Գավրոյանն, ի վերջո, փոխում է ազգանունը՝ հարգանքի տուրք մատուցելով հոր՝ Հովհաննեսի հիշատակին, որը ինչպես եւ հազարավոր այլ հայ զորակոչիկներ, սպանվել էր օսմանյան բանակում ծառայելու ընթացքում։
Հովհաննիսյանը պատմության բակալավրի իր կոչումն ստացել է 1954-ին Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի), իսկ փիլիսոփայության դոկտորի կոչումը՝ 1966-ին Կալիֆորնիայի պետական համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում (UCLA)։ Նա UCLA-ի դասախոսական կազմին է միացել 1962-ին՝ լինելով երիտասարդ գիտնական, իսկ 1986‑ին նշանակվել է «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամի կողմից հովանավորված եւ Լոս Անջելեսի համալսարանում հիմնադրված ժամանակակից հայոց պատմության ամբիոնի առաջին վարիչ։
Հովհաննիսյանի վաղ գիտական աշխատանքի առանցքում Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920թթ.) պատմությունն էր։ Փիլիսոփայության դոկտորի նրա թեզը՝ «Հայաստանն անկախության ճանապարհին» (Armenia on the Road to Independence), լույս է տեսել 1967թ.։
Այն նախաբանի դեր կատարեց քառահատոր աշխատության համար, որն առայսօր համարվում է այս թեմայի վերաբերյալ առավել հանգամանալի ու ճանաչում գտած աշխատություն։
Հովհաննիսյանը Guggenheim-ի կրթաթոշակառու է, որը բազմաթիվ պարգեւների է արժանացել իր գիտական գործունեության ու հայագիտական հետազոտությունների առաջխաղացման մեջ ունեցած ավանդի համար։ Նրա կենսագրական տվյալները ներառված են «Ով ով է Ամերիկայում» (Who's Who in America) եւ «Ով ով է աշխարհում» (Who's Who in the World) գրքերում, ի թիվս այլ տեղեկատվական հրատարակությունների։
Հովհաննիսյանը բազմաթիվ գիտական ու հասարակական կազմակերպությունների տնօրենների խորհրդի անդամ է, այդ թվում՝ «Առերեսում պատմության ու մեզ հետ» (Facing History and Ourselves Foundation) հիմնադրամի, Հոլոքոստի եւ ցեղասպանության միջազգայիին ինստիտուտի, Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամի, Կլերմոնթ ՄքՔեննա քոլեջի մարդու իրավունքների «Mgrublian» կենտրոնի եւ Հայագիտական հետազոտությունների ընկերակցության, որը նախաձեռնել է 1970-ականներին։ 2011թ. Հովհաննիսյանն արժանացավ Լոս Անջելեսի համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի «Ամենաոգեշնչող ուսուցիչ» մրցանակին։ Նա նաեւ քաջ հայտնի է հայկական քաղաքացիական ու քաղաքական գործողություններում իր ներգրավվածությամբ, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությունը Շոայի հիմնադրամում ինտեգրելու իր աշխատանքի համար։
1997-ից Հովհաննիսյանը UCLA-ում կազմակերպել ու ղեկավարել է Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի պատմական մարզերին նվիրված մի շարք ուշագրավ խորհրդաժողովներ, որոնք համախմբել են առաջատար գիտնականների ողջ աշխարհից՝ ներկայացնելու բազմադիսցիպլինար աշխատություններ այս վայրագորեն ոչնչացված հայկական աշխարհի վերաբերյալ։ Նրա որդին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայաստանի (երրորդ) Հանրապետության առաջին արտգործնախարարն է եղել, իսկ թոռներից Կարինը կինոռեժիսոր է եւ գրող, որը բնակվում է Լոս Անջելեսում ու Երեւանում։ Նրա մյուս զավակները՝ Արմենը, Անին եւ Կարոն, ակտիվ են հայաստանյան համայնքային ու քաղաքացիական նախաձեռնություններում։
Պատեհապաշտ քրդերն ու բեդվինները՝ որպես փրկիչ
Երբեմն մարդը շնորհակալ է այնպիսի բաների համար, որոնք առաջին հայացքից պարտադիր չէ, որ խիստ դրական թվան։ Նման դեպքերից է նաեւ պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի հոր՝ Գասպար Գավրոյանի փրկության պատմությունը՝ որդու ներկայացմամբ։
Գասպար Հովհաննիսյանը (ծնունդով՝ Գավրոյան)՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հայրը, 1920-ական թթ. |
Ինչպես գիտեն պատմություն ու Մեծ եղեռն ուսումնասիրողները, քրդերը հաճախ մասնակցում էին 1915-ից մինչեւ 1923թ. հայերի կոտորածներին՝ որպես վարձու դահիճներ, որոնց թուրքական կառավարությունը մեծ պարգեւներով էր հրապուրում, որ թուրքական բանակի եւ քաղաքացիական բնակչության հետ միասին կատարեն իր կեղտոտ գործը։
Սակայն որոշ դեպքերում այդ նույն քրդերը, երբեմն՝ անգիտակցաբար, օգնեցին փրկել հայերի մի ամբողջ սերունդ, ինչպես այն դեպքերում, երբ նրանք վերցնում էին հայ ամենագեղեցիկ կանանց եւ աղջիկներին ու տնային ծառայող եւ հարճ դարձնում՝ ստիպելով նաեւ երեխաներ ունենալ։ Այդ կանանցից շատերն, ի վերջո, փախել են գերությունից ու կարողացել իրենց կյանքը վերսկսել որպես հայ։
Հիմնականում հայերով բնակեցված Ֆրեզնոյի մոտ գտնվող փոքր ագարակում մեծացած պրոֆեսոր Հովհաննիսյանը հիշում է, որ իրենց տունը մշտապես բաց էր բոլոր հայերի համար, անգամ բոլորովին օտար, որոնց սիրով ընդունում էին գիշերելու ու ճաշելու իրենց ընտանիքի հետ, եւ որտեղ նրանք նստում էին շատ մեծ սեղանի շուրջն ու պատմություններ պատմում։ Այստեղ ու համայնքային մեծ զբոսախնջույքների ժամանակ, երբ շուրջ 5000 հայ էր հավաքվում Քինգզ գետի մոտ, շիշ-քեբաբի բույրն ու մերձավորարեւելյան երաժշտության հնչյունները ճանաչելի էին մեծ հեռավորությունից։
Հովհաննիսյանը հիշում է, որ երբ փոքր էր, երբեմն վախենում էր նման հավաքույթների ընթացքում՝ տեսնելով ցեղասպանությունը վերապրած որոշ կանանց դեմքերի դաջվածքները։
«Այդ կանանց տեղահանության ճամփաներից հանել էին բեդվինները (կիսաքոչվոր անապատային արաբները), որոնք դաջվածք էին անում նրանց վրա՝ դրոշմելու որպես սեփականություն, ինչպես նաեւ անճանաչելի դարձնելու այն հայերի համար, որոնք կարող էին գալ ու հետ պահանջել նրանց։ Նրանց կիսադեմերին խոշոր կապույտ գանգուրներ էին կամ մեդալյոններ։ Նրանց շրթունքներն էլ երբեմն ամբողջովին կապույտ էին։ Սա շատ ավելի վաղ էր, քան դաջվածքը նորաձեւ կդառնար երիտասարդ կանանց շրջանում,- ասում է Հովհաննիսյանը,- այնուամենայնիվ, նրանք գոնե ողջ են մնացել»։ Պրոֆեսոր Հովհաննիսյանի հերոս ու իսկապես հմայիչ հոր պատմությունն այս պատումի մեկ այլ տարբերակ է։
Գասպար Հովհաննիսյան, ծնունդով՝ Գավրոյան
Ռիչարդ Հովհաննիսյանի հայրը՝ Գասպար Հովհաննիսյանը, ընդամենը 13 տարեկան էր, երբ նրա ամբողջ ընտանիքին տեղահանեցին Խարբերդի մոտ գտնվող Բազմաշենից («Բազմաշեն» հայերեն նշանակում է «շատ տներով գյուղ»)։ Հազիվ դեռահաս՝ Գասպարը միացավ գաղթի քարավանին՝ հղի մոր եւ երկամյա եղբոր հետ, քայլելով դեպի հարավ՝ Սիրիական անապատ ու անխուսափելի մահ։ Ինչ-որ մի պահի նրան նկատեցին քրդական ցեղերի ներկայացուցիչները։
Նրանք ճիշտ ընտրություն էին անում. Գավրոյանն ամրակազմ հայ երիտասարդ էր, ու քրդերը մտադիր էին նրան օգտագործել առօրյա ու հարկադիր աշխատանքներ կատարելու համար։
Նրան առանձնացրին մորից ու կրտսեր եղբորից, որոնց իրենց մյուս համագյուղացիների հետ քշեցին դեպի անհայտ վերջաբան։ Գասպարը երկու տարի մնաց ստրկացած կարգավիճակում։ Սակայն նա նաեւ խելացի էր եւ ինչ-որ պահի, 1917 թվականին, ինքնակամզակերպվեց՝ փախչելով իրեն գերեվարած քրդերից։
Հետագայում ինչ-որ տեղ նա լսեց, որ լեգենդար հայ զորավար Անդրանիկը հասել է Երզնկա (Էրզինջան)։ Ունենալով շատ քիչ գումար ու սնունդ, որ հաջողացրել էր կուտակել, նա, անցնելով Դերսիմի ալեւիական հենակետը, ճանապարհվեց դեպի Երզնկա ու ռուսական առաջագծեր, որտեղ էլ միացավ Անդրանիկի բանակի այլ կամավորներին ու կռվեց նրանց հետ։ 1918-ին Անդրանիկը նահանջեց դեպի Կովկաս։ Գավրոյանը հասավ Հյուսիսային Կովկաս, սակայն բռնվեց կարմիրների ու սպիտակների միջեւ ընթացող ռուսական քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Որոշ ժամանակ բանտում անցկացնելուց հետո՝ 1919թ., նա ազատվում է եւ ինչ-որ կերպ հասնում մոտ 900կմ դեպի արեւմուտք գտնվող Կոստանդնուպոլիս։ Կալիֆորնիայում ապրող հորեղբոր միջոցով նա Թուրքիայի մայրաքաղաքում կապվում է ամերիկյան բարեգործական մի գործակալության հետ, որը նրան 50 ԱՄՆ դոլար է տրամադրում, որպեսզի նավի ամենացածր կարգի տոմսով հասնի Նյու Յորք։
Գասպար եւ Սիրուն Գավրոյանների հարսանիքը |
Հովհաննիսյանը հիանում է հոր տոկունությամբ ու խելքով. երիտասարդ, որն այսքան բանի միջով է անցել, երբ դեռ 20 տարեկան չկար. «Ի՞նչ է նա վճարել ալեւիներին, որ անվտանգ անցնի Երզնկա։ Փո՞ղ։ Ապրա՞նք։ Չգիտեմ։ Դերսիմի ալեւի բնակչությունը, ասում են, տանիք է եղել ու շարունակում է լինել ծագումով հայ շատ մարդկանց համար, եւ նրանք աջակցել են հայ փրկվածներին կամ իրենց առեւանգողներից փախուստի դիմածներին՝ օգնելով հասնել ռուսական դիրքեր»։
Հարցին, թե արդյո՞ք ինքը երախտապարտ է այն անձանց, ովքեր, հնարավոր է, ողջ ընթացքում օգնել են իր հորը, թեկուզ եւ, գուցե, կաշառելու միջոցով, պրոֆեսոր Հովհաննիսյանը պատասխանում է. «Գիտե՞ք... ժխտումը թույլ չի տալիս, որ հայերը գնահատեն լավ թուրքերին, իսկ նրանք շատ էին։ Ես պատմության վերաբերյալ 800-ից ավելի բանավոր հարցազրույցներ եմ վարել փրկվածների հետ, եւ գրեթե բոլոր դեպքերում որեւէ արդարամիտ մահմեդական օգնել կամ ջանացել է օգնել նրանց։ Տեւել է այդ օգնությունը մեկ օր, մեկ շաբաթ, թե մեկ տարի՝ արդյունքում հայ է փրկվել»։ Այնուհետեւ նա դադար է տալիս ու ավելացնում. «Երախտապա՞րտ... Եկեք պարզապես ասենք, որ ես գնահատում եմ»։
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: