logo
ՓԱԿԵԼMenu
Մարդասերները. Յոհաննես Լեփսիուս

Մարդասերները. Յոհաննես Լեփսիուս

Տասնամյակների մոռացությունից հետո Յոհաննես Լեփսիուսի անունը 2005-ին կրկին նշվեց, երբ նրան հիշատակեցին հայության հանդեպ իրականացված ցեղասպանության 90-ամյա տարելիցին Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձեւում։ 2005 թվականի հունիսի 16-ին միաձայն ընդունված այս բանաձեւի տեքստում գրված է. «Երբեւէ չպետք է մոռացության մատնվի Յոհաննես Լեփսիուսի՝ համառորեն ու հաջողությամբ հանուն հայ ժողովրդի գոյատեւման պայքարած մարդու կյանքի գործը»։

90 տարի առաջ Ռայխստագի հետ Լեփսիուսի առաջին առերեսումը պակաս հաջողված էր։ 1915 թվականի հոկտեմբերին Թուրքիայից վերադառնալով՝ նա գերմանական հասարակությանը փորձեց ահազանգել հայության հալածանքների մասին։ Լեփսիուսը դատապարտեց Առաջին համաշխարհային պատերազմում գերմանա-թուրքական ռազմական դաշինքը՝ ասելով, որ այն Գերմանիայի ռազմական ու քաղաքական վերնախավին վերածել է «Բարձր Դռան ստրուկների» (նկատի ունենալով Կոստանդնուպոլսի երիտթուրքական կառավարությունը)։ Արտաքին գործերի նախարարությունն արձագանքեց՝ հայտարարելով, որ հայերին պետք է դիտարկել որպես թշնամու կողմից աջակցվող «խռովարարների»։
 

Փիլիսոփա եւ հավատացյալ

Յոհաննես Լեփսիուսը հայության ճակատագրի մասին տեղեկացել էր բողոքական աստվածաբանի իր գործունեության ընթացքում։ 1858 թվականի դեկտեմբերի 15-ին ծնված Յոհաննեսը հայտնի եգիպտագետ Կառլ Ռիխարդ Լեփսիուսի եւ նրա կնոջ՝ Էլիզաբեթի կրտսեր որդին էր։ Մայրը հայտնի գրող եւ գրավաճառ Ֆրիդրիխ Նիկոլայի ծոռն էր։ Վերջինս 18-րդ դարակեսի բեռլինյան լուսավորության առանցքային դերակատարներից էր։ Հարյուր տարի անց Յոհաննես Լեփսիուսի ընտանեկան օջախը վերածվել էր նաեւ Բեռլինի կոսմոպոլիտ եւ լիբերալ կյանքի կենտրոնի։ Նրա ծնողները հյուրընկալում էին բազմաթիվ նշանավոր մարդկանց, այդ թվում՝ Ալեքսանդր եւ Վիլհելմ ֆոն Հումբոլդտներին եւ Գրիմ եղբայրներին։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո Լեփսիուսն ուղեւորվեց Էրլանգեն՝ աստվածաբանություն ուսանելու։ Առաջին կիսամյակն ավարտելով՝ նա լքեց ինչպես համալսարանը, այնպես էլ քաղաքը, տեղափոխվեց Մյունխեն, որտեղ հրաժարվեց աստվածաբանություն ուսանելուց եւ սեղմ ժամկետում՝ մինչեւ 1880 թվականը, ստացավ փիլիսոփայության դոկտորի կոչում։ Չնայած իր բարձր աստիճանին՝ նա որոշեց չշարունակել գիտական կարիերան եւ վերստին նվիրվեց աստվածաբանությանը, այս անգամ՝ Գրիֆսվալդում։

Այդ տարի ավելի ուշ Յոհաննես Լեփսիուսը մեկնեց Երուսաղեմ, որտեղ աշխատանքի անցավ որպես գերմանական բողոքական դպրոցի ուսուցիչ եւ գերմանական համայնքի քարոզչի օգնական։

Միանալով սիրիական որբանոցի խորհրդին՝ նա կյանքում առաջին անգամ առերեսվեց քրիստոնյաների հալածանքներին։

Որբանոցը բացվել էր 1860 թվականին՝ տարածաշրջանի քրիստոնյա բնակչության կոտորածներից հետո։ Տասնիններորդ դարի Երուսաղեմը, սակայն, բազմազգ քաղաք էր, որտեղ մահմեդականները, քրիստոնյաները եւ հրեաներն ապրում էին գերազանցապես խաղաղ համակեցության պայմաններում՝ օսմանյան գերիշխանության ներքո։

Այստեղ էր, որ Լեփսիուսը հանդիպեց Երուսաղեմի բողոքական եպիսկոպոսի թոռանը՝ Մարգարեթ Ցելլերին, որին բոլորը ճանաչում էին որպես Մեգի։ Նա էլ, ահա, դարձավ Յոհաննեսի առաջին կինը։ 1886 թվականին նրանք Երուսաղեմից մեկնեցին Ֆրանկֆուրտ, որտեղ բնակություն հաստատեցին մի քանի ամսով, նախքան Լեփսիուսը 1887 թվականի հունվարին կստանձներ Հարցի լեռներում Վիփրա քաղաքի մոտ գտնվող Ֆրիսդորֆ փոքրիկ գյուղի հոգեւոր առաջնորդությունը։ Մարզում աղքատությունը հաղթահարելու նպատակով նա հիմնեց գորգագործարան, որում շուտով աշխատանքի անցավ քառասուն կին։
 

Գերմանական բարեգործություն

Երբ Լեփսիուսը տեղեկանում է Օսմանյան կայսրությունում Աբդուլ Համիդ Բ սուլթանի իշխանության օրոք 1894 թվականից հայերի դեմ իրագործվող ոճիրների մասին, նա հրաժարվում է իր պաշտոնից եւ թոշակի իր իրավունքից։ Համարվում է, որ համիդյան ջարդերին զոհ է գնացել մոտ 300,000 հայ։

1896 թվականին ընկերների հետ Լեփսիուսը հիմնում է Հայաստանի օգնության գերմանական բարեգործական հիմնադրամ եւ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով որոշում ուղեւորվել հայաբնակ վայրեր։

1896 թվականի գարնանը, ծպտվելով որպես գորգավաճառ, նա շրջում է Արեւմտյան Հայաստանում, որքան որ օսմանյան իշխանությունները կթույլատրեին։ Ի հեճուկս վերջիններիս միջամտությունների՝ նա կարողանում է հայտնաբերել բազմաթիվ վայրեր, որ դեռ կրում էին 1894-ին սանձազերծված սպանդի հետքերը եւ հաստատում ժամանակին ականատեսների կողմից տրված համակողմանի վկայությունները։ Այս ամենից խորապես ցնցված՝ նա անմիջապես վերադառնում է Գերմանիա եւ փորձում հանրային դասախոսությունների միջոցով հասարակությանն իրազեկել  հայերի հետ տեղի ունեցող սանձազերծված իրադարձությունների մասին։
 

Պատմելով ճշմարտությունը

Բեռլինում լույս տեսնող Der Reichsbote թերթը 1896 թվականի օգոստոսի 12-ին տպագրում է «Ճշմարտությունը Հայաստանի մասին» հոդվածաշարի առաջին մասը։ Շուտով շարքը հրատարակվում է նաեւ որպես գիրք՝ «Հայաստան եւ Եվրոպա. մեղադրական եզրակացություն ընդդեմ քրիստոնյա գերտերությունների եւ կոչ քրիստոնյա Գերմանիային» վերնագրով, որն առաջին իսկ տարում յոթ անգամ վերահրատարակվում է։ Գիրքը թարգմանվում է մի քանի լեզվով՝ հայության ճակատագիրը պահելով հասարակության ուշադրության կիզակետում։ Հայաստանի օգնության գերմանական բարեգործական հիմնադրամի բեռլինյան մասնաճյուղը, որի քարտուղարը հենց Լեփսիուսն էր, եւ որի անդամ են եղել մի շարք նշանավոր մարդիկ, այդ թվում՝ կոմս Անդրեաս ֆոն Բերնշտորֆը, վերանվանվում է «Գերմանական արեւելյան առաքելություն» կազմակերպության եւ սկսում օգնություն տրամադրել Հալեպում, Հյուսիսային Իրանում, Բուլղարիայում եւ այլուր ապաստանած քրիստոնյա փախստականներին։

Հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու եւ նպաստամատույց կազմակերպության համար միջոցներ հայթայթելու առաքելությամբ Լեփսիուսը նախաձեռնում է շրջիկ դասախոսությունների շարք։ Դասախոսություններին մասնակցում է նաեւ կինը՝ Մարգարեթը, որն արդեն վեց երեխա ուներ, մինչդեռ ամենօրյա ռեժիմով օժանդակում էր ամուսնու բոլոր մարդասիրական ձեռնարկումներին։ Այս ամենը Մարգարեթին հասցրեց գրեթե լիակատար ֆիզիկական հյուծման, ինչից էլ 1898 թվականին նա անժամանակ վախճանվեց՝ խոր կսկիծ պատճառելով Լեփսիուսին։ 1900 թվականին Յոհաննեսն ամուսնանում է Ալիս Բրյունինգի հետ, որի հետ ունենում է եւս վեց երեխա։ Այս մեծ ընտանիքի հոգսը մինչեւ իր կյանքի վերջը մեծ խնդիր էր լինելու Լեփսիուսի համար։

1899 թվականին նա վերադարձավ Արեւմտյան Հայաստան՝ ավելի շատ ապացույցներ հայթայթելու բնիկ հայ բնակչության համակարգային հալածանքների վերաբերյալ։ Հաջորդած տարիներին Գերմանական արեւելյան առաքելությունը Օսմանյան կայսրության ծայրամասերում հայերի եւ այլ քրիստոնյա փախստականների համար կառուցեց դպրոցներ, արհեստանոցներ ու հիվանդանոցներ՝  այդպիսով դառնալով նպաստամատույց մեծ կազմակերպություն։ Ի լրումն իր այլ հանձնառությունների՝ Լեփսիուսը հիմնադրեց Գերմանա-հայկական ընկերությունը՝ դառնալով դրա նախագահը։ 

Յոհաննես Լեփսիուսը

Հանդիպում Էնվեր փաշայի հետ

1915 թվականի ապրիլին, երբ Եվրոպայում լուր տարածվեց, որ երիտթուրքերի կառավարությունը հրահանգել է հալածանքներ սկսել հայության նկատմամբ եւ ձեռնամուխ է եղել բնակության պատմական վայրերից նրանց զանգվածային տեղահանությանը, Լեփսիուսը կրկին մեկնեց Թուրքիա, այս անգամ՝ Բուխարեստով ու Սոֆիայով։ Ճանապարհին հայ հոգեւորականությունը նրան տրամադրեց Թուրքիայում կոտորածները վերապրածների մանրամասն վկայությունները։

1915 թվականի օգոստոսի 10-ին երիտթուրք պարագլուխներից մեկը՝ ռազմական գործերի նախարար Էնվեր փաշան, անձամբ ընդունեց Լեփսիուսին։ Թեեւ վերջինս ներկայացել էր որպես Արեւելյան առաքելության եւ իր եկեղեցու դեսպանորդ, նրան չհաջողվեց մտքափոխ անել փաշային։ Պետական գործիչը վերահաստատեց իր դիրքորոշումն առ այն, որ չի հանդուրժելու որեւէ օտար պետության միջամտությունն իր երկրի ներքին գործերին։ Նա հրաժարվեց տեղի տալ նույնիսկ այն ժամանակ, երբ նրան ներկայացվեց տնտեսական այն ամբողջ վնասը, որը հայության բռնի տեղահանությունը պատճառում էր Օսմանյան կայսրության արեւելյան շրջաններին։
 

Մերժում հայրենիքում

Իր երկրում եւս Լեփսիուսը սառնասիրտ մերժում է ստանում, երբ փորձում է գերմանական կառավարությանը համոզել միջամտել հանուն հայ ժողովրդի փրկության։ Կանցլեր Ֆոն Բեթման-Հոլվեգը Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպանին ուղղված հեռագրում նշում է. «Մեր միակ նպատակն է ապահովել, որ Թուրքիան մեր կողքին մնա մինչեւ պատերազմի ավարտը։ Կարեւոր չէ՝ հայերը դրանից կկործանվեն, թե ոչ»։ Գերմանիայի քաղաքական կուսակցությունները եւս առանձնակի հետաքրքրություն չցուցաբերեցին այս հարցում։

Այս բոլոր անհաջողությունների առջեւ չընկրկելով՝ Լեփսիուսը չենթարկվեց ռազմական գրաքննությանն ու 1916 թվականին տպագրության հանձնեց Թուրքիայում հայերի կացության վերաբերյալ իր զեկույցը։

Լույս տեսած 25 հազար օրինակները նա տարածեց՝ ուղարկելով երկրի Ռայխստագի և Վյուրտեմբերգի Լանդտագի անդամներին, բողոքական հոգեւորականությանը, համապետական ու տեղական պարբերականների բազմաթիվ գլխավոր խմբագիրների։ Յուրաքանչյուր օրինակ կրում էր «Տպագրված ձեռագիր. հույժ գաղտնի» մակագրությունը։ Երբ 1916 թվականի օգոստոսի 7-ին Ներքին գործերի նախարարությունն արգելեց զեկույցի տպագրությունն ու տարածումը եւ բռնագրավեց մնացած օրինակները, այն արդեն լայնորեն հասանելի էր հանրությանը։ Լեփսիուսը խուսափեց հնարավոր պատժից՝ տեղափոխվելով չեզոքություն պահպանած Նիդերլանդներ։ Իր այս նոր տանը նա հույս ուներ բարելավելու վատթարացող առողջությունը՝ պայքարելով շաքարախտի դեմ։

1918 թվականին նրան մեծապես զարմացրեց Հայկական հարցի վերաբերյալ Գերմանիայի դիրքորոշման վրա լույս սփռող փաստաթղթերը հրապարակելու առաջարկը։ Ըստ ամենայնի՝ Արտաքին գործերի նախարարությունը դիմել էր նրան՝ ձգտելով հերքել ցեղասպանության գործում իրենց մեղսակցության վերաբերյալ մեղադրանքները։ Այդ փաստաթղթերը հրապարակվեցին միայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1919 թվականին, «Գերմանիան եւ Հայաստանը 1914-1918-ին. դիվանագիտական փաստաթղթերի ժողովածու» խորագրով։ Ավելի ուշ Լեփսիուսը քննադատվեց, որ հրապարակել էր արտաքին գերատեսչության կողմից պահվող նյութեր, սակայն նա ցրեց բոլոր կասկածներն իր շարժառիթների վերաբերյալ եւ շեշտեց իր գերագույն նպատակը՝ ապահովել պայմաններ, որ ոչ ոք չկարողանա ժխտել հայերի ցեղասպանությունը։
 

Անձնական հաղթանակ

Շատ չանցած՝  Հայոց ցեղասպանությունը Գերմանիայում կրկին հայտնվեց ուշադրության կիզակետում՝ շնորհիվ ցնցող մի դատավարության, որն արձագանք ստացավ աշխարհով մեկ։ Բեռլինի շրջանային դատարանում քննվում էր Սողոմոն Թեհլիրյան անունով մի հայ ուսանողի գործը։ Վերջինս մեղադրվում էր Թալեաթ փաշայի սպանության մեջ։ 1921 թվականի հունիսի 3-ին՝ նշանավոր դատավարության ավարտին, դատարանն արդարացնող վճիռ կայացրեց։ Թալեաթ փաշան, որը նախկինում եղել էր երիտթուրքական կառավարության ներքին գործերի նախարարը, այդ ժամանակ բնակվում էր Գերմանիայում՝ որպես աքսորյալ։ Թեհլիրյանը խոստովանել էր, որ  գնդակահարել է Թալեաթին 1921 թվականի մարտի 15-ին։ Լեփսիուսի անձնական մեծ հաղթանակը համարվեց այն, որ դատարանում նրա վկայությունն օգնեց արդարացնող դատավճռի կայացմանը։

Պաշտպանության նախապատրաստման ընթացքում Լեփսիուսը Թեհլիրյանի փաստաբաններին աջակցում էր խորհրդատվությամբ, իսկ ինքը դատարանում ելույթ ունեցավ որպես փորձագետ-վկա։ Թալեաթի մեղսակցությունը ցեղասպանության իրականացման հարցում նա հիմնավորեց՝ վկայակոչելով 1919 թվականին իր հրապարակած դիվանագիտական փաստաթղթերը եւ ներկայացնելով Թալեաթի ստորագրությամբ հղված հեռագրերը։

Այդուհանդերձ, Թեհլիրյանի արդարացման դատավճիռն արձակվեց տեխնիկական հիմքով։ Ըստ բժշկական արձանագրության՝ գնդակահարության պահին նա եղել է ոչ լրիվ գործունակության վիճակում՝ էպիլեպսիայի պատճառով։ Այնուամենայնիվ, զոհի եւ մարդասպանի դերերի փոխատեղումն ու հարցի քաղաքական ընդգրկումն այս դատավարությունը վերածեցին համաշխարհային խոշորագույն սենսացիայի։

Իրավունքի պատմության մեջ առաջին անգամն էր, որ պետական դատարանի առջեւ անուղղակիորեն խնդիր էր դրված վճիռ կայացնել մի հարցում, որն առավելապես ծավալվում էր այլ սուվերեն պետության տարածքում գործված ցեղասպանության, այլ ոչ թե բուն սպանության հանգամանքների շուրջ։ Դատավճիռը՝ կրկին անուղղակիորեն, հօգուտ զոհերի էր։ Դատավարության այսօրինակ սենսացիոն շրջադարձը կարելի է մեծապես վերագրել Յոհաննես Լեփսիուսի՝ հայության գերմանացի «պահապան հրեշտակի» մեծ ջանքերին։

                                        Հայկական դրոշմանիշ՝ ի պատիվ Յոհաննես Լեփսիուսի

Այդ ժամանակ Լեփսիուսի առողջությունը սրընթաց վատթարացավ։ 1926 թվականի փետրվարի 3-ին նա վախճանվեց Մերանոյի առողջարանում։ Այս քաղաքում էլ, ապա, հողին հանձնվեց։

2008 թվականին Յոհաննես Լեփսիուսի 150-ամյակը նշելու նպատակով տպագրվեց նրա կյանքին ու գործունեությանն անդրադարձող գրքերի մի ամբողջ շարք, Գերմանիայում եւ Հայաստանում տեղի ունեցան միջազգային գիտաժողովներ, բացվեցին հուշատախտակներ։ Նախորդ տարում Գերմանիայի Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովը հարուցել էր Թուրքիայի կառավարության պաշտոնական դժգոհությունը՝ քվեարկելով Lepsiushaus կազմակերպությանը €600,000 տրամադրելու օգտին։ Այս միջոցներով Պոտսդամի Գրոսսե-Վայնմայստերշտրասսե 45 հասցեում գտնվող առանձնատունը, որտեղ Լեփսիուսն ապրել էր 1908-1925 թվականներին, վերափոխվեց հետազոտական կենտրոնի։

Ներկայումս այն ավելին է, քան զուտ հետազոտական կենտրոնը, եւ վերածվել է գերմանացիների, թուրքերի ու հայերի միջեւ հաշտեցման եւ մշակութային շփումների կենտրոնի։