«Իբրեւ կինոռեժիսոր՝ Մամուլյանն ինքնուս հանճար էր», – Ալիս Բիրնի, ԱՄՆ Կոնգրեսի գրադարան
Ով է նա
Ռուբեն Մամուլյան կինոռեժիսորն ստեղծագործել է այն ժամանակահատվածում, որը «կինոյի ոսկեդար» պիտի կոչվեր։ Նա մշտապես առաջ էր մղում կինոարտադրությունը՝ նոր տեխնիկական միջոցներով փոխելով ֆիլմերի նկարահանման ձեւերն ու մեթոդները։
Մամուլյանը ծնվել է Թիֆլիսում (ներկայիս Վրաստանի Թբիլիսի մայրաքաղաքը), երբ քաղաքը դեռեւս Ցարական Ռուսաստանի կազմում էր։ Սովորել է Ստանիսլավսկու եւ Վախթանգովի հետ, իսկ ապա տեղափոխվել Միացյալ Նահանգներ, հաստատվել Նյու Յորքում եւ սկսել դասավանդել Իսթմանի երաժշտական դպրոցում (Eastman School of Music)։ Թեպետ նրան հիշում են հիմնականում որպես նորարար կինոռեժիսորի՝ նա իր գործունեությունը սկսել է Նյու Յորքի թատրոններում ներկայացումներ բեմադրելով։ Որպես թատերական ռեժիսոր կայանալուց եւ հայտնի դառնալուց հետո էր միայն, որ նրան հրավիրեցին Հոլիվուդ՝ ֆիլմեր նկարահանելու։
Իր կարիերայի ընթացքում նա նկարահանել է «Ծափահարություններ» (Applause) ֆիլմը, որը պատմության առաջին ձայնով կինոնկարներից էր։ Կոնգրեսի գրադարանը ֆիլմի նկարագրում է՝ համեմատելով Օրսոն Վելեսի «Քաղաքացի Քեյն» (Citizen Kane) կինոնկարի հետ՝ նախկինում երբեւէ չկիրառված տեխնիկական միջոցների համարձակ փորձարկումների իմաստով։ Մամուլյանի ղեկավարությամբ նկարահանված «Դոկտոր Ջեքիլն ու Միսթըր Հայդը» ֆիլմի դերասան Ֆրեդերիք Մարչն իր դերակատարության համար արժանացավ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի։ Ամերիկայի ռեժիսորների գիլդիան Մամուլյանին հետագայում արժանացրեց պատվավոր մրցանակի «Կյանքի ընթացքում ունեցած նվաճումների համար»։
«Թայմս» պարբերականի գրական հավելվածը, անդրադառնալով Մամուլյանի լուսանկարներից մեկին, որում նա պատկերված է հոլիվուդյան այլ հայտնի կինոռեժիսորների, այդ թվում՝ Ալֆրեդ Հիչքոքի հետ (կողքին նստած), գրում է. «Ամերիկյան մեծագույն ռեժիսորների շարքում նրա ներկայությունը տեղին է ու անվիճելի՝ նման լուսանկարում իր դիրքին՝ գործընկերներից քիչ անջատ եւ քիչ ավելի առաջ»։
Հետաքրքիր փաստ
Ըստ Ջեքի Քուփերի՝ Մամուլյանը նրա քեռին էր։
Ավելին
Ռուբեն Մամուլյանի կենսագրությունը (անգլ.) - Turner Classic Movies
Մամուլյանի հավաքածուն բերվում է Կոնգրեսի գրադարան (անգլ.)
Ռուբեն Մամուլյանի անձնական արխիվը (անգլ.)