Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռը՝ Պիեռը, վերցրել է այն, ինչը ժամանակին փոքր ընտանեկան բիզնես էր, ու վերածել երկրով մեկ հայտնի ընկերության, որը ներկայանում է նաեւ համաշխարհային շուկայում։ Այսօր «Canadian Gem» (Կանադական մարգարիտ) ընկերությունը հայտնի է որպես Կանադայում մարգարիտների խոշորագույն մատակարար եւ վաստակել է, ինչպես ընկերության գովազդային կարգախոսն է հռչակում, «Կանադայում մարգարիտների ամենավստահելի մասնագետի» համբավը։
«Canadian Gem»-ի թանկարժեք զարդեր |
Դեպի հաջողություն իր երկար ճանապարհին Աքքէլեանը հավատարիմ է մնացել իր հայկական արմատներին։ Բացի հայկական արհեստներով եւ մշակույթով տարված լինելուց, նա նաեւ, ցեղասպանության ու մարդու իրավունքների հետազոտությունների Զորյան ինստիտուտի աշխատանքին մասնակցելու միջոցով, աջակցում է ցեղասպանության հետազոտություններին եւ իրազեկմանը։
Աքքէլեանը գործարար ոլորտում եւ բարեգործության մեջ իր հաջողությունը հիմնականում վերագրում է իր հայ լինելուն։
Աքքէլեանների ընտանիքը հսկայական կորուստներ է կրել Հայոց ցեղասպանության ընթացքում։ Այսօր, երբ գիտակցում է ցեղասպանության հասցրած վնասներն ու տառապանքը, նա տեսնում է նաեւ իր ձեռքբերումների եւ իր ընտանիքի կրած կորստի միջեւ կապը։ «Դա դառնում է գենետիկ համակարգիդ մասը, գոյատեւելն ու դիմացկունությունը ԴՆԹ-իդ մի մաս են»,- ասում է նա։
Գիտակցելով կատարվածը
Խաթուն Գասպարյան-Ոսկերիչյան-Աքքէլեանը |
Խաթունը երկու ծնողներին կորցրել էր 1895թ. համիդյան ջարդերի ժամանակ։ Մոտ տասը տարի որբանոցում անցկացնելուց հետո նա ամուսնանում է իր առաջին ամուսին Կարապետ Ոսկերիչյանի հետ։ 1915-ին նրանք արդեն չորս զավակ ունեին։ Երբ սկսվեցին զանգվածային տեղահանություններն ու սպանությունները, ժանդարմները տարան Կարապետին։ Դա վերջին անգամն էր, որ Խաթունը տեսավ սիրելի ամուսնուն՝ ձեւավորման գծով պատասխանատու ինժեներին, որն աշխատում էր Ուրֆայի գերմանական գորգագործական ընկերությունում։ Խաթունը ցեղասպանության ընթացքում կորցրեց նաեւ այս ամուսնությունից ծնված իր բոլոր չորս զավակներին։
Մազից կախված. Պետրոս Աքքէլեան ու Ջեմալ փաշա
Աքքէլեանի հայրական պապը՝ Պետրոս Աքքէլեանը, Ուրֆայից տեղափոխվել էր Հալեպ, որտեղ մինչեւ ցեղասպանությունը նա հայտնի հոմեոպատ էր։ Հալեպում նա աշխատում էր մի ամերիկահայի պատկանող վարսավիրանոցում։
Պետրոս Աքքէլեանը, լուսանկարը՝ Արա Սամսոնի |
Այնպես էր ստացվել, որ Պետրոս Աքքէլեանի մշտական հաճախորդներից մեկը Ջեմալ փաշան էր՝ օսմանյան հայտնի ռազմական առաջնորդներից մեկը։ Ջեմալ փաշան Պետրոսի մոտ էր ամեն օր՝ պարանոցը վստահելով նրա ձեռքի ածելիներին։ Քանի որ Պետրոսը վաստակել էր փաշայի վստահությունը, թուրք այլ ռազմական առաջնորդներ նույնպես գալիս էին նրա մոտ սափրվելու։
Այս ամենն արտասովոր է՝ հաշվի առնելով այն փաստը, որ օսմանյան իշխանությունները 1915 թվականին սպանել էին Պետրոս Աքքէլեանի առաջին կնոջն ու չորս երեխաներին։
Պետրոս եւ Խաթուն Աքքէլեաններն իրենց երեք երեխաների՝ Գառնիկի, Արաքսիի եւ Անգելի հետ |
Աքքէլեանի մայրական պապը՝ Ստեֆան Մկրտչյանը, որը Կիլիկիայի Յարփուզ քաղաքից էր (Ադանայի մոտ, ժամանակակից Թուրքիայի հարավում), իր կյանքով պարտական էր իր գործատուներին՝ ընկերության սեփականատեր Էդվարդ Սալեմին՝ հույն ուղղափառ արմատներով արաբախոս մի մարդու, եւ ընկերության տնօրեններին՝ Խավաջա Էլիաս Սերտանին ու Խավաջա Աբդու Ղարելիասին։ Նրան փրկել են Մասքանա քաղաքի մոտ, որտեղ նա, իր փայլուն լեզվական ու հաշվապահական գիտելիքների եւ հմտությունների շնորհիվ, քարտուղարի ու հաշվապահի աշխատանք էր կատարում Միացյալ Նահանգներ մատուտակի արմատներ տեղափոխող մի ընկերությունում։ Մայրը, քույր-եղբայրները մնացին նրա հետ, իսկ ընտանիքի մյուս անդամները նահատակվեցին Սիրիայի անապատներում՝ դեպի Դեր Զոր մահվան երթի ժամանակ։
Ստեֆան Մկրտչյանը |
Մկրտչյանն, ի վերջո, հայ համայնքի հիմնադիրներից մեկը դարձավ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայում, որտեղ եկեղեցի ու դպրոց հիմնադրվեցին։ Նա հոգաց, որ դպրոցը լավ համբավ ունենա եւ որակյալ կրթություն ապահովի, չնայած միջոցների սահմանափակ լինելուն։ Ստեֆանն ու կինը նաեւ երկու հաջողակ բիզնեսների սեփականատեր էին Ռաքքայում։
Ստեֆան Մկրտչյանը (շարքի ձախ կողմում) Ռաքքայում |
Աքքէլեանի մայրական տատը՝ Կատերիսա Մեկենիսյանը, Կայսերիից էր։ Նրա հայրը՝ Կարապետ Մեկենիսյանը, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ էր, որը շրջում էր Օսմանյան կայսրության տարածքով՝ տեղադրելով արդյունաբերական սարքավորումներ։ Երբ Կատերիսայի հայրն զգաց, որ իրավիճակը մոտ է վատթարանալուն, որոշեց Կատերիսային տեղավորել Շալոմ կենտրոնում՝ Մարաշում գերմանացի միանձնուհիների կողմից ղեկավարվող՝ կանանց համար նախատեսված դպրոցում։
Կատերիսա Մեկենիսյանը եղբոր հետ, որին կախաղան բարձրացրին այս հարսանեկան լուսանկարն անելուց մի քանի շաբաթ հետո, եւ Շալոմ դպրոցի գերմանուհի միսիոներները |
Կարապետը յոթ որդի ուներ, որոնք բոլորը զոհվեցին Հայոց ցեղասպանության ընթացքում։ Նրանցից մեկին Մարաշում կախաղան էին հանել մի շարք շինծու մեղադրանքներով. նա մեկն էր կախաղան բարձրացված 20 հնչակ նահատակներից, որոնց մահապատժի ենթարկեցին 1915թ. հունիսի 2-ին։ Երբ սպանեցին ընտանիքի բոլոր անդամներին, բացի Կատերիսայից, Կարապետը որպես հրետանային մասնագետ միացավ Զորավար Անդրանիկի հայ կամավորներին, որոնք կռվում էին օսմանյան բանակի դեմ։
Կարապետ Մեկենիսյանը նստած է Զորավար Անդրանիկի ձախ կողմում |
Հարյուր տարի անց
2015թ. ապրիլի 24-ին Պիեռը հինգ վարդ բերեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր. մեկական՝ ի հիշատակ իր տատիկների ու պապիկների, եւ խորհրդանշական հինգերորդը՝ բոլոր 1,5 միլիոն նահատակների համար։ «Ցավը վերադառնում է այս կամ այն կերպ։ Մյուս կողմից՝ որպես պետություն մենք ի վիճակի ենք գոյատեւել ու բարգավաճել այսօրինակ հարվածից հետո»,- ասում է նա։
Պիեռ Աքքէլեանը Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, 2015թ. ապրիլի 24-ին |
Աքքէլեանն ինքը գոյատեւման ու բարգավաճման կենդանի վկայությունն է։ Բացի «Canadian Gem» ընկերության նախագահ լինելուց, նա նաեւ Հոնկոնգում գտնվող «Nishi Pearls» ընկերության համահիմնադիրն է։ Վերջին երեք տասնամյակի ընթացքում Աքքէլեանն զգալիորեն նպաստել է կանադական ոսկերչական արդյունաբերության ձեւավորմանը, մասնավորապես Կանադայի ոսկերիչների ասոցիացիայում (CJA) ընդգրկված լինելու միջոցով։ Նրա ակտիվ ջանքերը գնահատվեցին, երբ CJA-ը Աքքէլեանին շնորհեց 2015թ. «Նախագահի մրցանակը»։
Պիեռ Աքքէլեանն ստանում է Կանադայի ոսկերիչների ասոցիացիայի 2015թ. «Նախագահի մրցանակը» |
Աքքէլեանի հիմնական ձեռքբերումներից մեկը մնում է նրա առանցքային դերը 2006թ. մայիսին կանադական 88 տարվա կյանք ունեցած ակցիզային հարկի վերացման հարցում։ Որպես CJA-ի նախագահ՝ նա Կանադայի դաշնային կառավարությունում լոբբինգ է իրականացրել ոսկերչական արդյունաբերության կողմից։ «Բարդ աշխատանք էր,- հիշում է Աքքէլեանը,- հայկական գեն ունենալով՝ դու չես հանձնվում։ Հարյուր տարի է անցել, թուրքերն առայսօր չեն ճանաչել ցեղասպանությունը, իսկ մենք դեռ պայքարում ենք։ Կանադացիները մտածում էին, թե ես հեշտությամբ կզիջեմ դիրքերս։ Ոչ մի դեպքում, մենք ճեղքեր գտանք. անցանք Համայնքների պալատի երեք ընթերցումներով, այնուհետեւ՝ Սենատով։ Մենք արեցինք անհնարինը»։
Կանադայում ոսկերչական արտադրությունն ամրապնդելու իր ջանքերին զուգահեռ, Աքքէլեանը մեծ նվիրվածությամբ մի շարք այլ առաքելություններ է իրականացնում։ 1997թ. նա հիմնում է Հայ ոսկերիչների ասոցիացիան (AJA), որը կապեր է ստեղծում ամբողջ աշխարհի հայ ոսկերիչների միջեւ: Սա ռազմավարություն է, որը Պիեռը հաջողությամբ կյանքի է կոչել իր բիզնեսի առաջխաղացման համար։ 2011թ. Աքքէլեանը դարձավ Հայ ոսկերիչների հիմնադրամի (AJF) համահիմնադիրը՝ նպատակ ունենալով փաստագրել ու զարգացնել հայկական եւ համաշխարհային ոսկերչական ժառանգությունը, ինչպես նաեւ կրթական ծրագրեր ստեղծել նորահայտ երիտասարդ դիզայներների ու թանկագին քարերի մասնագետների համար։
Սանկտ Պետերբուրգի ցուցահանդեսը
«Արեւմտյան Հայաստանի գանձերը» կատալոգը |
Օգնելով ուրիշներին
Սիրիահայ ուսանողները Պիեռ Աքքէլեանի հետ Մոնրեալի գեմոլոգիական դպրոցում |
Աքքէլեանի ընտանիքի անդամներն էլ փախստական են եղել Սիրիայի Հալեպ քաղաքում։ Այսօր նա ապահովում է, որ սիրիահայ փախստականները հնարավորություն ունենան նոր կյանք սկսել Կանադայում։ Հենց այս նախաձեռնությամբ Աքքէլեանի՝ ի նպաստ համայնքի արված ներդրումների շրջանն ամբողջացավ։
Աքքէլեանն ամուսնացած է նկարչուհի Նորմա Փափազյանի հետ։ Նրանք երեք երեխա ունեն՝ Արքան, Պետրոսն ու Ալիքը։