logo
ՓԱԿԵԼMenu
Ռուբի Ալբա Կաստանյո. «Մարդու իրավունքների պաշտպանությունը զոհաբերություն չէ»

Ռուբի Ալբա Կաստանյո. «Մարդու իրավունքների պաշտպանությունը զոհաբերություն չէ»

2021 թ. «Ավրորայի» հերոս Ռուբի Ալբա Կաստանյոն մարդու իրավունքների պաշտպան է եւ ASOCATDAME գյուղացիների, գյուղական աշխատողների եւ շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ընկերակցության հիմնադիրը, որն աշխատում է պաշտպանել հետապնդումների, բռնի անհետացումների եւ տեղահանության ենթարկվող կոլումբիացի գյուղացիներին: Մենք զրուցել ենք Ռուբիի հետ նրա ընտանիքի պատմության եւ մեծ սիրո մասին, որն իր առաքելության շարժիչ ուժն է: 

Գյուղացիական կյանք

Ծնողներս տուժել են իմ երկրում ընթացող նախորդ պատերազմներից, ու սա ինձ ստիպեց հասկանալ իրավիճակը, որում ապրում էր իմ ընտանիքը՝ մասնավորապես հայրս, որը գյուղացի էր: Ես, կարելի է ասել, լեռներում եմ մեծացել: Համայնքի կարիքների համար գյուղացիներն իրենք ստեղծեցին որոշ կազմակերպություններ եւ կազմակերպչական համակարգեր: Դա ուսանելի փորձ էր ինձ համար, ինչին եւ ես սիրահարվեցի: 

Մեր տարածքում ճանապարհները շատ խորդուբորդ էին, քարուքանդ, ու գյուղացիները նորոգեցին դրանք: Երբ հայրս ինձ տանում էր քաղաք, տեսնում էի, որ ուրիշ կյանք կա: Ես սկսեցի ցանկանալ լինել ավելի լավը, կազմակերպել եւ վերափոխել: Ինչո՞ւ ճանապարհն ավելի լավը չէր: Ինչո՞ւ չկային դպրոցներ: Ես ուզում էի սովորել: Ինչո՞ւ չկային առողջապահական կենտրոններ: Եվ այդպես ես սկսեցի գործել:  

Ես հասկացա, որ շատ բաներ չկան տարածաշրջանում: Մենք ստեղծեցինք կոլեկտիվ սոցիալական շարժումներ, եւ իրականացված աշխատանքի շնորհիվ իրավիճակը բարելավվեց: Հասկանալով պայմանները, որոնցում մենք ապրում էինք, ինչ-որ պահից ինձ համար ավելի հեշտ դարձավ ներգրավվել ղեկավար կազմում՝ մտածելու, թե ինչպես փոխել եւ բարելավել իրավիճակը: 

Հիմքից կառուցելով 

Պետությունը գյուղացու կողքին չէր: Կային բրինձ աճեցնող ֆերմերների, սուրճ աճեցնողների միություններ, որոնց մեջ էր նաեւ հայրս, ինչպես նաեւ անասնաբույծ ֆերմերների որոշ կազմակերպություններ: Նրանք էին, որ, օգտագործելով իրենց փոքր ռեսուրսները, լուծումներ էին փնտրում գյուղացիների կյանքը բարելավելու համար: Տեսնելով, որ դա աշխատում է՝ մենք եւս այդ ճանապարհով գնացինք: Մենք սկսեցինք աջակցել փոքրամասնություններին, որոնք տարածքներում մասնակցում էին ներկայացուցչական մարմինների ընտրություններին: 

Խոսքը կառուցելու եւ բաշխելու մասին է: Նախ, պետք էր մշակել այն գործընթացների ռազմավարությունը, որը մենք հաստատում էինք իբրեւ ներքին քաղաքականություն, որն էլ մեզ հնարավորություն էր տալիս հողն արդար կերպով բաշխել գյուղացիներին: Դրանք պետության ամայի տարածքներն էին: Հետո այնտեղ կառուցվեցին առողջապահական կենտրոններ, դպրոցներ, քոլեջներ, սպորտային կենտրոններ, նորոգվեցին այդ շրջան տանող ճանապարհները: Ես տեսա, որ սա իսկապես շատ օգնեց:  

Միաժամանակ ես աշխատում էի կազմակերպությունների հետ: Երբ պատերազմը սկսվեց, մենք տեսանք, որ սպանում էին հատկապես ամենից շատ աչքի ընկնող, մեծահասակ առաջնորդներին: Այդ ժամանակ մենք երիտասարդ էինք: Ես կանգ չառա՝ դառնալով նրանցից մեկը, որ շարունակեց սպանվածների գործը: 

Մենք սկսեցինք բարձրաձայնել մեր կասկածների մասին: Բայց ես նաեւ պետք է պատրաստվեի, թե ինչպես էինք հնչեցնելու այդ մեղադրանքները, որպեսզի խուսափեինք հետապնդումներից կամ գոյություն ունեցող բարդ ու խճճված արդարադատության ճիրաններում հայտնվելուց, որը գործում է հօգուտ պատերազմն իրականացնողների: Դրանց թվում են նույն պետական կառույցները եւ ինչ-որ պահի նաեւ դատավորները, ինչպես նաեւ նրանք, ովքեր առնչություն ունեն հետաքննության հետ:

 

Սերը, որ սարեր է շարժում

Ճիշտ է, ես վախենում եմ: Ուժը կամ դիմադրությունը, որով կարող եմ արձագանքել դրան կամ չհանձնվել, պատմություն է ցավի մասին: Պատմություն, որը լի է անարդարություններով: Բայց ես շարունակում եմ պայքարը, որովհետեւ այն անհրաժեշտ է, եւ ես սիրում եմ իմ երկիրը, իմ ընտանիքը, կյանքը: 

Ինչ-որ առումով այն ստիպում է «զոհաբերել» ինքս ինձ, բայց չակերտներով, քանի որ դա ինձ համար զոհաբերություն չէ: Դա իմ աշխատանքն է: Երջանկություն է, երբ տեսնում եմ, որ իմ աշխատանքի շնորհիվ մահ է կանխվել, կալանավորում, որ երիտասարդը չի ձերբակալվել եւ ծեծի չի ենթարկվել, կանխվել է գյուղացու սպանությունը կամ բարելավվել է մյուս գյուղացիների կամ համայնքների կյանքը, որոնք ապրում են այս տարածքներում, որտեղ ես մեծացել եմ, որոնք ես գիտեմ, եւ գիտեմ, թե մարդիկ ինչպես են տառապում այնտեղ: Մարդու իրավունքների պաշտպանությունն ինձ համար զոհաբերություն չէ: Կարծում եմ՝ երբեք էլ չի եղել: 

Դա այն է, ինչ ես սիրում եմ անել: Դա այն է, ինչի համար ես փորձում եմ օգտագործել յուրաքանչյուր գործիք, որի հնարավորությունը տալիս է օրենքը, իրավունքը, մարդկային սկզբունքները՝ պաշտպանելու մարդկանց կյանքը: Կարծում եմ, որ բոլոր իրավապաշտպաններն են դա զգում, քանի որ երբեմն մենք մեզ ենք վտանգի ենթարկում: Մենք չենք վարանում գնալ, հանդիպել զինված անձի հետ եւ ասել. «Ինչո՞ւ ես անում դա: Պետք չէ անել: Դու մեծ ցավ ես պատճառում մարդկանց»: 

 

Ինչ սպասել

Իմ երկրի համար շատ անորոշ ապագա եմ տեսնում: Այդ ապագայում երիտասարդները պահանջում են ավելի մասնակցային քաղաքականություն, որը շատ ավելի շահեկան է բնակչության համար: Զարգանալու համար մեզ պետք են պատրաստված երիտասարդներ: Ու նրանք իրականացնում են մի շարք գործողություններ, որոնք տեսանելի են դարձնում կարիքը կամ ավելի շուտ խնդիրներն ու թերությունները, որոնք կան երկրում: 

Սա նրա համար է, որպեսզի չկրկնվի այն, ինչ մենք ենք ապրել: Որպեսզի այն, ինչ կատարվել է Կոլումբիայում, չկրկնվի, կամ յուրաքանչյուր սերունդ ստիպված չլինի վերապրել այդ ցավը: Իմ սերունդը, իմ գործընկերները, ինձ հետ ապրած երիտասարդները, ում հետ սովորել ենք, քայլել միասին, ում հետ աշխատել ենք կազմակերպություններում, մենք գրեթե 800 ուսանող ենք եղել․ եթե մոտ 100-ը ողջ լինեն, արդեն մեծ թիվ է: Մեզ հալածում էին, սպանում, վերացնում, հետապնդում: 

Հիմա մարդիկ ավելի ակտիվ են, զգոն: Կարծում եմ՝ այն աշխատանքը, որ արել ենք խնդիրները տեսանելի դարձնելու համար, մեղադրանքները, որ հնչեցրել ենք տարիներ ի վեր տարբեր հարթակներից, ստիպել են երիտասարդներին եւս նայել այդ ուղղությամբ: Բայց բողոքի ցույցերը, երթերը եւ գործադուլները միայն երիտասարդները չէ, որ անում են: Կա գյուղացիների, բնիկների, աֆրոկոլումբիացիների եւ բանվորների մեծ համայնք: Եվ հիմա նրանց ավելացել են նաեւ երիտասարդները, ինչը մեր օրերի ֆենոմենն է:  

Ռուբի Կաստանյոյի՝ հողային իրավունքների համար մղած անդադար պայքարի շնորհիվ շահել է ավելի քան 3.000 մարդ: Մերօրյա խիզախ հերոսներին աջակցելու համար  նվիրաբերեք «Ավրորային», օգնեք նրանց շարունակելու իրենց կենսական գործունեությունը: