1994 թ. քույր Փրիսցիլա Դլամինին հիմնեց «Սուրբ խաչ» ՁԻԱՀ-ի հոսպիսը հարավային Աֆրիկայի աղքատ շրջաններում, որտեղ մոլեգնում էին ՄԻԱՎ համաճարակը եւ ծայրաստիճան անգրագիտությունն ու գործազրկությունը: Հոսպիսն օգնության ձեռք է մեկնում ՄԻԱՎ ունեցող մարդկանց, որոնցից երես են թեքել հարազատները, որոնց չեն ընդունել հիվանդանոցները, որոնք որեւէ այլ ելք չունեն, քան շաքարեղեգնի պլանտացիաներում թաքնվելն ու մենության մեջ մեռնելը:
Քույր Փրիսցիլան լսեց նրանց տառապանքի ճիչը եւ հիվանդների ու մահացողների համար 36 մահճակալից բաղկացած ապաստարան հիմնեց, որպեսզի այդ մարդիկ կարողանային խաղաղ ու արժանապատվորեն հեռանալ կյանքից: Հոսպիսի հիմնական գործունեությունը մահվան մահճում սփոփանքն էր, հոգեւոր խնամքը, կորստի ու վշտի շուրջ խորհրդատվությունը։ «Սուրբ խաչի» հիմնադրումից կարճ ժամանակ անց քույր Փրիսցիլան սկսեց «Տնային խնամք» ծրագիրը, որի շրջանակում ավելի քան 500 կին վերապատրաստվեց՝ խնամելու 500-ից ավելի հիվանդների: Այդ կանայք հայտնաբերեցին նաեւ 3.500 որբացած երեխայի, որոնց ընտանիքների գլխավորները դարձյալ երեխաներ էին, եւ 8.000 մարդու, որոնք պետք է կիրառեին ծննդի վերահսկման բնական միջոցը։ Խրախուսվում ու մշտադիտարկվում էին բազմացման մասին իրազեկումը եւ նախամուսնական երկխոսությունը, քանի որ տղամարդիկ էին, որ սկսում էին սեռական ակտը՝ առանց հաշվի առնելու իրենց զուգընկերոջը (քողարկված բռնաբարություն)։
Երեխաների գլխավորած 1.250 ընտանիքների համար կազմակերպությունը կառուցել է 200 տուն, ինչպես նաեւ վաղ մանկության 4 կենտրոն եւ կերակրման 1 կենտրոն: Կառուցման փուլում է գտնվում Երեխայի վաղ զարգացման մանկավարժների (450 վերապատրաստված) բաց դասընթացների ինստիտուտը: Հոսպիսն ամեն ամիս սննդի փաթեթներ ու հագուստ է բաժանում եւ իր տեսակետները ներկայացնում դպրոցներում:
Քույր Փրիսցիլան արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ պատվոգրերի, որոնցից են 2003 թ. սոցիալական ծառայությունների ոլորտում «Տարվա ազգային կին», 2010 եւ 2015 թվականներին՝ հարավային Աֆրիկայի գործարարության եւ կառավարության շրջանակում «Ամենաազդեցիկ կին» ճանաչվելը եւ այլն: