Հայտնի ռուս իրավապաշտպան եւ «Ավրորա» համայնքի անդամ Օյուբ Տիտիեւը ղեկավարում էր Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում գործող «Մեմորիալ» մարդու իրավունքների կենտրոնի տեղի գրասենյակը: Նման գործունեությունը շատ վտանգավոր է այդ տարածաշրջանում. Տիտիեւի գործընկեր Նատալյա Էստեմիրովայի 2009 թ. սպանության գործը մինչեւ օրս չի բացահայտվել:
Մինչեւ փակվելը կազմակերպության՝ Գրոզնիում գտնվող գրասենյակը բազմիցս ենթարկվել է հարձակման, իսկ 2019 թ. Օյուբ Տիտիեւն ինքը դատապարտվեց չորս տարվա ազատազրկման՝ թմրանյութ պահելու համար: Ակտիվիստը եւ առաջատար իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ Human Rights Watch եւ Amnesty International կազմակերպությունները, կարծում են, որ գործի շարժառիթը քաղաքական է եւ կապված է նրա մասնագիտական գործունեության հետ: Չնայած վտանգներին՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակումից հետո Օյուբ Տիտիեւը շարունակում է իր աշխատանքը: Այժմ նա ապրում է Մոսկվայում: Մենք զրուցել ենք նրա հետ Ռուսաստանում տիրող իրավիճակի, իր նոր նախագծերի եւ քաղաքացիական հասարակության կարեւոր բաղադրիչի մասին:
– Հիմա ինչի՞ վրա եք աշխատում:
Ես բազմաթիվ նախագծեր ունեմ: Ծրագրերից մեկը, որի վրա կենտրոնացած եմ հիմա, իրականացվում է «Քաղաքացիական աջակցություն» կոմիտեի հարթակում [խմբ․՝ տարածաշրջանային ռուսական բարեգործական կազմակերպություն, որն օգնում է փախստականներին եւ տեղահանված անձանց]: Այս նախագիծն աջակցություն է տրամադրում Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի վեց հանրապետությունների դատապարտյալներին, որոնք հիմնականում իրենց պատիժը կրում են Ռուսաստանի այլ շրջաններում: Նկատի ունեմ Չեչնիայի, Ինգուշեթիայից, Դաղստանի, Կաբարդա-Բալկարիայի, Կարաչայ-Չերքեզիայի եւ Հյուսիսային Օսիայի դատապարտյալներին, որոնք մտնում են Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի մեջ:
Ինչո՞ւ ենք հենց այս շրջանների վրա կենտրոնացած: Քանի որ շատ քիչ դիմումներ են ստացվում կովկասյան հանրապետությունների բանտերից եւ քրեակատարողական հիմնարկներից, դիմումների եւ բողոքների մեծ մասը գալիս է Ռուսաստանի հյուսիսային շրջաններից: Իսկ սրանք այն տարածքներն են, որտեղ վիճակն ամենածանրն է՝ Յակուտսկ, Վլադիմիր, Մորդովիա եւ այլ շրջաններ: Այնտեղ մենք իրավաբանական աջակցություն ենք տրամադրում դատապարտյալներին, նրանց գործերով փաստաբաններ ենք նշանակում: Փորձում ենք հնարավորին չափ շատ օգնել նրանց:
Որպես կովկասյան հանրապետությունների բնիկներ՝ մեզ համար մեծ խնդիր է, քանի որ հաճախ պատիժը կրում ենք մեր շրջանից շատ հեռու: Շատ դատապարտյալներ իրենց պատիժը կրում են հեռու իրենց տնից, ընտանիքից, հարազատներից ու այս պատճառով նրանք բաժանված են իրենց ընտանիքներից: Ընտանիքները չեն կարող շփվել իրենց դատապարտված հարազատների հետ:
Աշխատանք կա անելու նաեւ զինված հակամարտության գոտիներում մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մեր նախագծով: Այս աշխատանքը եւս շարունակում եմ, ինչպես նախկինում: Բազմաթիվ այլ [նախագծեր] կան, որոնց մասին չեմ ցանկանում խոսել: Առանձնապես գաղտնիք չկա, բայց հարկ չկա նշելու:
– Ինչպե՞ս կբնութագրեիք մարդու իրավունքների վիճակն այսօր Ռուսաստանում:
Անընդհատ, ամեն տարի մեր Պետդուման ամեն օր դակում է այս օրենքները, որոնք ուղղված են իրավապաշտպանների գործունեության դեմ եւ կոչված են հնարավորին չափ շատ խոչընդոտելու նրանց աշխատանքին: Եթե պետությունն ինքն աներ այդ գործը, հանրային իրավապաշտպան կազմակերպությունների կարիք ընդհանրապես չէր լինի:
Մենք ունենք հանրային պաշտպաններ եւ օմբուդսմեն, յուրաքանչյուր շրջանում գործում են պետությանը ենթակա բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ: Եթե նրանք աշխատեին, մեր կարիքը չէր լինի: Բայց ամեն տարի իրավիճակն ավելի ու ավելի է վատանում: Այս 20 տարին, որ աշխատում եմ այս ոլորտում, այդպես է եղել:
– Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս շարունակելու՝ անկախ այս դժվար իրադրությունից:
Սա, իհարկե, կյանքի նորմ է դարձել: Ոչ այն պատճառով, որ ես ինչ-որ յուրահատուկ անձնավորություն եմ. ես սովորական մարդ եմ: Ես հաճույքով կհրաժարվեի այդ ամենից, եթե չլիներ արդարության այս ծաղրուծանակը, մեր շուրջ տիրող նման բացահայտ անօրինականությունը: Ես նույնիսկ պատահաբար մտա մարդու իրավունքների պաշտպանության ոլորտ՝ այդ անիծված պատերազմի եւ մեր աչքի առաջ տեղի ունեցող բազմաթիվ իրավախախտումների պատճառով: Բառացիորեն պատահաբար հանդիպեցի մոսկվացի իրավապաշտպանների՝ իմ ներկա գործընկերներին, եւ մտա այս դաշտ: Հիմա, կարելի է ասել, որ մինչեւ կյանքիս վերջ կապված եմ այս գործին:
– Որպես պրոֆեսիոնալ իրավապաշտպան-ակտիվիստ՝ ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, որոնք ցանկանում են փոխել իրավիճակը:
Ամենակարեւորը, որ մարդիկ ակտիվ լինեն եւ չհիասթափվեն, փորձեն լուծումներ գտնել իրենց խնդիրներին եւ պաշտպանեն իրենց իրավունքները: Դա կարեւոր բաղադրիչ կլինի: Պասիվությունը, «ոչ, ոչ մեկ ինձ չի օգնի, պայքարելն անօգուտ է» այս վարքագիծը ամենավտանգավորն է:
Եթե ձեր իրավունքները խախտվել են, պետք է պայքարել հանուն արդարության եւ ոչ թե հաշտվել դրա հետ կամ խնդրի լուծումը թողնել հետոյի: Փոփոխությունն ինքն իրեն չի լինի, պետք է պայքարել դրա համար: Իմ կարծիքով, դա ամենակարեւորն է: Իսկ հետո, եթե օգնության կարիք լինի, մարդու իրավունքների պաշտպանները կօգնեն ձեզ:
Դա կախված է նաեւ տարածաշրջանից: Այստեղ՝ Կովկասում, օրինակ, չեն հավատում, որ անձը կարող է ինչ-որ բան փոխել, ինչ-որ բան շտկել: Կան մարդիկ, որոնք պարզապես անօգնական են եւ պասիվ: Նրանք ուղղակի այդպիսին են: Բայց կան նաեւ ակտիվ մարդիկ, որոնք պայքարում են: Այս մարդիկ հասնում են [արդյունքի]: Գլխավորը՝ շարունակել պայքարել:
Լուսանկարը՝ Ելենա Աֆոնինա / ՏԱՍՍ, Getty Images