղանուշ, Զարուհի, Պայծառ, Վարդուհի, Իվետ եւ Գրիգոր`Սերժի հայրը:

1930թ.՝ Գրիգորի ծնվելու տարում, Ավետիքյանները Բուլղարիայից Ֆրանսիա` Մարսել մեկնեցին, որտեղ հաստատվել էր արդեն Ավետիսի եղբայր Հովհաննեսը: «Նրան «Հաննե» էինք ասում, ինչը Սոլոզի բարբառով նշանակում է «մեծ»: Հիշում եմ, որ ճակատին խոր սպի կար` թուրքերի սվինի հարվածի հետքը»,- պատմում է Սերժը: Հոր մասին խոսելիս նրա դեմքը լուսավորվում է. «Հայրս ճիշտ եւ ճիշտ բնիկ մարսելցու նման էր. երբեք իր յուրահատուկ առոգանությունը չկորցրեց, ասես ամբողջ կյանքում ջանացել էր պահպանել այն: Նա ընդամենը 18 տարեկան էր, իսկ մայրս` 10, երբ Ֆրանսիայից հեռացան: Հանգամանքների բերումով նրանք հայտնվել էին նույն նավում»: 

 

«Ախպարների» տղան

Սերժը ծնվել է 1955թ. դեկտեմբերի 1-ին Երեւանում, ավելի ճշգրիտ` Ախպարաշեն թաղամասում: «1947 թվականի հայրենադարձները շատ արագ համակերպվեցին այն մտքի հետ, որ կամ պետք է հետ մեկնեն, կամ հարմարվեն: Սակայն հայրս երբեք չհամակերպվեց: Երեկոյան, երբ բոլորս հավաքվում էինք, մեզ Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրսիտոն» էր կարդում, որն անգիր էր արել: Ենթագիտակցաբար նա իրեն Էդմոն Դանտես էր պատկերացնում, իսկ Սովետական Հայաստանն իր Իֆ ամրոցն էր»,- հիշում է Սերժը: Արդյո՞ք նա իրեն օտար էր զգում` լինելով «ախպարների» տղա («ախպար» էին կոչում Սովետական Հայաստան հայրենադարձված սփյուռքահայերին): «Մեզ նույն ձեւով չէին նայում, ինձ «Ֆրանսուա» էին ասում, որովհետեւ բերետ էի կրում ու Ֆրանսիայից էի, թեպետ հազիվ էի ֆրանսերեն խոսում»,- ասում է նա: 1960-ականնեը Սերժի համար անհոգ տարիներ են եղել. ինչպես երկաթե վարագույրի մյուս կողմում գտնվող երիտասարդները, նա տարված էր «Բիթլզով», «Ռոլինգ Սթոունզով», որոնց լսում էր ձայներիզներով: Խորհրդային Հայաստանի մշակութային մակարդակը շատ բարձր էր, ուսումը՝ բոլոր եղանակներով ու միջոցներով, առաջնահերթություն էր: Մայրը նրան շաբաթը մեկ կինո էր ուղարկում, դա նման էր ծիսակատարության:

 

1947թ. այս փաստաթուղթը փաստում է Ավետիքյան ընտանիքի մուտքը Խորհրդային Հայաստան: Աղբյուրը՝ Հայաստանի ազգային արխիվ
 

«Երբ 1970թ. Ֆրանսիա եկա, կորցրել էի սովետական անձնագիրս ու դեռ Ֆրանսիայի քաղաքացիություն չունեի: Որպես քաղաքացիություն չունեցող անձ՝ հիանալի էի զգում այն ժամանակվա իմ իրավիճակում: Հայաստանը երբեք իմ երկիրը չէր եղել, քանի որ ծնողներս այնտեղ չէին ծնվել, բայց փաստն այն էր, որ Հայաստանն իմ հայրենիքն էր: «Քաղաքացիություն չունեցող» նշանակում էր, որ կարող եմ միաժամանակ երկուսն էլ ունենալ, կարող եմ ինձ զգալ «այստեղից» եւ պատկանել «այնտեղին»: Ուզում եմ պահել ընտրություն անելու հարկադրանքից զերծ լինելու իմ ազատությունը»,- ասում է Սերժը: 

 

 

               Սերժ Ավետիքյանի ծնողները՝ Սյուզանը եւ Գրիգորը, Երեւան, 1955թ.
 

Արդյունքում՝ երկակի ինքնությունը միշտ ուղեկցել է նրան: Այսօր, մասամբ նաեւ իր անցած ճանապարհների շնորհիվ, նա հաշտվել է այդ իրողության հետ: Նրա վավերագրական աշխատանքն իր ընտանեկան պատմության ու արմատների շուրջ օգնել է հավասարակշռել իր մեջ եղած հայկականն ու ֆրանսիականը: Թեպետ տասնհինգ տարեկանում սովորել էր փաստացի առանց օտար առոգանության ֆրանսերեն խոսել, սակայն որեւէ խնդիր չուներ ասելու, որ հայ է եւ եկել է Կովկասում ինչ-որ տեղ թաքնված մի խորհրդային պետությունից: Բացի այդ, նրա առաջին դերերը կինոյում որեւէ առնչություն չունեին նրա ակունքների հետ, նույնիսկ եթե որեւէ փոքրամասնության խնդիր էին արծարծում: «Մենք մեկ մարդ էինք» (We Were One Man) (1979թ.) ֆիլմը, որում խաղացել է Սերժը, միասեռականությանն անդրադարձող առաջին ֆիլմերից մեկն էր: Նույն տարվա ընթացքում նա նկարահանվեց նաեւ «Կարմիր պուլովերը» (The Red Sweater) ֆիլմում, որը նրա այն ժամանակվա մյուս մեծ կինեմատոգրաֆիական հաջողությունն էր:

 

                                        «Կարմիր պուլովերը» ֆիլմի ցուցապաստառ, 1979թ.
 


Հայկական հիշողության հետազոտող

Երբ 1981թ. ծնվեց նրա ավագ որդի Հովնաթանը, իսկ մեկ ամիս անց մահացավ պապ Ավետիսը, Սերժը գիտակցեց հաջորդ սերնդին անցյալի փոխանցման անհրաժեշտությունը: Իր գործընկեր, կինոռեժիսոր Ժակ Քեբադյանի եւ Ժորժ Քիլեջյանի հետ նա 1982թ. ստեղծում է Հայկական աուդիովիզուալ ասոցիացիան (Association Audiovisuelle Arménienne / A.A.A.): 1981-ից մինչեւ 1988 թվականն ընկած ժամանակահատվածում հայկական հիշողության վերաբերյալ բազում վավերագրական ֆիլմեր են հեռարձակվում ֆրանսիական հեռուստատեսությամբ: Իսկ 1984-1988թթ. նա լայն հանրությանն ու կինոքննադատներին է ներկայացնում հայ կինոգործիչների մի ողջ աստղաբույլ` Մալյան, Փարաջանով, Փելեշյան, Դովլաթյան, Հովհաննիսյան, Հախվերդյան, ինչպես նաեւ սփյուռքի կինոգործիչների` Ատոմ Էգոյան, Արբի Հովհաննիսյան, Նիկոլ Բեզջյան:

Երեք տարբեր վայրերում արմատներ ունեցող Սերժը հույս ունի, որ մի օր որեւէ թուրք ղեկավար «անցյալի ռեալպոլիտիկից այնկողմ կանցնի`վերածելով այն ինչ-որ դրական բանի: Սակայն ոչ՝ որպես բաց ճեղքվածք»:

Նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ հայերը գերտեղեկացված են իրենց պատմության վերաբերյալ:

«Մենք համարյա միակողմանի մոտեցում ունենք այդ հարցում, որովհետեւ ինչ-որ բան մեզ պակասում է, անարդարություն կա: Մյուս կողմից՝ թուրքական կողմում, կարծում եմ, տեղեկության, հստակության, հարցի խոր ուսումնասիրության պակաս կա: Մարդկային տեսանկյունից շատ անհավասարակշիռ է: Մեր պաթոլոգիան թուրքական իրողության ճիշտ հակառակն է, եւ եթե հավասարակշռության չգանք, հնարավոր չի լինի երկխոսել»,- բացատրում է նա:

Ներքուստ խորապես իր ժամանակի մարդ լինելով՝ Սերժը հայ-թուրքական երկխոսությունը դարձրել է իր արմատների հետ կապը վերականգնելու միջոց, նաեւ՝ հայելու մյուս կողմն անցնող ճամփորդություն: Ճամփան խորդուբորդ չէ, քանի որ ճամփորդը մեծ նշանակություն չի տալիս սահմաններին ու դրոշներին: Ոտքերով՝ հողին, մտքով` ամպերում, Սերժն ամուր օղակ է այն անվերջանալի շղթայում, որն անցյալը կապում է ապագային:
 

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: