Մարդասիրական մրցանակ՝ ընդլայնելով ազդեցությունը եւ փառաբանելով մերօրյա հերոսներին

Մարդասիրական մրցանակ՝ ընդլայնելով ազդեցությունը եւ փառաբանելով մերօրյա հերոսներին

«Մենք բոլորս հերոսների կարիք ունենք: Անկախ նրանից, թե ինչ հասարակության մաս ենք կազմում կամ որ մշակույթի կրողն ենք, պետք է արժանին մատուցել հերոսներին: Եվ այդ գաղափարը մեզ է փոխանցվել հին հույներից: Նրանք հերոսին նկարագրում էին որպես մահկանացուի, որն արել էր մի բան, ինչն անհասանելի էր համարվում մարդկության համար: Հենց դրա շնորհիվ էլ նա երկարատեւ տպավորություն էր թողնում»,- ասաց Ներգրավված միջազգային դոնորների ցանցի (NEID) խորհրդի նախագահ Քերեն Անսարան՝ բացելով Aurora Dialogues քննարկումը, որը տեղի ունեցավ Նյու Յորքում 2024 թվականի նոյեմբերի 7-ին: 

«Մարդասիրական մրցանակ՝ ընդլայնելով ազդեցությունը եւ փառաբանելով մերօրյա հերոսներին» խորագրով Aurora Dialogues քննարկումն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անցկացրեց՝ համագործակցելով Ներգրավված միջազգային դոնորների ցանցի (NEID) եւ Myriad հարթակի հետ: Որպես բանախոսներ հանդես եկան Her նախաձեռնության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Գլոբալ քաղաքացի» մրցանակի 2024 թ. դափնեկիր եւ KBF Աֆրիկա մրցանակի դափնեկիր Լիդյա Չարլզ Մոյոն, Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Լուիզ Ռիչարդսոնը եւ Glasswing International կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ, 2020 թ. «Skoll» սոցիալական ձեռներեցության մրցանակի դափնեկիր Սելինա դե Սոլան: Քննարկման մոդերատորն էր նախկին դիվանագետ, ռազմածովային ուժերի վետերան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդի անդամ Րաֆֆի Գրեգորյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ աշխարհում անհանգիստ ժամանակներ են, ինչի հետեւանքով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի անհրաժեշտությունը մեծացել է: «Մեր երեք կազմակերպություններն էլ ձգտում են օրակարգում պահել համաշխարհային մարդասիրական կարիքների մասին հարցերը եւ արժանին մատուցել ճգնաժամերի առաջնագծում աշխատող մարդկանց ամբողջ աշխարհում. նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնում եւ ուրիշների կյանքը փրկելու ու նրանց անվտանգությունն ապահովելու համար հաճախ բախվում են ահռելի խոչընդոտների»,- ասաց տիկին Աֆեյանը: «Մարդասիրական մրցանակների միջոցով իրագործվող բարեգործությունն ուշադրության արժանի մարդկանց այդ խմբին մեծարելու, նրանց խոչընդոտող խնդիրների մասին իրազեկությունը բարձրացնելու եւ աշխարհում բարին գործելու նրանց կարողությունն ընդլայնելու ճանապարհներից մեկն է»: 

«Իմ բախտը կրկնակի է բերել, քանի որ աշխատում եմ բարեգործության ոլորտում եւ իմ ժողովրդի հետ՝ տեսնելով ամեն օր տեղի ունեցող նորամուծությունները»,- ասաց Africa Myriad USA հարթակի տնօրեն Քեդի Սիլան: «Չգիտեմ, թե դուք ինչպես, բայց ես ամեն օր արթնանում եմ այնպիսի զգացողությամբ, կարծես ներսումս արճճե զանգված լինի, որից չեմ կարող ազատվել: Բայց հետո հիշում եմ, որ մեծացել եմ՝ որպես փախստական, ու ինքս ինձ ասում եմ՝ աղջի՛կ, հավաքի՛ր քեզ, դա ոչինչ է»,- նա նաեւ իր խորին շնորհակալությունը հայտնեց բանախոսներին իրենց կատարած ոգեշնչող աշխատանքի համար՝ ծափահարելով Լիդյային եւ Սելինային՝ աշխարհը բարեփոխելու գործին ունեցած իրենց նվիրումի համար:

 

Քննարկման սկզբում Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Լուիզ Ռիչարդսոնը կարեւորեց մրցանակների դերը նորարարության խթանման գործում՝ մատնանշելով պատմական օրինակներ, ինչպիսին 1714 թ. «Երկայնության մասին օրենքն» է (Longitude Act 1714), որը սահմանում էր դրամական պարգեւ նավի կոորդիանտների ճշգրիտ որոշման պարզ եւ գործնական մեթոդի համար: Նա նշեց, որ մրցանակները խրախուսում են առատաձեռնությունը՝ ճանաչման արժանացնելով ուշադրության արժանի անհատներին. «Ես իսկապես կարծում եմ, որ մրցանակները ճանաչման են արժանացնում ուշագրավ աշխատանքը: Կարծում եմ՝ մարդիկ արձագանքում են պատմություններին եւ անհատներին, որոնց կարող են առնչվել, ուստի կարծում եմ, որ մրցանակի գոյությունը մարդկայնացնում է խնդիրը»,- ասաց Լուիզ Ռիչարդսոնը:

«Այն փաստը, որ «Ավրորա» մրցանակը հնարավորություն է տալիս աջակցելու այլ կազմակերպությունների, որոնցով ոգեշնչված ես, որոնցից սովորել ես, որոնցից շարունակում ես սովորել, եւ օգնում է ճանաչման արժանացնել այլ մարդկանց, հրաշալի է եւ իսկապես եզակի, քանի որ երբեմն որոշ մարդիկ ստանում են մի մրցանակ, այնուհետեւ մյուսը, ապա՝ մյուսը, իսկ սա տարբեր է»,- նկատեց Glasswing International կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ, 2020 թ. «Skoll» սոցիալական ձեռներեցության մրցանակի դափնեկիր Սելինա դե Սոլան: «Սա իսկապես ճանաչման է արժանացնում [նրանց] համագործակցության, համերաշխության եւ միասնականության միջոցով»:

Her նախաձեռնության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Գլոբալ քաղաքացի» մրցանակի 2024 թ. դափնեկիր եւ KBF Աֆրիկա մրցանակի դափնեկիր Լիդյա Չարլզ Մոյոն ընդգծեց, որ մրցանակները հաճախ օգնում են առաջ մղել իրականը կոնֆորմիստական ​​աշխարհում: «Կարծում եմ, որ մրցանակները կարեւոր են նախ, որովհետեւ տեսանելի են դարձնում անտեսանելի մարդկանց: Ի տարբերություն մյուսների՝ նրանք չեն նայում բոլոր այն բարդություններին, որոնք առաջանում են ընթացքում, այլ իսկապես ուշադրություն են դարձնում այն մարդկանց, որոնք իրական փոփոխություններ են բերում իրենց համայնքներում: Եվ դա առաջ է մղում իրական արժեքներն այն դեպքում, երբ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ստիպված ենք անել այն, ինչ բոլորն են անում»,- ասաց տիկին Չարլզ Մոյոն: «Եվ մյուս կարեւոր կետն այն է, թե ինչպես են այս մրցանակներն իրականում ուժեղացնում շարժումները: Ես մի բան կասեմ, որ ոչ ոք այստեղ չի կարող հրաշքներ գործել միայնակ»: 

Իր եզրափակիչ խոսքում նախկին դիվանագետ, ռազմածովային ուժերի վետերան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդի անդամ եւ քննարկման մոդերատոր Րաֆֆի Գրեգորյանը պատմեց բարեգործական աշխատանքից ստացած իր գիտելիքի մասին՝ ընդգծելով համայնքներում կարեւոր խնդիրների լուծմամբ զբաղվող տեղական խմբերին փոքր դրամաշնորհներ տրամադրելու կարեւորությունը: «Այն, ինչով իսկապես «Ավրորայով» տպավորված էի վերջին մի քանի տարում, շատ բարերարների մտքի խորությունն ու ալտրուիզմն է: Նրանք իրոք անտարբեր չեն: Նրանք ցանկանում են տեսնել, որ իրենց միջոցներն օգտագործվում են ի շահ մարդկության: Կարծում եմ, որ դա, հաշվի առնելով ամերիկացիների առատաձեռնությունն ընդհանրապես, շատ հուսադրող է հատկապես այսպիսի ժամանակներում»:

«Մարդասիրական մրցանակ՝ ընդլայնելով ազդեցությունը եւ փառաբանելով մերօրյա հերոսներին» խորագրով Aurora Dialogues անգլերեն քննարկումը՝ ստորեւ