RVVZ հիմնադրամի՝ Մարդասիրության գծով գործընկեր Պիեռ Գյուրջյանն իր հիմնական ելույթում՝ «Զարգացման PASED մոդելը», հատուկ ընդգծեց, որ վերջին մի քանի տարիներին աշխարհում ամենաերեւելի նորությունը «Կայուն զարգացման նպատակներ» (Sustainable Development Goals) շարժումն էր։ «Այն շատ կարեւոր է, քանի որ ունի մեծ հավակնություններ եւ թույլ է տալիս մոբիլիզացնել նշանակալի թվով նոր ռեսուրսներ։ Սակայն բոլորից կարեւորը, ըստ երեւույթի, շատ որոշակի՝ բազմակողմանի, կոմպլեքս, ընդհանրական եւ համակարգային աշխարհայացքի հաստատումն է»,– մեկնաբանեց նա։
Ersnt&Young ընկերության Թվային ռազմավարության եւ տրանսֆորմացիայի Բեռլինի գրասենյակի ղեկավար եւ նույն ընկերության փախստականների աջակցության նախաձեռնության հիմնադիր Ռոբերտ Յունգը, կենտրոնանալով փախստականներին առնչվող նախագծերի ծրագրման եւ իրականացման ընթացքում հաջողության չափման հարցի վրա, շեշտեց. «Իբրեւ խորհրդատու ինձ տրվող առաջին հարցը միշտ նույնն է՝ ինչպե՞ս ենք չափելու մեր հաջողությունը։ Մենք հատուկ որոշեցինք մերժել «լավ, եկեք մշակենք մեկ այլ 2020/2030 Տեսլական» մոտեցումը, եւ փոխարենը որոշեցինք մեր հաջողությունը չափել այն մարդկանց թվով, որոնց ամենօրյա կյանքն իրապես փոխվել է տրամադրված օգնության շնորհիվ»։
«Բիլ եւ Մելինդա Գեյթս» հիմնադրամի եւրոպական գրասենյակի ղեկավար Անյա Լանգենբուխերը կարեւորեց նոր տեխնոլոգիաների մատուցած առավելությունները եւ խոսեց այն մասին, թե ինչպես կարող են դրանք գործածվել առավելագույն արդյունավետությամբ եւ օգնել աջակցության օրհասական կարիքի մեջ հայտնված մարդկանց։ «Անհրաժեշտ է մտածել, թե փախստականների ճամբարներում ինչ դրական գործ կարելի է կատարել թվայնացման եւ տեղեկությունների փոխանակման միջոցով։ Օրինակ, այժմ մենք աշխատում ենք էլեկտրոնային փողի ուղղությամբ»,– նշեց նա։
«Միավորված աշխարհի քոլեջներ» միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Յենս Ուելթերմանն իր զարմանքն արտահայտեց միմյանց նկատմամբ մարդկանց ունեցած թյուրընկալումների առնչությամբ։ «[Ոմանք] համարում են, որ այլ ինքնության տեր մարդկանց հետ առնչվելիս քո ինքնությունը տուժում է։ Իբր մշակութային ինքնությունդ տարրալուծվում է կամ նման մի բան»,– մեկնաբանեց նա՝ հավելելով, որ ավելի քան 80 ազգությունների պատկանող մարդկանց հետ իր աշխատանքային փորձը հակառակն է ցույց տալիս՝ մարդիկ շատ ավելին են սովորում սեփական ինքնության մասին, երբ առնչվում են այլոց հետ։