Սամանտա Փաուեր

Սամանտա Փաուեր

Դեսպան Սամանտա Փաուերը Հարվարդի համալսարանի Քենեդի դպրոցի Գլոբալ առաջնորդության եւ հանրային կառավարման Աննա Լինդի անվան դասախոս է եւ Իրավաբանության դպրոցի պրակտիկայի դասախոս: Դեսպան Փաուերը «Ռադքլիֆ» հետազոտական ինստիտուտի գիտաշխատող է:

2013-2017թթ. Փաուերը ծառայել է որպես ՄԱԿ-ում ԱՄՆ 28-րդ մշտական ներկայացուցիչ, ինչպես նաեւ Նախագահ Օբամայի կառավարության անդամ: Այս պաշտոնում Փաուերը մասնակցել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ ամենաբարդ պատժամիջոցների կիրառման բանակցություններին, պայքարել է քաղաքական բանտարկյալների ազատ արձակման համար, աջակցել է նոր միջազգային օրենքի ստեղծմանը՝ վնասելու ԻԼԻՊ ֆինանսական ցանցերին եւ օգնել է Նախագահ Օբամայի՝ էբոլայի ճգնաժամը լուծելու բեկումնային գործողություններին: Նախագահ Օբաման նրան կոչել է «արտաքին քաղաքականության առաջատար տեսաբան»՝ ասելով, որ «նա ապացուցել է, որ միջազգային հանրությունն ունի բարոյական պատասխանատվություն եւ լիակատար հետաքրքրվածություն՝ լուծելու հակամարտությունները եւ պաշտպանելու մարդու իրավունքները»:

2009-2013թթ. Փաուերը ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես նախագահի հատուկ օգնական եւ Բազմակողմանի հարաբերությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր տնօրեն: Նրա ուշադրության կենտրոնում էին բռնությունների կանխարգելումը, ՄԱԿ-ի բարեփոխումները, ԼԳԲՏ անձանց եւ կանանց իրավունքները, ինչպես նաեւ կրոնական ազատությունների պաշտպանությունը եւ թրաֆիքինգի կանխարգելումը: Forbes ամսագիրը նրան անվանել է «ԱՄՆ արտաքին քաղաքականության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հզոր խաչակիր», նա ընդգրկվել է TIME ամսագրի «100 ամենազդեցիկ մարդիկ» եւ Foreign Policy ամսագրի «Աշխարհի 100 մտածողներ» անվանակարգերում:

Փաուերը միջազգային ճանաչման է արժանացել՝ որպես աշխարհում Ամերիկայի ներգրավվածության ազդեցիկ պաշտպան: Նրա «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գիրքն արժանացել է Պուլիցերյան մրցանակի, ինչպես նաեւ 2003թ. Գրաքննադատների ազգային մրցանակին: Փաուերը նաեւ New York Times ամսագրի բեսթսելեր «Խաղալով կրակի հետ. Սերխիո Վիերա դե Մեյոն եւ աշխարհը փրկելու պայքարը»(2008թ.) գրքի հեղինակն է, ինչպես նաեւ համախմբագրել է «Անհանգիստ Ամերիկան. Ռիչարդ Հոլբրուկն աշխարհում» (2011թ.) գիրքը Դերեք Շելեյի հետ: Այժմ նա գրում է նոր գիրք՝ «Իդեալիստի կրթությունը», որը ներկայացնելու է նրա՝ պետական ծառայության ժամանակագրությունը եւ արտահայտելու է մարդու իրավունքների ու մարդասիրական գաղափարների դերը ժամանակակից աշխարհաքաղաքականության մեջ:

Սամանտա Փաուերն իր գործունեությունն սկսել է որպես լրագրող՝ աշխատելով թղթակից Բոսնիայում, Արեւելյան Թիմորում, Կոսովոյում, Ռուանդայում, Սուդանում եւ Զիմբաբվեում: Մինչեւ ԱՄՆ կառավարությանը միանալը Փաուերը եղել է Հարվարդի համալսարանի Քենեդի դպրոցի Մարդու իրավունքների «Քար» (Carr) կենտրոնի հիմնադիր գործադիր տնօրեն, TIME ամսագրի սյունակագիր, Atlantic, New Yorker, New York Review ամսագրերի թղթակից:

Փաուերը 9 տարեկանում Իռլանդիայից ներգաղթել է ԱՄՆ: Նա բակալավրի կրթություն է ստացել Յեյլի համալսարանում եւ Իրավաբանության դոկտորի աստիճան՝ Հարվարդի իրավաբանական դպրոցում: Նա ամուսնացած է Քաս Սանսթեյնի հետ եւ ունի երկու երեխա:

«ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ