ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիան ՄԱԿ-ն ընդունել է 1948թ. դեկտեմբերի 9-ին։ Այսօր, Հայոց ցեղասպանությունից 100 եւ հռչակագրի ընդունումից 67 տարի անց, ԻԼԻՊ-ի կողմից ռազմակալված տարածքներում տեղի է ունենում իսկական ցեղասպանություն։
Հայոց եղեռնը մարդկության պատմության ընթացքում վերջին զանգվածային ցեղասպանություն չեղավ։ Դրան հաջորդեցին շատ ու շատ այլ ջարդեր, այդ թվում՝ Հոլոքոստը, Ինդոնեզիայի սպանդը, Քամբոջայի եւ Ռուանդայի ցեղասպանությունները։ Թվում է՝ մարդկությունն այս բոլոր ողբերգություններից գրեթե ոչինչ այդպես էլ չսովորեց. Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել, բայց այսօր եզդիները բնաջնջվում են միեւնույն բարբարոս դաժանությամբ, ինչ անցած հարյուրամյակի սկզբին՝ հայերը։ Հեռուստալրագրող Դյուսեն Թեքքալն անձամբ է դարձել այս ոճրագործության ականատեսն ու նկարահանել դրանք հյուսիսային Իրաքից հարավ-արեւելյան Թուրքիա կատարած իր ուղեւորության ճանապարհին։
Դյուզեն Թեքքալը, Լուսանկարը՝ Մարկուս Թեդեսկինոյի |
«Որպես գերմանաբնակ լրագրող՝ ես երբեք չէի ենթադրի, որ կյանքս այսպիսի կտրուկ ու դրամատիկ շրջադարձ կունենար։ Երբ ԻԼԻՊ-ի («Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորում-խմբ.) բարբարոս հրոսակներն ապրիլի 3-ին ներխուժեցին եզդիական Սինջար բնակավայր, ամեն մի եզդի տղամարդու, կնոջ եւ երեխայի, այդ թվում՝ նաեւ իմ, կյանքն ընդմիշտ փոխվեց։ Ե՛վ իմ եզդիական ծագումը, եւ՛ մասնագիտությունս ինձ այլ ընտրություն չթողեցին, քան ճամփա ընկնել դեպի հյուսիսային Իրաք եւ ի լուր աշխարհի հաղորդել, որ 21-րդ դարի սկզբին կրկին ցեղասպանություն է տեղի ունենում, իսկ բոլորը շարունակում են կողքից նայել»,– ասում է Դյուզեն Թեքքալը, ով 2014թ.-ից արտահաստիքային լրագրող է։ Եզդի ժողովրդին օգնելու նպատակով նա հիմնադրել է «Հավար» կազմակերպությունը։ Քրդերենով «հավար» բառը նշանակում է «օգնության ճիչ» եւ հոմանիշ է «ցեղասպանություն» բառին։
Մոտ 10.000 եզդի, արտաքին աշխարհից ամբողջովին կտրված, օղակվեց ԻԼԻՊ-ի գրոհայինների կողմից Սինջար լեռան վրա, որի ամենաբարձր ու ամենամեծ հատվածն ընկած է սիրիական սահմանից արեւելք եւ Իրաքի հյուսիսի Մոսուլ քաղաքից արեւմուտք։ Մոտ 50.000 մարդ ապահովության նկատառումներով ստիպված էր փախչելով բարձրանալ լեռներն ու դիմել դեպի եզդիական գլխավոր սրբավայրը։ Փախստականների մի ստվար զանգված մահացավ սովից ու ծարավից։
Փախստականները ԻԼԻՊ-ի հարձակումից հետո գաղթում են դեպի Սինջար լեռ
|
«Եզդիների ցեղասպանությունն անակնկալ չէր, պարզապես դրա նախանշանների վրա անհրաժեշտ ուշադրություն չեղավ, քանի որ եզդիները չունեն ոչ մի աջակից, չունեն լոբբի։ Մոսուլին մոտ լինելով՝ նրանք կարողացան օգտվել հիմնական ճանապարհներից մեկից։ Ես լրջորեն մեղադրում եմ միջազգային հանրությանը՝ համարելով մասնակիորեն պատասխանատու, քանի որ նրանք ականջալուր չեղան բազմաթիվ եզդիների նախազգուշացումներին»,– ասում է 36-ամյա լրագրողը։ Քանի որ եզդիներին չէր թույլատրվում զենք կրել, նրանց ուղղակի մահապատժի ենթարկեցին, երբ նրանց պաշտպանության համար պատասխանատու Փեշմերգեի (Իրաքյան Քրդստանի ինքնավարության զինված ուժերի) մարտիկները փախուստի դիմեցին առաջխաղացող ԻԼԻՊ-ից։ Նախկին պացիֆիստ Դյուզենն ասում է. «Գոյապայքարի ռազմավարությունը պահանջում է, որ զինվելով՝ եզդիներն իրենց պաշտպանելու հնարավորություն ստանան։ Ավելին, նրանց հարկավոր է նաեւ կրթություն եւ անվտանգության որոշակի գոտի տրամադրել, իսկ տարածքում տեղակայել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր։ Ինքնապաշտպանությունից զրկված եւ բախտի քմահաճույքին հանձնված՝ նրանք հայտնվեցին մահացու սպառնալիքին դեմ հանդիման»։
ԻԼԻՊ-ի գրոհայինները եզդիներին հետապնդում են նրանց հավատքի համար, որից վերջիններս չեն հրաժարվում։ «Ես հազվադեպ կարող եմ տեսնել յոթնամյա աղջնակի, որը հաստատակամությամբ կպնդի, թե կգերադասի մեռնել, քան հավատափոխ լինել։ Այս բառերն աներեւակայելի խորն են տպավորվել իմ մեջ»,– ասում է Դյուզենը։ Եզդիները միաստվածություն դավանող անկախ կրոնական խումբ են, եւ նրանց հավատալիքները զգալի աղերսներ ունեն քրիստոնեության հետ։ Համարվելով սատանայապաշտներ՝ իրենց բնակավայրերի գրավումից հետո ԻԼԻՊ-ի ձեռքն ընկածները ենթարկվել են բռնության, դաժան, անմարդկային վերաբերմունքի եւ սպանվել։ Ոճրագործությունների թիվն անցնում է հազարներ։
YPG-ի (Yekîneyên Parastina Gel` Ժողովրդի պաշտպանության խմբեր) մարտիկները, որոնք վերադարձել են Սինջարի լեռներից, հավաքվում են Դայրաբունում գտնվող Փեշմերգե ռազմակայանում
|
Աշխարհում մոտ մեկ միլիոն եզդի կա, որոնց կեսն այժմ դարձել է գաղթական։ Առաջ նրանք հիմնականում բնակվում էին ինչպես հյուսիսային Իրաքում եւ Սիրիայում, այնպես էլ հարավ-արեւելյան Թուրքիայում, որտեղ ժամանակին հայեր էին ապրում։ Այսօր եզդիաբնակ շրջանների մեծամասնությունը վերահսկվում է ԻԼԻՊ-ի կողմից։
«Հայերն ու եզդիները ցավալի պատմություն ունեն։ Երկու ժողովուրդն էլ տառապել հալածանքներից։ Ես հիշում եմ, որ տատս պատմում էր, թե ինչպես է իր տանն ապաստան տվել հայերի, երբ 1914-ին նրանց սկսեցին հալածել։ Եզդիներն ու հայերը փոխադարձաբար օգնության ձեռք են մեկնել միմյանց։ Ցավոք, մեր նախնիները չեն կարողացել արժանապատիվ կյանք վարել, քանի որ մշտապես վտանգված են եղել իրենց տունը հանդիսացող մուսուլմանական երկրներում։ Տատս պատմում էր նաեւ, որ միշտ նախընտրում էր իր առեւտուրն անել հայերից»,– հիշում է Դյուզենը։ Ի տարբերություն հայերի, 100 տարի առաջ եզդիները հիմնականում չենթարկվեցին եղեռնագործության ալիքին եւ զանգվածաբար չկոտորվեցին։
«Ենթադրում եմ, որ դա կարելի է բացատրել այն բանով, որ եզդիները միշտ ապրել են կատարյալ մեկուսացման պայմաններում՝ գաղտնի պահելով իրենց կրոնական կյանքը, խուսափելով հանրային կյանքից եւ հեռու մնալով կրթությունից։ 1.000 տարի է՝ եզդիները դավանում են իրենց ապաքաղաքական եւ անգիր կրոնը՝ փոխանցելով այն բերնեբերան, մի սերնդից մյուսին։ Վախենալով իսլամացումից՝ նրանք նախընտրում են երեխաներին դպրոց չուղարկել, մինչդեռ հայերը, հպարտ իրենց ժառանգությամբ, մշտապես մեծ կարեւորություն են տվել կրթությանն ու գերադասել են բացեիբաց դավանել իրենց կրոնը։ Ահա եւ նրանց բնաջնջման պատճառը»,– նշում է Դյուզենը։
Թեպետ եզդիներն աշխատել են աչքի չընկնել, ժամանակ առ ժամանակ նրանց գլխին եւս բազում արհավիրքներ են տեղացել. մարդկության գրավոր պատմության ընթացքում կրոնական այս փոքրամասնության դեմ իրագործվել է մինչեւ 72 կոտորած։ «Աշխարհը նոր է միայն ծանոթանում ԻԼԻՊ-ի բարբարոս ու ահաբեկչական գործողություններին, սակայն եզդիները վաղուց արդեն սովոր են դրան»,– ասում է Դյուզենը։
«Եզդի եւ հայ ժողովուրդների ցեղասպանությունների միակ տարբերությունը թվաքանակն է։ Եթե առաջինի զոհերը համեմատաբար սակավաթիվ են, վերջինս խլեց մոտ մեկուկես միլիոն մարդու կյանք։ Ինչպե՞ս կարող է որեւէ մեկը բացատրել ութնամյա աղջնակի բռնաբարությունը։ Ինչպե՞ս կարող է մեկը նայել երեխայի աչքերի մեջ, որը մի քանի րոպեում կորցրել է ծնողներին ընդամենը ինձ պես եզդի լինելու պատճառով։ Ես նկարահանել եմ այս վայրագությունները, որպեսզի ոչ ոք ապագայում մեղքը չբարդի չիմացության վրա։ Ես խորապես համոզված եմ, որ մեր տեսածում պատասխանատու ենք բոլորս»,– պատճառաբանում է Դյուզենը։
Դյուզենը փախստականների ճամբարում գտնվող երեխաների հետ (հիմնականում ծնողազուրկ), |
Այսօր Դյուզենը «Հավարի» միջոցով փորձում է բարձրացնել աշխարհի իրազեկությունը կոտորածների ու ցեղասպանությունների մասին։ Նա հանդես է գալիս հեռուստատեսությամբ, դիմում է Գերմանիայի խորհրդարանին եւ բանախոսում ավագ դասարանցիների համար։ Նրա վավերագրական ֆիլմը շուտով հայտնվելու է կինոթատրոններում։ «Ես չեմ ուզում, որ Եզդիների ցեղասպանությունը դառնա ընդամենը օրվա նորությունների հերթական թեմա, որն իր տեղը կզիջի լրահոսի հարապտույտի հաջորդ՝ ավելի թարմ նորություններին եւ արագորեն կմոռացվի,- ասում է Դյուզենը,- ես ուզում եմ, որ այն դաջվի յուրաքանչյուրի հիշողության մեջ, ես չեմ հանդուրժի, որ մարդիկ երբեւէ մոռանան, որ դժբախտությունը բախել է եզդիների դուռը, եւ այդ վիճակում հաջորդ անգամ կարող է հայտնվել նրանցից յուրաքանչյուրը։ Մենք պարտավոր ենք դառնալ մշտական ու հզոր մի հիշեցում առ այն, թե որքան կարեւոր է միջամտել այնտեղ, ուր անարդարության է տեղի ունենում»։
*Գլխավոր նկարում՝ եզդի աղջիկը փախստականների ճամբարում, Դիարբեքիր, Արեւելյան Թուրքիա