ՐԱՖՖԻ (ՀԱԿՈԲ ՄԵԼԻՔ-ՀԱԿՈԲՅԱՆ). ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՈԳԵՇՆՉԱԾ ԳՐՈՂ

ՐԱՖՖԻ (ՀԱԿՈԲ ՄԵԼԻՔ-ՀԱԿՈԲՅԱՆ). ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՈԳԵՇՆՉԱԾ ԳՐՈՂ

«Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ»։

 

Նրա մասին

Վերջին երեք հարյուր տարում թերեւս չի եղել մեկ ուրիշ գրող, որն այնքան մեծ ազդեցություն է գործել հայ ժողովրդի մտածողության վրա, որքան Րաֆֆին՝ Հակոբ Մելիք-Հակոբյանը։ Նրա վեպերն ու պատմվածքները Հայաստանի ու հայության պատմությունը ներկայացնում են վառ մանրամասներով՝ խարազանելով ազգի եւ նրա առաջնորդների թուլություններն ու կեղծ բարեպաշտության դրսեւորումները։ Իրավամբ՝ Րաֆֆու գործը դարձավ այն շարժման սկիզբը, որը հետագայում կոչվեց «Զարթոնք», եւ որի ընթացքում հայությունն իր ականավոր մտավորականների եռանդուն գործունեության շնորհիվ ընթացավ հայկական ազատ ու անկախ պետականության գաղափարին ընդառաջ։ 

Րաֆֆին ծնվել է Պարսկական կայսրության Սալմաստ քաղաքին մերձակա Փայաջուկ գյուղում։ Կրթությունը շարունակելու նպատակով հայրը նրան ուղարկել է Թիֆլիս, որտեղ նա դարձել է «Մշակ» պարբերականի հրատարակչի՝ ժամանակի ականավոր մտավորական Գրիգոր Արծրունու հովանավորյալը եւ սկսել կանոնավորապես թղթակցել պարբերականին՝ այնտեղ տպագրելով իր կարճ պատմվածքները եւ տարիների ընթացքում աստիճանաբար վաստակելով գրողի իր համբավը։ 

Երբ հոր գործերը վատթարացան, Րաֆֆին փորձեց ստանձնել դրանց կառավարումը, սակայն անհաջողության մատնվեց։ Զրկվելով եկամտի այլ աղբյուրից՝ նա ամբողջովին կախված մնաց գրական գործունեությունից ու թեեւ իր բեղուն գրչով հանդերձ այդպես էլ երբեք բավարար չվաստակեց, այնուամենայնիվ, կարողացավ իրեն եւ իր ընտանիքը զերծ պահել աղքատությունից։ 

Րաֆֆին հավատացած էր, որ հայ ժողովրդի կրած զրկանքներն ու անարդարությունները ազգի հավաքական գիտակցությանը հասցնելու եւ զանգվածների զգոնությունն արթնացնելու լավագույն միջոցը պատմվածքները եւ, մասնավորապես, վեպերն են, ուստի փորձում էր ընդգրկել ընթերցողների հնարավորինս մեծ լսարան։ Իր գրքերը, այդ թվում՝ «Խենթը», «Կայծեր» եւ «Ջալալեդդին» վեպերը, մեծ ժողովրդականություն գտան, սակայն չունեցան այն ազդեցությունը, որին Րաֆֆին ցանկանում էր հասնել իր կյանքի ընթացքում։ Դրանք, սակայն, ոգեշնչման աղբյուր դարձան գրողների հաջորդ սերնդի եւ Հայ դատի նվիրյալ հեղափոխականների համար, իսկ Րաֆֆու ձեւակերպած անկախության եւ ինքնիշխանության գաղափարը, արմատավորվելով հայության հավաքական գիտակցության մեջ, ի վերջո բերեց հայկական անկախ պետականության ստեղծմանը։ 

Րաֆֆու աճյունն ամփոփված է Թբիլիսիի հայկական պանթեոնի տարածքում։ 

 

Հետաքրքիր փաստ 

Րաֆֆին մի անգամ այցելել է Մշո Առաքելոց վանք՝ հարգանքի տուրք մատուցելու միջնադարի խոշորագույն պատմիչ Մովսես Խորենացուն։ Այնտեղ եղած ժամանակ նա, ի թիվս այլ խնդիրների, տեղի կղերականությանն է ներկայացրել կրթության մասին իր ազատական գաղափարները, որոնք այնքան են վրդովեցրել վերջիններիս, որ քիչ է մնացել Րաֆֆուն նետեն Վանա լիճը։

 

Ավելին

Raffi - Armenian House