Պատրիս Ջոլոլյան

Պատրիս Ջոլոլյան

Երբ ներս ես մտնում Պատրիս Ջոլոլյանի՝ Ելիսեյան դաշտերում գտնվող դեղատան շեմից, թվում է, թե հայտնվել ես ազգային արխիվում։ Պատրիսի աշխատասենյակի դիմաց գտնվող հսկայական պահարանի դարակների վրա բազմաթիվ տուփեր են՝ ժամանակի ընթացքում դեղնած սեւ ու սպիտակ լուսանկարներով, Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակների վկայականներով ու արժեքավոր թղթերով: Պատրիս Ջոլոլյանն ընտանեկան պատմության պահապանն է։
Սիրունու հետքերով
 
Պատրիսն ալեհեր, առույգ  դեմքով տղամարդ է, որի արտահայտիչ բարի աչքերը կայծկլտում են, երբ լսում է Սիրունու անունը։ «Սիրունի անունն ինձ մանկուց է ծանոթ։ Հիշում եմ, թե ինչպիսի հարգանքով եւ սիրով էր արտասանում այդ անունն իմ հայրը՝ Գրիգոր Ջոլոլյանը»,- պատմում է Պատրիսը։ Նա Վահան Թեքեյանի եւ Արշակ Չոբանյանի մեծության անձնավորություն էր, եւ թեպետ Սիրունու անունը, ցավոք, նույնքան հայտնի չդարձավ, սակայն հատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի գրական պանթեոնում։
 
Հակոբ Ջոլոլյանը, մականունը՝ Սիրունի, ծնվել է 1890-ին Ադաբազարում (ներկայիս Թուրքիայի արեւմուտքում) եւ մահացել 1973-ին Բուխարեստում։ Բանաստեղծ, հեքիաթների հեղինակ, գրականագետ, պատմաբան, հրապարակախոս եւ մտավոր մեծ ներուժով անձ՝ Ռումինիայի հայերը Հակոբ Ջոլոլյանին համարում էին քայլող հանրագիտարան։ Այդպես, նրա «Կոստանդնուպոլիսն ու իր դերը» հսկայածավալ գործում մանրամասն նկարագրվում է Կոստանդնուպոլսի հայերի պատմությունը 1893-1915 թթ.՝ մինչեւ Հայոց ցեղասպանությունը։ 
Հայկ, Հակոբ (Սիրունի) եւ Գրիգոր եղբայրները Մարիամ մայրիկի հետ, 1900-ական թվականների սկիզբ
 

Սիրունին փոքր էր, երբ հայրը մահացավ։ Նրա մայրը՝ Մարիամը, գոյատեւելու միջոց չունենալով, ստիպված էր Կոստանդնուպոլսում աշխատանք փնտրել։ Շուտով Ադաբազարից նրա մոտ են տեղափոխվում երեք որդիները՝ ավագ Հակոբը, միջնեկ Հայկը (ծնված 1893-ին) եւ կրտսեր Գրիգորը (ծնված 1897-ին)՝ Պատրիսի հայրը։ Մարիամն ամեն ինչ անում էր, որ տղաները կարողանան լավագույն դպրոցներում սովորել։ Այդպես՝ Հակոբն ընդունվեց հայկական հեղինակավոր «Կեդրոնական վարժարան»։ Պատանու ընկերները դարձան Կոստանդնուպոլսի առաջատար հայ գրողները՝ պոետներ Միսաք Մեծարենցն ու Վահրամ Թաթուլը, գրող Գեղամ Բարսեղյանն ու լրագրող Շավարշ Միսաքյանը։

Սիրունու առաջին բանաստեղծությունները 1905-1906 թվականների են։ Նրա բանաստեղծությունների առաջին՝ «Մթնշաղ» ժողովածուն համակված է սիմվոլիզմի գեղագիտությամբ, ինչն այնքան մոտ էր 20-րդ դարասկզբի ողջ սերնդին։ Դրան հաջորդում են այլ ժողովածուներ։ 1914-ին տպագրվում է «Դեպի տաճարն հրաշքին» գիրքը, որում Սիրունին գովերգում է գեղեցկությունը. նա միանում է «նեոհեթանոսության» շարժմանը, որին հարում էր նրա ընկերը՝ բանաստեղծ Դանիել Վարուժանը։ Վարուժանի հետ նրանք հրատարակում են «Նավասարդ» տարեգիրքը (Կոստանդնուպոլիս, 1914 թ.)։ Սակայն հայ գրականության բուռն վերելքն Օսմանյան կայսրությունում կտրուկ ընդհատվում է. երկիրը մտնում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ՝ Կենտրոնական ուժերի կազմում։ 

                                                        Սիրունին գրական կարիերայի սկզբում

Խեղված ճակատագիր

1915-ի ապրիլի 24-ին Սիրունու անունը հայտնվում է հայ այն մտավորականների ցանկում, որոնց թուրքական ոստիկանությունը պետք է ձերբակալեր եւ արտաքսեր երկրից։ Նրանցից շատերը հետագայում սառնասրտորեն սպանվեցին։

«Ազատամարտ» թերթում իր հոդվածների պատճառով բանաստեղծը հետապնդվում էր երիտթուրքերի կողմից։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ի իշխանության օրոք Սիրունին արդեն ոստիկանության հսկողության տակ էր եւ մի քանի ամիս անցկացրել է օսմանյան բանտերի դժոխքում։ Սակայն այս անգամ նրան հասցրել էին զգուշացնել նախապատրաստվող ոճիրի մասին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիները նա անցկացրել է Ստամբուլում՝ թաքնվելով մի հույն ընտանիքի հարկի տակ։

Նրա կրտսեր եղբորը՝ Գրիգորին (Պատրիսի հորը) չի հաջողվել խուսափել արտաքսումից։ Չնայած նրան հաջողվել է ողջ վերադառնալ, սակայն ոչինչ չէր պատմում իր կյանքի այդ շրջանի մասին։ Միջնեկ եղբայր Հայկը տաղանդավոր երիտասարդ էր, որի համար մարզական կարիերա էին կանխատեսում։ Բռնությունից նրան չփրկեց անգամ ծառայությունն Օսմանյան բանակում։

Պատերազմն ավարտվեց 1918-ի դեկտեմբերին, եւ Սիրունին վերջապես դուրս եկավ ընդհատակից: 1919-ին հայ մտավորականների կոմիտեի հետ նա Ստամբուլում անցկացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին միջոցառումը։ 1919-1922 թվականներին կարճատեւ դադարի շրջան էր, երբ վերապրած նկարիչներն ու գրողները հույս ունեին կրկին վերադառնալու բնականոն ստեղծագործ կյանքին Օսմանյան կայսրությունում։ Սիրունին անցավ գրական աշխատանքի, սկսեց համագործակցել հայկական մամուլի հետ, հոդվածներ եւ բանաստեղծություններ հրապարակել, թատրոնով հետաքրքրվել։

                                         1921-ից Ստամբուլում լույս տեսնող «Ճակատամարտ» թերթը
 

Այնուամենայնիվ, 1920-ին նա կրկին ստիպված էր փախչել թուրքական հետապնդումից։ Նա հայտնվում է Սալոնիկում, այնուհետեւ Բուլղարիայում եւ վերջապես՝ 1922-ին տեղափոխվում Ռումինիա։ 1923-ի հոկտեմբերին թուրքական յաթաղանից փրկված մի քանի գրող ընկերների հետ Սիրունին Բուխարեստում հիմնում է «Նավասարդ» գրական-գեղարվեստական հանդեսը։ Արդեն հստակ գիտեր, որ իրեն չի հաջողվի Ստամբուլ վերադառնալ, եւ կարոտում էր անցած օրերը։

Բանաստեղծը վերջնականապես հաստատվում է Բուխարեստում, որտեղ շարունակում է գրական գործունեությունն ինչպես ռումինական, այնպես էլ հայկական միջավայրում։ Իր ընկերոջ՝ ռումինացի պատմաբան եւ քաղաքական գործիչ Նիկոլայե Յորգայի (1871-1940 թթ.) օգնությամբ նա Ռումինիային ծանոթացնում է հայկական մշակույթի հետ։

Սիրունին հեշտությամբ էր լեզուներ սովորում, բացի այդ, նա շատ ակտիվ մարդ էր, ստեղծագործում էր ինչպես հայերեն, այնպես էլ ռումիներեն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ստամբուլում թաքնվելով՝ Սիրունին հայերեն էր գրում հոդվածներն ու նամակները՝ կիրառելով կիրիլիցա, որպեսզի ոչ ոք չկարողանա հետեւել իրեն։

Նոր հայրենիքում՝ Բուխարեստում, բանաստեղծը կազմակերպում է Ռումինիայի բոլոր հայկական եկեղեցիների եւ վանքերի հաշվառում։ Դրանցից շատերը երկրի տարածքում գոյություն ունեին երկու դարից ավելի։ Նա նաեւ դասավանդում էր հայկական դպրոցում։

Նրա աշակերտների թվում էր ապագա Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը։ Հենց Սիրունին է իր աշակերտի մեջ նկատել հոգեւոր կոչումը։ Մի օր ասել է նրան․ «Դու հոգեւորական ես դառնալու»։

Վազգեն Առաջինը Սիրունուն ինչ-որ առումով իր մենթորն էր համարում եւ մեծ հարգանք ուներ նրա նկատմամբ։ Հետագայում նրանք բազմիցս հանդիպել են արդեն Խորհրդային Հայաստանում՝ Էջմիածնում, որտեղ Կաթողիկոսի հրավերով 1965-1971 թվականներին Սիրունին եղել է հինգ անգամ։

1944-ին, երբ Ռումինիա են մուտք գործում խորհրդային զորքերը, Սիրունուն ձերբակալում են կեղծ մատնությամբ եւ 10 տարով ուղարկում Գուլագ (Ճամբարների եւ կալանավայրերի գլխավոր վարչություն): Պատրիսը հիշում է. «Անգամ Գուլագում հորեղբորս հաջողվել է գրադարան ստեղծել: Նա ասում էր, որ շատ ափսոսում է կորցրած 10 տարիների համար, երբ չի կարողացել շարունակել գրական գործունեությունը, մինչդեռ ստեղծագործ ուժերի վերելքի շրջանն էր»: 

                                                                  Սիրունու հայտնի շարժը 
 

Պատրիսի հայրը՝ Գրիգորը, 1922-ին կնոջ հետ տեղափոխվում է Փարիզ, իսկ Սիրունին շարունակում է ապրել Բուխարեստում: Եղբայրները երկար տարիներ չեն տեսնվում, բայց նամակագրական մշտական կապի մեջ էին: «Հիշում եմ, թե ինչպես էր հայրս ամեն կերպ փորձում հատուկ կաթիլներ հայթայթել, որ հորեղբայրս կարողանար բուժել աչքերը»,- պատմում է Պատրիսը: Սիրունու եղբորորդին՝ Պատրիսը, ծնվել է 1951-ին, մեծացել եւ դաստիարակվել Փարիզում, կրթություն ստացել Հենրիխ Չորրորդի հեղինակավոր լիցեյում:
 

Ֆրանսիայի հայերի լուսանկարիչը

Գրիգորն ստիպված էր իր եղբայր Հակոբի փոխարեն վերապրել կալանք եւ արտաքսում: Պատերազմից հետո կարողացել է վերադառնալ Կոստանդնուպոլիս: Այնտեղ հազար սկաուտից բաղկացած խումբ էր ղեկավարում, ինչի համար շնորհակալական նամակ է ստացել սկաուտական շարժման հիմնադիր Լորդ Բեյդեն-Փաուելից:

Բացի այդ, Գրիգորն զբաղվում էր սպորտային միջոցառումների կազմակերպմամբ, իսկ շուտով սկսում է լուսանկարչի կարիերա: «Հայրս շատ քիչ էր պատմում երիտասարդ տարիների մասին: Ասես այդ ժամանակը ծածկած լիներ սեւ կտորով: Այդ ժամանակվա նրանց կյանքի մանրամասները կարողացել եմ իմանալ միայն մորիցս եւ այն նամակներից, որ կարողացել եմ հայթայթել»,- ասում է Պատրիսը: 

          Սկաուտական շարժման հիմնադիր Բեյդեն-Փաուելի նամակը Գրիգոր Ջոլոլյանին, 1921թ. 
 

Փարիզում Գրիգորը լուսանկարչական ստուդիա է բացում եւ այն «Արաքս» կոչում: Միաժամանակ շարունակում է մարզական մրցումներ կազմակերպել՝ ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Ստամբուլում: Ընդհուպ մինչեւ 1975 թվականին իր մահը, Պատրիսի հայրը լուսանկարների միջոցով արձանագրել է Փարիզում հայկական կյանքի իրադարձությունների մեծ մասը. գեներալ Անդրանիկի թաղումը, Կոմիտասի հոր հուղարկավորությունը, «Մուսա լեռան 40 օրը» գրքի հեղինակի՝ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի այցը Փարիզ 1936-ին: Բացի այդ, Գրիգորը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ բոդիբիլդեր-մարզիկների պրոֆեսիոնալ լուսանկարներ անելով: Նրա լուսանկարչական խցիկի առջեւ կեցվածք են ընդունել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Շոն Քոներին եւ Առնոլդ Շվարցենեգերը:

«Այդ լուսանկարներն այսօր Ֆրանսիայում են՝ ներգաղթի պատմության թանգարանում, «Կառնավալում», Նիսեֆոր Նյեպսի տանը, եւ Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության թանգարանում»,- ասում է Պատրիսը:  

Գրողի հոբելյանի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի, Սիրունու եւ Գրիգորի հանդիպումը Փարիզում, 1970թ.
 

Գրիգոր եւ Հակոբ եղբայրներին հաջողվել է հանդիպել միայն 1966-ին Էջմիածնում՝ 46 տարվա բաժանումից հետո: «Շատ հուզիչ պահ էր»,- պատմում է Պատրիսը:

1970-ին փարիզյան Գավոյի սրահում նշում էին Սիրունու հոբելյանը: Միջոցառմանը ներկա էր Կաթողիկոս Վազգեն Առաջինը: Դա Պատրիսի երկրորդ հանդիպումն էր հորեղբոր հետ. «Հիշողությանս մեջ պահպանել եմ ուժեղ բնավորությամբ եւ պրպտուն մտքով մարդու կերպարը»:

Երբ 1973-ին Սիրունին մահացավ, նրա եղբայր Գրիգորը մեկնեց Բուխարեստ՝ հուղարկավորության արարողությանը: Նա իր հետ Փարիզ բերեց բանաստեղծի ձեռագիր ինքնակենսագրականը: Այն հաջողվել էր թաքցնել, մինչ Սեկուրիտատեի քննիչներն ուսումնասիրում էին մյուս փաստաթղթերը, որոնք մինչեւ օրս պահվում են Ռումինիայի ազգային արխիվներում: Գրիգորն արտատպել է այդ ձեռագիրը: Դժբախտաբար, եղբոր մահից հետո նա երկար չի ապրել եւ մահացել է 1975-ին: 

​​«Հայ մարմնակրթական ընդհանուր միություն» սկաուտական կազմակերպությանը Գրիգոր Ջոլոլյանի անդամակցության տոմսը՝ տրված 1919-ի հունիսի 5-ին
 

 Ձեռագրի արկածները

Լուսանկարչի իր ողջ կարիերայի ընթացքում Գրիգոր Ջոլոլյանը հավաքել է հազարավոր ռեպորտաժային լուսանկարներ, որոնք արտացոլում են ֆրանսիական եւ հայկական կյանքը 20-ական թվականներից սկսած: «Ես զգում եմ, որ իմ պարտքն է այնպես անել, որ դրանց հնարավորինս մեծ մասը հայտնվի ցուցահանդեսներում եւ հրատարակություններում, քանի որ դա հարգանքի տուրք է հորս, եւ քանի որ դրանց պատմական արժեքը շատ մեծ է»,- ասում է Պատրիսը:

2005-ին՝ հոր մահից 30 տարի անց, Պատրիսը նրա թղթերի մեջ գտել է Սիրունու հուշերը։ Չկարողանալով ամբողջությամբ հասկանալ գրավոր հայերենը՝ նա այդ պահին Փարիզում գտնվող ընկերոջը խնդրել է օգնել ձեռագրի ընթերցման հարցում: Ընկերը պատկերացում չուներ, թե ինչի մասին է այդ փաստաթուղթը. նա չորս ժամ է անցկացրել ընթերցելով այն եւ ավարտել արցունքն աչքերին:

​​                                                     Եղբայրներ Էդդի եւ Պատրիս Ջոլոլյանները 
 

«Նա հաստատեց այդ հուշերի պատմական եւ գրական արժեքը: Ես որոշեցի հրապարակել դրանք»,- ասում է Պատրիս Ջոլոլյանը:

Պատրիսի եղբայրների՝ Կլոդի եւ Էդդիի, ինչպես նաեւ Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի շնորհիվ գիրքը հրատարակվեց 2006-ին Երեւանում: Դա զարմանալի նվեր է սերունդներին՝ Սիրունու ժառանգների կողմից: 

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

*Գլխավոր լուսանկարում՝ Հակոբը (Սիրունի) եւ Գրիգորը: Նյութի բոլորը նկարները՝ Պատրիս Ջոլոլյանի անձնական հավաքածուից: