Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա պատարագ մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ XX դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն անվանելով «ցեղասպանություն»։ Հռոմի Պապը դիմեց Վատիկան ժամանած հազարավոր և բազմազգ հավատացյալներին, որոնց թվում էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հայոց եկեղեցիների կաթողիկոսները՝ նշելով, որ վտանգավոր է անցյալի մասին լռելը, հատկապես՝ այսպիսի արյունոտ անցյալի։
«Անցյալ դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է երեք մասսայական և աննախադեպ ողբերգություններ»,-ասաց Հռոմի Պապը, հավելելով՝ առաջինը դրանցից լայնորեն ճանաչված է որպես «XX դարի առաջին ցեղասպանություն», որը պատահել է հայ ժողովրդին, մյուս երկու հանցագործությունները նացիզմի և ստալինիզմի հետևանք են:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ արեց հարգել նահատակների հիշատակը. «Մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, քանի որ երբ հիշողությունն է մարում, չարիքն այդ վերքերը նորոգում է: Թաքցնել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքն առանց վիրակապելու»:
Իր ուղերձում Հռոմի Պապն անդրադարձավ նաև մեր ժամանակների հանցագործություններին՝ նշելով Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում եւ Բոսնիայում մասսայական սպանությունների մասին. «Թվում է՝ մարդկությունն անկարող է վերջ դնել անմեղ արյունահեղությանը»:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ուղերձի թարգմանությունն արեւմտահայերեն: