Մարդասերները. Արիստիդես դը Սուզա Մենդես

Մարդասերները. Արիստիդես դը Սուզա Մենդես

Եվրոպայի արեւմտյան եզրին գտնվող Պորտուգալիան գրեթե չի առնչվել Երկրորդ համաշխարհային պատերազմին եւ հրեաների ու գնչուների բնաջնջմանը։ Սակայն այդտեղ եւս գտնվել են մարդիկ, որ հրաժարվել են անգործ նստելուց, երբ ողբերգությունը մոլեգնում էր մայրցամաքով մեկ։ Վտանգի մեջ գտնվող մարդկանց օգնելու գործում Արիստիդես դը Սուզա Մենդեսը ցուցաբերել է ամենաիսկական խիզախություն՝ վիզա տրամադրելով եւ մահից փրկելով 30 հազար փախստականների, որոնց մեծամասնությունը նացիստների կողմից հետապնդվող հրեաներ էին։ Մենդեսի անունն այժմ ոսկե տառերով փորագրված է «Աշխարհի արդարակյացների» պանթեոնում։

Ոչ դիվանագիտական հարաբերություններ

Արիստիդեսը ծնվել է 1885 թվականի հուլիսի 19-ին Պորտուգալիայի հյուսիսի Կաբանաշ դը Վիրիատու գյուղաքաղաքում, գավառական ազնվականի ընտանիքում՝ հասակ առնելով կաթոլիկների ու մոնարխիստների միջավայրում։ Հայրը Կոիմբրայի վերաքննիչ դատարանի դատավոր էր։ 1907 թվականին փայլուն ավարտելով իրավաբանական դպրոցը՝ Արիստիդեսը հաստատվում է Լիսաբոնում՝ մտադրվելով դառնալ դիվանագետ ու շարունակել հյուպատոսական ուղղությամբ։ Ամուսնանում է իր մանկական սիրո՝ Մարիա Անժելինա Կոելյու դը Սուզայի հետ։ Մասնագիտական ուղու շնորհիվ զույգը պտտվում է աշխարհով մեկ։ Նրանց երեխաները ծնվում են Զանզիբարում, Բրազիլիայում, Իսպանիայում, Միացյալ Նահանգներում եւ Բելգիայում։ 

   Արիստիդես եւ Անժելինա դը Սուզա Մենդես ընտանիքն առաջին վեց երեխաների հետ, 1917թ.

Արիստիդեսի կարիերան խաղաղ չի եղել։ Անկանխատեսելի խառնվածքը նրան հաճախ է հասցրել կարգապահական  խախտումների։ Շատերը համարում էին, որ նրա վարքը, որը գործընկերների ու վերադասների հետ հաճախակի ընդհարումների պատճառ էր դառնում ծառայության երկրներում, հարիր չէ նրա զբաղեցրած պաշտոններին։

1929 թվականին Արիստիդես դը Սուզա Մենդեսը նշանակվում է Անտվերպենում (Բելգիա) Պորտուգալիայի գլխավոր հյուպատոս։ Այնտեղ նա ընկերական կապեր է հաստատում բազմաթիվ հայտնի մարդկանց հետ, որոնցից էին Նոբելյան մրցանակի դափնեկիր Մորիս Մետերլինկը եւ գիտնական Ալբերտ Էյնշտեյնը։ Տասը տարի անց, իր հանդեպ ահագնացած անվստահության, «դիվանագիտական պրոտոկոլին անհարիր վարքի» անողոք քննադատության, ինչպես նաեւ արտաամուսնական կապերի վերաբերյալ սկանդալային տեղեկությունների պայմաններում նա լքում է պաշտոնը եւ փոխադրվում Բորդո։
 

Կյանքի գին ունեցող փաստաթուղթ

Եվրոպայով մեկ տարածվող նացիզմի ալիքը հազարավոր մարդկանց հարկադրեց լքել իրենց տները։ Պորտուգալիայի դիրքն ու չեզոքությունը պատերազմի տարիներին այդ երկիրը ցանկալի նպատակակետ դարձրին բազում փախստականների, հրեաների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար։ Փորձելով ազատվել բռնաճնշումներից՝ նրանք հաճախ ձեռք էին բերում Պորտուգալիայի կեղծ անձնագրեր։

 

                                   Արիստիդես դը Սուզա Մենդեսը 1940 թվականին 

1937 թվականին Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու դը Օլիվեյրա Սալազարը հրապարակավ քննադատեց Նյուրնբերգի ռասիստական օրենքները, իսկ մեկ տարի անց Լիսաբոնի կարդինալ-պատրիարք Մանուել Գոնսալվես Սերեժեյրան բացեիբաց պարսավեց հիտլերյան ռեժիմը։ Միեւնույն տարում Սալազարը Բեռլինում Պորտուգալիայի դեսպանատանը հանձնարարեց անել ամեն հնարավորը պորտուգալական հրեաներին պաշտպանելու համար, իսկ Լիսաբոնում ի հայտ եկան հրեա փախստականների օգնության կազմակերպություններ։

Սակայն 1938 թվականին Ավստրիայի բռնազավթումից եւ 1939-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից հետո անօրինական ներգաղթյալների մեծաքանակ հոսք սկսվեց դեպի Պորտուգալիա։ Երկիրը փորձեց միջոցներ ձեռնարկել՝ սանձելու փախստականների ներհոսքը։ Տրանզիտային վիզաներ տրվում էին միայն այն անձանց, որոնք կարող էին ներկայացնել պետությունից դուրս, սովորաբար՝ Միացյալ Նահանգներ կամ Կանադա մեկնելու նպատակը հաստատող վավերական փաստաթղթեր։

Շատ չանցած՝ Արիստիդես դը Սուզա Մենդեսը խախտեց նոր ընդունված այս օրենքը։ Արտաքին գործերի նախարարությունից համապատասխան ճեպագիրն ստանալուց կարճ ժամանակ անց նա, ղեկավարությանը հակառակ, վիզա շնորհեց ավստրիացի հրեա պատմաբան Առնոլդ Վիզնիցերին։ Անտեսելով Լիսաբոնից ստացված նկատողությունը՝ Մենդեսը կրկին չենթարկվեց հրամանին եւ 1940 թվականի մարտի 1-ին վիզա տրամադրեց Բարսելոնայի համալսարանի նախկին պրոֆեսոր, իսպանացի կոմունիստ քաղբանտարկյալ Էդուարդո Նեյրա Լապորտեին։

Երբ 1940 թվականի մայիսի 10-ին Հիտլերի բանակը ներխուժեց Ֆրանսիա, մի քանի միլիոն փախստական տեղաշարժվեց դեպի Եվրոպայի հարավ։

Բորդոյում Պորտուգալիայի հյուպատոսարանը մինչ այդ պահը տրամադրել էր ընդամենը 1.200 վիզա, սակայն 1940թ. հունիսի 17-ին Մենդեսը որոշում է վիզա տալ բոլոր դիմողներին։

Ավելի ուշ նա բացատրելու էր, որ առաջնորդվել էր «Աստծո զորությամբ»։ «Այս պահից սկսած՝ վիզա եմ տրամադրելու բոլորին՝ անկախ ազգությունից, ռասայից եւ կրոնից»,- որոշել էր նա։

Հյուպատոսարանն սկսեց ամեն օր հարյուրավոր վիզաներ տրամադրել։ Աշխատակազմը գործում էր ուժերի գերլարումով, եւ շուտով նրանց միացավ Րաբբի Քրյուգերը, որը Մենդեսին ճանաչում էր դեռեւս Անտվերպենից։ Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարը Բրիտանական դեսպանատնից բողոքի նոտա ստացավ, որում Մենդեսը մեղադրվում էր, որ ձգձգում է վիզայի բոլոր դիմումները մինչեւ աշխատանքային օրվա ավարտը՝ գանձելով հատուկ սահմանված վճար եւ պահանջելով, որ վիզա ստանալուց առաջ փախստականներից գոնե մեկը նվիրատվություն կատարի պորտուգալական բարեգործական ընկերություններից մեկին։ Լիսաբոնից Մենդեսի ընկերները փորձեցին վերջինիս նախազգուշացնել վերահաս վտանգի մասին, բայց նա միշտ պատասխանում էր. «Ես ստիպված եմ չենթարկվել հրամաններին, քանի որ գերադասում եմ գնալ մարդկանց դեմ, քան Աստծո»։

 

                              Րաբբի Քրյուգերը Արիստիդես դը Սուզա Մենդեսի հետ, 1940թ.

1940 թվականին Արիստիդեսը թողնում է Բորդոն եւ ուղեւորվում Բայոն, որտեղ հունիսի 20-23-ին վերսկսում է իր աշխատանքը Պորտուգալիայի փոխհյուպատոսի գրասենյակից։ Գերմանիայի հետ հունիսի 22-ին Ֆրանսիայի կնքած զինադադարից հետո անգամ Արիստիդեսն արհամարհում է ղեկավարության հրամաններն ու շարունակում վիզա տրամադրել բոլոր դիմողներին, իսկ երբ Հիտլերի տանկերն ի վերջո հասնում են Պիրենեյան լեռների մատույցներին, հյուպատոսը, կյանքը վտանգի ենթարկելով, գնում է դեպի Իսպանիայի սահմանը՝ խնդրելու, որ սահմանապահները թույլ տան փախստականներին մուտք գործել երկիր։

Մենդեսի տրամադրած վիզաների շնորհիվ բազմաթիվ փախստականներ կարողացան մուտք գործել Պորտուգալիա, որտեղ նրանց ապահովեցին կացարանով եւ սննդով։

Սակայն ինքը՝ Արիստիդեսը, հուլիսի սկզբին հետ կանչվեց Լիսաբոն՝ մեղադրվելով մի շարք լուրջ իրավախախտումներում, որոնց թվին էին պատկանում անհնազանդությունը, Բորդոյում պաշտոնեական դիրքը լքելը, դրամաշորթությունն ու փաստաթղթերի կեղծումը։ Հյուպատոսն ազատ արձակվեց կարգապահական տույժով, սակայն դիվանագետի նրա կարիերան դրանով ավարտվեց։

Կյանքի մնացած մասն Արիստիդեսն ապրեց համեստ՝ Կաբանաշ դը Վիրիատուի իր տոհմական տանը, եւ մահկանացուն կնքեց 1954 թվականին՝ լքված ու չքավորության մեջ, ողջ կարողությունը ծախսած եւ իրենից հետո թողնելով 14 երեխա։

1966 թվականին Արիստիդես դը Սուզա Մենդեսի անունը ներառվեց «Աշխարհի արդարակյացների» ցանկում, սակայն Պորտուգալիայի Հանրապետությունը նրան արդարացրեց միայն 1986 թվականի նոյեմբերի 15-ին՝ մահից ավելի քան 30 տարի անց։