Բիզնեսի դերը

Բիզնեսի դերը

Երկրորդ օրվա քննարկումների շարքից վերջինը կենտրոնացած էր Միգրացիայի եւ դրանում բիզնեսի դերի վրա: Այն վարում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Flagship Pioneering ընկերության գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը: Քննարկման մասնակիցներն էին B. Braun Melsungen-ի վերահսկողական խորհրդի նախագահ Լյուդվիգ Գեորգ Բրաունը, «Յունիլեվերի» գործադիր տնօրեն Պոլ Պոլմանը, PACT-ի գործադիր տնօրեն Մարկ Վիսոն եւ Մեքսիկայի նախկին նախագահ, Յեյլի համալսարանի գլոբալիզացիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Էռնեստո Սեդիլյոն:
Նուբար Աֆեյանը ներկայացրեց քննարկման մասնակիցներին՝ նշելով. «Փախստականներն այսպես ասած ծայրահեղ իմիգրանտներ են: Նրանք պարտադրված իմիգրանտներ են, իսկ իմիգրանտներն իրենց հյուրընկալ հասարակություններում հաճախ դառնում փոփոխության շարժիչներ, ստեղծում են աշխատատեղեր: Նորարարության ոլորտից լինելով՝ ինձ հաճախ հետաքրքրել է, թե ինչու է դա այսպես»:
 
«Այս քննարմանը մասնակցում են մարդիկ, ովքեր որոշել են իրենց գործարար եւ քաղաքացիական կյանքի ջանքերի նշանակալի մասը նվիրել այս հարցերի հաղթահարմանը, քանի որ հիմնական միտքն այն է, որ եթե մենք սպասենք, որ պետությունները լուծեն այս խնդիրները, մենք դեռեւս երկար ժամանակ ստիպված կլինենք սպասել: Ներկայիս փախստականներն իրապես ժամանակ չունեն»,- նշեց նա:
 
Էռնեստո Սեդիլյոն նշեց, որ կարեւոր է հասկանալ, որ այսօր մեր առջեւ ծառացած խնդիրը ոչ թե Աստծո կողմից է սահմանված, ոչ էլ բնական աղետ է: «Այսօր մեր առջեւ ծառացած բոլոր ողբերգական խնդիրներն իրականում ստեղծված են մարդու կողմից»,- ասաց նա՝ հիշեցնելով քաղաքական գործիչներին, որ. «ի վերջո սա նաեւ իշխանության մասին է»: «Երբեմն կառավարություններն ու իշխանավորներն արձագանքում են այն բաներին, որոնք գալիս են ներքեւից: Ուստի կարծում եմ, որ մեր պատասխանատվության հարցն է ձայնը տալ ձայն չունեցողներին եւ ասել՝ եկեք եւ լուծեք խնդիրներն այն գործիքներով, որ մարդկությունը ստեղծել է դեռեւս երկար ժամանակ առաջ՝ քաղաքականութուն, դիվանագիտություն, քաղաքակրթություն»,- նշեց նա:
 
Պոլ Պոլմանն էլ ուղղակիորեն անդրադարձավ բիզնեսի պատասխանտվությանը: «Քանի դեռ մենք այս բոլոր մարտահրավերներին չենք արձագանքել, դրանց գինն ավելի է բարձրանալու բիզնեսի համար»,- նշեց 400 հայտնի բրենդներ ունեցող համաշխարհային կորպորացիայի ղեկավարը:
 
Գերմանական բժշկական եւ դեղագործական սարքավորումների ընկերության տնօրեն Լյուդվիգ Գեորգ Բրաունն էլ նկարագրեց այն արդյունքները, որոնք իրենց ընկերությունն արձանագրել է փախստականներին օգնելով: Գրանցելով Իրաքից եւ Սիրիայից Գերմանիա եկած փախստականներին՝ նրանք կատարել են հետեւյալ դիտարկումները. փախստականների 85 տոկոսը 40 տարեկանից երիտասարդ է, ուստի պոտենցիալ աշխատուժ է: 20 տոկոսը մինչեւ 18 տարեկաններ են, ովքեր սկսել են դպրոց գնալ: Նրանք այդ երիտասարդների համար կազմակերպել են լեզվի դասընթացներ եւ սկսել են սովորեցնել մշակութային նորմեր, այդ թվում՝ գենդերային հավասարություն: Լեզու սովորելու հետ մեկտեղ փախստականները կարող էին ստանալ արհեստագործական կրություն՝ կախված իրենց հմտություններից:  
 
Մարկ Վիսոյի ընկերությունը՝ PACT-ը, գործընկերություն է հաստատել Chevron-ի հետ՝ Նիգերիայում համայնքային առողջապահական նախաձեռնություններ իրականցնելու նպատակով: «Այն լուծումները, որոնք մենք կարող ենք ողջունել ներկայացվում են հենց այս քննարկման ժամանակ՝ կառավարության, մասնավոր հատվածի, շուկայի եւ քաղաքացիական հասարակության հատման կետում»: