Aurora Dialogues առցանց քննարկումն անցկացվեց «Համաշխարհային հեռանկարներ» նախաձեռնության, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, ESMT Բեռլինի եւ Պոտսդամի Գարիսոն եկեղեցու հիմնադրամի համագործակցությամբ:
2020 Aurora Dialogues առցանց՝ «Մարդասիրության ուժը. Ինչպես հաղթահարել պատերազմն ու ցեղասպանությունը» քննարկումը տեղի ունեցավ 2020 թ. սեպտեմբերի 22-ին: Այն միեւնույն հարթակում միավորեց երկու ականավոր գործիչների՝ 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին եւ Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհրդի նախկին նախագահ դոկտոր պրոֆեսոր Վոլֆգանգ Հուբերին: Քննարկումը վարում էր ESMT Բեռլինի գործադիր տնօրեն Գեորգ Գարլիհսը: Միջոցառումն իրականացվում էր «Համաշխարհային հեռանկարներ» նախաձեռնության, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, ESMT Բեռլինի եւ Պոտսդամի Գարիսոն եկեղեցու հիմնադրամի համագործակցությամբ Aurora Dialogues առցանց քննարկումների շրջանակում:
Քննարկման սկզբում մասնակիցներին եւ գործընկերներին ողջունեց «Համաշխարհային հեռանկարներ» նախաձեռնության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ինգրիդ Համը: Նա ընդգծեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կարեւոր դերակատարումը ցեղասպանությունների կանխարգելման եւ աշխարհում մարդասիրության տարածման գործում: Aurora Dialogues քննարկումների միջոցով եւս այն վեր է հանում մարդասիրական ամենահրատապ խնդիրները՝ փնտրելով մարդասիրության ոգուն համահունչ լուծումներ: «Aurora Dialogues քննարկումների առանցքում մարդասիրությունն է, ապաստան գտնելու հարցն ու ցեղասպանությունները: Այն նաեւ հաշտեցման մասին է»,- ասաց Ինգրիդ Համը:
Ավելի քան 70 միլիոն մարդ այսօր աշխարհում լքում է իր տունը՝ հալածանքներից եւ հակամարտություններից խուսափելու համար: Ու նրանց թիվն օրեցօր աճում է: Դրան գումարվում է կորոնավիրուսի համավարակը ու տեղահանված մարդկանց առանց այն էլ ծանր կյանքն ավելի բարդացնում: Եզդի ակտիվիստ, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային վերջերս է վերադարձել Իրաքից, որտեղ եզդի ժողովրդի 70 տոկոսը շարունակում է ապրել Քուրդիստանի փախստականների ճամբարում: Վերջին վեց տարում իրավիճակն այնտեղ նույնն է, եւ այդ վտանգավոր ուղին կարող է հանգեցնել եզդի ժողովրդի մշակույթի վերացմանն այդ երկրում:
«Մենք գիտենք, որ սարսափելի ճգնաժամերն ու պատերազմները բերում են հսկայական թվով զոհերի եւ միլիոնավոր մարդկանց դարձնում փախստական ու տեղահանված, կանայք ու երեխաներն աշխարհում ենթարկվում են խտրականության, շատերը որբանում են: Մենք միշտ ասում ենք, որ չենք կարող պարզապես կողքի կանգնել եւ լուռ հետեւել: Մենք պետք է գործենք: Եվ «Ավրորայի» նման կազմակերպությունները մեզ հիշեցնում են մեր պարտականությունների մասին»,- ընդգծեց Միրզա Դինային:
Դոկտոր, պրոֆեսոր Վոլֆգանգ Հուբերը, որը մինչեւ 2009 թ․ նոյեմբեր ծառայել է որպես Վերին Լուսաթիայի Բեռլին-Բրանդենբուրդ-Սիլեզիա շրջանի բողոքական եկեղեցու եպիսկոպոս, երկար տարիներ ուսումնասիրում է, թե ինչու է կրոնը հաճախ ի չարս օգտագործվում՝ հալածանքներն ու ցեղասպանություններն արդարացնելու համար: Վերհիշելով 20-րդ դարի ցեղասպանությունները՝ նա ափսոսանք հայտնեց, որ մարդկանց միավորելու եւ հաշտեցնելու փոխարեն կրոնները երբեմն ատելություն են սերմանում համայնքների միջեւ:
«Ցավոք, այդ տխուր փորձառությունը շարունակվում է նաեւ 21-րդ դարում: Մարդիկ ցեղասպանության զոհ են դառնում իրենց կրոնի եւ հավատքի պատճառով: Մենք պետք է ընդունենք սա: Մենք պարտավոր ենք հանրային միջոցառումներ ձեռնարկել՝ այս տեսակ խտրականությանը դիմակայելու համար: […] Տարիներ առաջ մեզնից շատերը չգիտեին եզդի ժողովրդի ճակատագրի մասին: Շատ կարեւոր է իմանալ, թե ինչ է կատարվել այս մարդկանց հետ, որպեսզի կարողանանք հաղթահարել մարդասիրական ճգնաժամերը»:
Ամփոփելով քննարկումը՝ ESMT Բեռլինի գործադիր տնօրեն եւ մոդերատոր Գեորգ Գարլիհսը շնորհակալություն հայտնեց խորիմաստ եւ հետաքրքիր զրույցի համար: Անդրադառնալով ներկա ճգնաժամերին՝ նա կարեւորեց մարդասիրության անգնահատելի դերը հատկապես այս դժվար օրերին, ընդգծելով, որ այն ավելի քան երբեւէ կարեւոր է այս համավարակի շրջանում:
Քննարկումն անգլերեն թարգմանությամբ կարող եք դիտել ստորեւ: