Եռանդուն Դավիթ Յանը բոլոր առումներով տաղանդավոր մարդ է։ Ծնվել է Երեւանում հայ մորից ու չինացի հորից եւ 47 տարեկանում հասցրել է կառուցել տեխնոլոգիական կայսրություն (ABBYY), մշակել առաջին շարժական համակարգիչը երիտասարդների համար (Cybiko), ստեղծել ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսի կառավարման նորարարական համակարգ (iiko) եւ առցանց վճարումների հարթակ (Platius), Մոսկվայում բացել արտ-սրճարան ու չորս ակումբ, Երեւանում հիմնել կրթական հիմնադրամ («Այբ» դպրոցը), գիրք գրել («Այժմ ուտում եմ այն, ինչ ցանկանում եմ»), տուն նախագծել, ֆիզիկայի ու մաթեմատիկայի գծով ստանալ գիտական աստիճան, նկարահանվել հեռուստածրագրում, մի քանի ֆլեշմոբ կազմակերպել, ինչպես նաեւ գործարար ու բարեգործական ամենատարբեր նախագծերի անվերջանալի շղթայում մասնակցել որպես համահիմնադիր, համաներդրող ու խորհրդատու։ Բացի այդ, նա ժամանակ է գտել հայտնաբերելու «երջանկության բանաձեւը» եւ հասկացել, թե ինչպես հասնել անմահության։
Չնայած անձնական ու մասնագիտական ձեռքբերումների այսպիսի տպավորիչ ցանկին՝ հանդիպման ընթացքում Դավիթ Յանը բաց եւ ընկերասեր մարդու տպավորություն է թողնում։ Յանը հեշտությամբ է գտնում ցանկացած բարդ հարցի պատասխան. նա վստահ է իր ուժերին, խորագիտակ է ու պերճախոս։ Աննա Հարությունովան (100 LIVES) Դավիթ Յանի հետ հանդիպել է Կալիֆորնիայի Պորտոլա Վելլի քաղաքի (Յանն ընտանիքով այստեղ է բնակվում) սրճարաններից մեկում եւ զրուցել նրա հաղթանակների ու պարտությունների գաղտնիքների, ինչպես նաեւ հայրենի Հայաստանի մասին։
Կյանքի կանոնների մասին
100 LIVES. Ամեն անգամ, երբ ինչ-որ բան եք նախաձեռնում, թվում է՝ ոչ Ձեր ոլորտում, հաջողության եք հասնում։ Որտեղի՞ց սեփական ուժերի նկատմամբ այդքան վստահություն։
Դ. Յան. Ուղղակի ես ավելի քիչ եմ վախենում սխալվել։ Ես պարզապես շատ չեմ մտորում «իսկ ի՞նչ կլինի, եթե չստացվի» թեմայի շուրջ։ Եռանդով եմ մոտենում գործին, ի սկզբանե վստահությունն էլ, անշուշտ, կա։ Մասամբ սա պայմանավորված է Ֆիզտեխով. այն մարդկանց համար, ովքեր անցնում են ֆիզտեխի դպրոցը, ծովը ծնկներից է։ Սա նման է պատերազմի ընթացքում հետախուզությանը։ Եթե բոլորը զգուշավորություն ցուցաբերեն, ոչինչ չի ստացվի։
Սակայն, պետք է խոստովանել, որ մեկ մարդը բավարար չէ։ Մի ծաղկով գարուն չի գա։ Անհրաժեշտ է միմյանց ոգեշնչող մարդկանց խումբ։ Թիմ, որի անդամները միմյանց հույս են տալիս, որ ամեն ինչ կստացվի։ Երբեք միայնակ նոր բիզնես չեմ նախաձեռնում։
Եթե ոչ մեկից արձագանք չես ստանում, ինչ-որ պահի ինքդ էլ ես մարում։ Եթե ոչ ոք հետդ կռիվ չսկսի, ապա քեզ էլ այն պետք չէ։ «YCombinator»-ում [ԱՄՆ-ում առեւտրային առումով ամենահաջողված բիզնես-արագացուցիչը (accelerator) – խմբ.] ամփոփել են ընկերությունների վիճակագրությունը. այն ընկերությունները, որոնք գնահատվել են 100 եւ ավելի միլիոն դոլար, ունեցել են երկու կամ երեք համահիմնադիր։
100 LIVES. Մի քանի հարցազրույցում Դուք ասել եք, որ հաջողակ բիզնես չի ստացվի, եթե նպատակը սոսկ գումար վաստակելը լինի։ Այժմ Սիլիկոնյան հովտում ներդրողի, սկսնակ բիզնեսներին աջակցողի դերում դեռեւս այդ տեսակետի՞ն եք։ Չէ՞ որ երբեմն մարդիկ գալիս են իրենց գաղափարներով, իսկ Դուք, որպես ներդրող, պետք է գնահատեք առեւտրային կենսունակությունը։
Դ. Յան. Կոմերցիոն կենսունակությունն այնքան էլ փող աշխատելու հարց չէ, ուրիշ բան է։ Դա նշանակում է անել մի բան, որ անհրաժեշտ է ինչ-որ մեկին։ Կարծեմ Սթիվ Ջոբսն էր ասում. «Ձեզ շրջապատող աշխարհի համար լավ բան արեք, եւ աշխարհը կհոգա ձեր մասին»։ Սա մարկետինգի հերթական սահմանումներից է։
Ձեռնարկատիրոջ, գործարարի, ինչպես եւ ցանկացած մեկի խնդիրն է անել մի բան, որն անհրաժեշտ կլինի այլ մարդկանց։
100 LIVES. Ունե՞ք երազանք։ Նախկինում երազում էիք սպորտային կոշիկների ու ջինսե տաբատի մասին, իսկ հիմա՞։
Դ. Յան. Այո: Օրինակ՝ «Այբ» դպրոցը... Ես շատ լավ եմ հասկանում Արամին [Փախչանյան], որն ամեն ինչ թողեց ու ստանձնեց դպրոցի ղեկավարությունը։ Երազանք՝ ստեղծելու այնպիսի դպրոց, որը տարիներ շարունակ տալու է այս աշխարհը փոխող շրջանավարտներ։
Շատ ավելի պարզ բաներ էլ կան. վերջապես տուն կառուցել։
100 LIVES. Իսկ որտե՞ղ է Ձեր տունը։ Թե՞ դուք աշխարհի քաղաքացի եք։
Դ. Յան. Թեեւ մենք Հովտում ենք ապրում, մեր տունն, այնուամենայնիվ, Մոսկվայում է։ Այստեղ՝ Ամերիկայում, մենք քոչվորներ ենք, քանի դեռ սեփական տունը չենք կառուցել։ Մեր նոր տունը չի լինելու ուղղահայաց պատերով, անկյուններն 90 աստիճան չեն լինելու։ Այս նախագիծն արդեն հաստատվել է քաղաքի կողմից։ Մենք շատ էինք վախենում, որ այն չի անցնի, որովհետեւ նախագիծն իսկապես արտասովոր է։ Սակայն իշխանություններն ասացին, որ սա իրենց քաղաքի պատմության մեջ երբեւէ ստեղծված ամենագեղեցիկ նախագիծն է։
Հայաստանի մասին
100 LIVES. Դուք ձեզ հայ համարո՞ւմ եք։
Դ. Յան. Այո՛։ Ես Հայաստանը հայրենիք եմ համարում։ Չինաստանն էլ եմ հայրենիք համարում։ Ես առհասարակ կարծում եմ, որ երեք հայրենիք ունեմ՝ Չինաստանը, Հայաստանը եւ Ռուսաստանը։ Հայաստանում ես մեծացել եմ, այնտեղ ավարտել եմ երեւանյան Ֆիզմաթ դպրոցը, առանց որի ես չէի ծանոթանա ո՛չ Գագիկ Վարդանի Գրիգորյանի, ո՛չ էլ համադասարանցիներիս հետ, որոնց շնորհիվ Ֆիզտեխ ընդունվելու ցանկություն ունեցա։ Եվ Աշոտ Ասլանյանը, եւ բարձր կուրսեցիները, որոնք Ֆիզտեխից գալիս մեզ ֆիզիկա էին սովորեցնում։ Իրենց շնորհիվ է, որ կյանքումս Ֆիզտեխ եղավ, իսկ եթե այն չլիներ, ապա չէին լինի ո՛չ ABBYY-ը, ո՛չ Lingvo-ն, ո՛չ էլ FineReader-ը։ Առանց Հայաստանի իմ կեսը չէր լինի, իսկ ես բոլորովին այլ մարդ կլինեի։
100 LIVES. Իսկ ինչպիսի՞ն է այն՝ հայ ազգությունը։
Դ. Յան. Ինձ թվում է՝ մորս միջոցով հայի արյունն ինձ տվել է անընդհատ ինչ-որ նոր նախագծեր սկսելու, իսկ չինական արյունը՝ սկսած գործերն ավարտին հասցնելու ցանկություն։
100 LIVES. Ռոմանտիզմի ու պրագմատիզմի հավասարակշռությո՞ւն։
Դ. Յան. Չինական տարբերակով դա այդքան էլ պրագմատիզմ չէ։ Դա, ավելի շուտ, արյան մեջ կոդավորված ջանասիրությունն է։ Ես դա տեսնում եմ հորս մեջ եւ տեսնում եմ այստեղ սովորող չինացի ուսանողների ու դպրոցականների մոտ։ Ինչ-որ ընդհանուր գիծ է նկատվում նրանց մոտ։ Եթե սկսել ես, համառորեն գործն ավարտին հասցրու։
100 LIVES. Այսինքն՝ կա՞ն բնավորության ազգային գծեր, որոնք հատուկ են հայերին։
Դ. Յան. Անշուշտ։ Նախաձեռնողականությունը։ Արվեստի տարբեր տեսակների ու ստեղծարարության համակցումը։ Իմ կարծիքով՝ Հայաստանում տարատեսակ արվեստների ձգտող մարդկանց քանակը, միջին հաշվով, ավելի շատ է։ Ու այդ ամենը չափազանց կարեւոր է, քանի որ այդ միահյուսումը հայերին եզակի գենետիկական առավելություններ է տալիս։ Դրանք հարկավոր է օգտագործել, բայց եւ պետք է կարողանալ թիմով աշխատել, սովորել թիմային հաջողություններով ուրախանալ։ Շատ կարեւոր է, որ այսօրինակ նախաձեռնությունը վերածվի ինչ-որ բանի, որը կմնա քեզանից հետո։
Հետեւաբար կարեւոր է այն, ինչ անում է Ռուբենը [Վարդանյան], որովհետեւ նրա նախագիծը գործնականում հենց այդ մասին է՝ սովորել ինչ-որ բան միասնաբար անել, միասին, միահամուռ ջանքերով։ Վառ անհատականությունը շատ կարեւոր է, սակայն այն, ըստ սահմանման, հավաքականության հակառակորդն է։ Այս իմաստով՝ այն մարդկանց վառ անհատականությունը, ովքեր ինչ-որ գործունեություն են ծավալում Հայաստանում։ Նրանք նկարիչներ, երաժիշտներ են՝ հայտնի աշխարհով մեկ։
Սա նման է մեկ վանդակում մի քանի վագր պահելուն։ Շատ բարդ է նրանց ստիպել ինչ-որ բան միասնաբար անել։
100 LIVES. Սա ռոմանտիկ մասն էր, իսկ հիմա մի փոքր պրագմատիկ մասից զրուցենք։ «Այբ»-ում ունեցած ելույթում Դուք ոգեւորված խոսում էիք այն մասին, որ շրջանավարտները պետք է փոխեն Հայաստանը, աշխարհը փոխեն։ Պրագմատիկ առումով, դուք դա ինչպե՞ս եք պատկերացնում։
Դ. Յան. Ճիշտ այնպես, ինչպես ես եմ դա անում, ինչպես դա անում է Ռուբենը, ինչպես ընկերներս են անում։
100 LIVES. Այսինքն՝ դուք ուզում եք, որ մարդն իր սեփական ընկերություննե՞րը բացի։
Դ. Յան. Ես նկատի ունեմ, որ կյանքում ինչ-որ բանի պետք է հասնել ու հետո մի լավ բան անել սեփական հայրենիքի համար։ Հայ ժողովուրդը պահպանել է ուժեղ ներքին կապեր, որոնք շատ երկար են պահպանվում, գուցե նաեւ՝ ընդմիշտ։ Մարդիկ կարող են գնալ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, սակայն նրանց ինչ-որ մի բան տանջելու է, մինչեւ սեփական երկրի համար որեւէ բան չանեն։ Ես դա տեսնում եմ սեփական օրինակով, իմ համակուրսեցիների օրինակով. նրանք համարում են, որ հարկավոր է գալ ու մի բան անել սեփական երկրի համար։
100 LIVES. Հայրենիք հասկացությունն արդյոք կարեւո՞ր է։
Դ. Յան. Անպայման, այն բացարձակապես սկզբունքային է։ Դա իռացիոնալ զգացմունք է, որն ապրում ես։ Դուալիզմ է։ Մի կողմից՝ ժամանակակից մարդիկ շատ առումներով աշխարհի քաղաքացիներ են ու լեզուների են տիրապետում, միջազգային նախագծերի են մասնակցում, աշխարհով մեկ են ճամփորդում։ Որքան շատ են ջնջվում սահմանները, այնքան շատ է մարդ իրեն տարօրինակ կերպով միայնակ զգում։ Դու կարող ես կարճ հաղորդագրություն ուղարկել, կամ Viber-ով ուր ասես երկտող ուղարկել՝ մեկ այլ մայրցամաք, սակայն քեզ այլ բան է հարկավոր, ավելի մարմնական, այն, ինչը կարելի է շոշափել։ Հենք։ Սկսում ես հասկանալ, որ այն, ինչ հեշտությամբ տրվել է, հեշտ է կորցնել։
Հետեւաբար, երբ Հայաստան ես գալիս ու տեսնում Արարատը, տեսնում եկեղեցիները, որոնք չորրորդ, յոթերորդ, տասներկուերորդ դարից են կանգնած՝ սեւ տուֆից, որը մամռակալել է։ Ներս ես մտնում ու տեսնում այդ փորագրությունները, տեսնում ես, թե ինչպես է լույսն ընկնում, հասկանում ես, թե արդեն քանի հարյուր տարի է այն այդպես ընկնում։ Պատարագ ես լսում ու հասկանում, որ այն այդպես էր մատուցվում այս բոլոր դարերի ընթացքում։ Ու հասկանում ես, որ WhatsApp-ը, Skype-ը, Viber-ը զիլ են, բայց կան բաներ, որոնք կարելի է շոշափել, ինչից դրանց արժեքը միայն ավելանում է։
100 LIVES. Կարծիք կա, որ հայերի մոտ իրենց նախնիների վերապրած ցեղասպանության հետեւանքով գենետիկ մակարդակում զոհի բարդույթ է ձեւավորվել։ Արդյո՞ք համարում եք, որ նման բարդույթ գոյություն ունի, եւ որ հարկավոր է բուժել այն։
Դ. Յան. Տասը բալանոց սանդղակով ես այն հինգ կգնահատեի. մեկն ունի, մյուսը՝ ոչ։ Ես նման մարդկանց ճանաչում եմ, նրանց տեսքից անմիջապես հասկանում ես, որ ատամնաբույժը նրա ատամը սխալ է դրել, ու որ նրա մոտ ինչ-որ բան կորել է, ու որ ինչ-որ մեկն ինչ-որ բան այնպես չի արել, եւ այստեղ նրան վիրավորել են։
100 LIVES. Նույնիսկ Ամերիկայում, երբ ասում ես՝ «ես հայուհի եմ», ի պատասխան լսում ես. «Այն, ինչ ձեր ժողովրդի հետ տեղի է ունեցել, սարսափելի է, շատ եմ ցավում»։
Դ. Յան. Այո՛, նման բան պատահում է, սակայն ինձ հետ այս բոլոր տարիների ընթացքում, գուցե, մեկ անգամ։ Եթե նման բան տեղի է ունենում, ապա հայերը վստահորեն պետք է իրենց ազգային բրենդն ինչ-որ ուրիշ բանի վրա կառուցեն։
100 LIVES. Իսկ ինչի՞ վրա կարելի է այդ բրենդը կառուցել։
Դ. Յան. Կարծում եմ՝ ձեռքբերումների վրա։ Կարծում եմ՝ դրական, կառուցողական, գիտական ու ստեղծագործական ձեռքբերումների վրա։
100 LIVES. Հարկավոր է ստեղծել բրենդ՝ ուշադրություն, ներդրումներ, մարդկային ներհոսք ապահովելու դեպի Հայաստան։
Դ. Յան. Հավանաբար, այո։ Կարծում եմ՝ բրենդի կառուցման հիմնական նպատակն ինքնակարգավորումն է։ Ինձ թվում է, որ «Գերմանիա» բրենդն ինքնակարգավորում է գերմանացիներին։ Ովքեր չեն համապատասխանում ազգային բրենդին, պետք է ինչ-որ կերպ աշխատեն իրենց վրա։
Նույնը չինացիների դեպքում է, որոնք շատ են սովորում ու շատ են աշխատում։ Եթե դու չես համապատասխանում, դա տարօրինակ է, ինքդ քեզ էլ ես սկսում տարօրինակ կերպով դիտարկել։ Եթե այդպիսի մի բրենդ լինի, այն կօգնի հենց հայկական արմատներով մարդկանց իրենց ինչ-որ այլ դիրքի վրա դնել։
Հիմա սկսում եմ մտածել, թե որն է այստեղ առաջնայինը։ Բայց, մի տեսակ, անհաջողության մատնվել կամ խաղալ ապրանքանիշի անվան հետ, հատկապես եթե հպարտանում ես դրանով, արդեն չես ուզում։ Ֆիզտեխում փոքրիկ կրծքանշաններ կան, հազիվ նկատելի, որոնցով շատ են հպարտանում դրանք կրող անձինք։ Այն առումով, որ՝ ով գիտի՝ կհասկանա։ Մարդիկ պետք է ձգտեն հավասարվել ինչ-որ մեկի։
Իսկ ինչ վերաբերում է արտաքին աշխարհի մարդկանց, ապա չգիտեմ՝ կա՞, օրինակ, Ֆրանսիայում բնակվող հայերի հետ կապված բացասական երանգավորում։ Աշխարհն ի՞նչ գիտի Հայաստանի մասին։ Ինձ հետաքրքիր կլիներ պատվիրել ու հետազոտություն իրականացնել թիրախային տարբեր տարածաշրջաններում ու հասկանալ, թե ինչ են այս պահին մտածում Հայաստանի մասին։ Իսկ երեք տարի անց նորից հարցում անցկացնել ու տեսնել՝ արդյո՞ք դիրքորոշումները փոխվել են այնտեղ, որտեղ ցանկալի կլիներ այդ փոփոխությունը։ Եվ արդյո՞ք ցանկալի է։ Գուցե այսպես էլ է ամեն ինչ լավ։ Ես ճշգրիտ գիտությունների մարդ եմ՝ մարկետինգի ու փիարի աշխարհից, եւ վստահ եմ՝ եթե նպատակն իրականանալի է, այն պետք է նաեւ չափելի լինի։
Ներկայում, իհարկե, հարկավոր է բրենդի ճանաչելիությունն ավելացնել մի քանի տարրերի մակարդակով, առնվազն՝ զբոսաշրջության տեսանկյունից։ Հարկավոր է Հայաստանի մասին մի քանի փաստ առանձնացնել ու անել այնպես, որ դրանք ավելի մեծաթիվ մարդկանց հայտնի դառնան։ Ինչ վերաբերում է բանկային ոլորտին, հոյակապ կլիներ, եթե Հայաստանը հանկարծ դառնար մերձավորարեւելյան Սինգապուր կամ Հոնկոնգ։ Այս առումով Հայաստանը մեծ պատմական ու մշակութային կապիտալ ունի, որը կարելի է նաեւ վաճառել։ Խցկվել Pixar, Disney, մուլտֆիլմ նկարել, որի գործողությունները կծավալվեին Հայաստանում։ Չէ՞ որ մարդիկ իմացել են Մադագասկարի մասին։
Այստեղ ոլորտը բավականին բարդ է, դժվարընկալելի ծավալ է, այդ պատճառով սա պետք է լինի երկար տարիների համակարգված աշխատանք։
100 LIVES. Հայաստանից շատ են հեռանում, իսկ հզոր սփյուռքի առկայությունը դրան նպաստում է, քանի որ գիտակցում ես՝ եթե հայտնվես Լոս Անջելեսում, ապա յուրայիններիդ կգտնես։
Դ. Յան. Սա եւ լավ է, եւ՝ վատ։ Սակայն կարող է երիտասարդների համար ծրագրավորում, արվեստներ սովորելու շարժառիթ լինել։ Սա կարող է մի այնպիսի իրավիճակ դառնալ, որտեղ ցանկալի հեռանկարի՝ տարեկան 150 հազար դոլար աշխատավարձի, Սիլիկոնյան հովտում խոշոր ընկերությունում աշխատանքի հնարավորությունը խռովելու է Հայաստանի երիտասարդների միտքը, եւ նրանք սովորելու են...
100 LIVES. Ու մեկնելու։
Դ. Յան. Պարտադիր չէ։ Սա դինամիկ գործընթաց է։ Եթե շատ հաջողակ մարդիկ մեկնել են ու կապիտալ ստեղծել, իսկ նրանց հարազատները Հայաստանում են, սա գործընթաց կլինի։ Հենց սա է համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի ինտեգրումը։ Ինչո՞ւ Հայաստանը չի կարող դառնալ Իսրայել, որտեղ կենսամակարդակն ավելի ցածր է, քան ԱՄՆ-ում, ու առկա հնարավորությունները թույլ են տալիս հսկայական թվով մարդկանց ապրել այնտեղ ու իրենց լավ զգալ։ Հսկայական թվով հրեաներ Իսրայելից դուրս են ապրում, իսկ նրանց երկիրը պատերազմական իրավիճակում է։
100 LIVES. Ընդ որում, այնքան էլ շատ մարդիկ չեն վերադառնում։
Դ. Յան. Դեռ պարզապես պահը չի հասունացել։ Կյանքի որակը, որը մարդիկ տեսել են, խիստ տարբերվում է այն որակից, որը ցանկանում են իրենց ու իրենց երեխաների համար, բայց սա ուղղելի է։ Այդ նժարները նույնական չեն, սակայն աստիճանաբար դրանց մակարդակը կճշգրտվի։ Եթե Հայաստանում լավ կրթական ծրագրեր հայտնվեն, լինեն լավ ենթակառուցվածքներ, որակյալ բժշկություն, ապա, հաշվի առնելով համացանցի առկայությունը, ավելի շատ մարդիկ կցանկական Հայաստանի տարածքում ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել։ Ժամանակակից մարդու համար արդեն գրեթե մեկ է՝ որտեղ է գտնվում, երբ աշխատում է, այդ սահմանը գրեթե ջնջված է։ Հանդիպումների մեծամասնությունը հեռակա կարգով է տեղի ունենում։
Ես բոլորովին չեմ բացառում, որ կգա ժամանակ, երբ մենք հինգ-տասը տարով կցանկանանք տեղափոխվել Հայաստան ու դասավանդել այնտեղ, ապրել այնտեղ։ Նախագծերը՝ թե՛ երեխաների, թե՛ բիզնեսի հետ կապված, կկայանան, կդառնան ինքնաբավ, արդեն հարկավոր չի լինի ամեն օր դրանց հետեւել։
100 LIVES. Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հինգ տարի անց մտածել՝ «չգնա՞մ մի քիչ էլ Հայաստանում ապրեմ»:
Դ. Յան. Շատ պարզ մի բան։ Մարդ ցանկանում է այնպես ապրել, որ այս աշխարհում մի բան փոխի. այդպիսին է նա։
Իսկ եթե մենք աշխատում ենք, որ փոխենք այս աշխարհը, ապա հարց է առաջանում՝ որտե՞ղ մենք կարող ենք այն փոխել։ Ոմանք գալիս են այն եզրահանգման, որ փոքր երկրում ավելի շատ կարող են փոխել։ Գնալ Չինաստան ու փորձել ամեն ինչ այնտե՞ղ փոխել, ինչպես Ջեք Ման։ Կարեւոր են արդյունավետությունը եւ մարդկանց ճակատագրերի, երկրի ճակատագրի, արդյունաբերության վրա քո ստեղծածի ազդեցությանը հետեւելը։
Հետո դու շատ տարբերակներ ունես, բայց քեզ Հայաստան են հրավիրում։ Դու շատ երկար խուսանավում ես՝ ի՞նչ եմ այնտեղ անելու։ Բայց, ի վերջո, ինչ-որ քամի քեզ տանում է այնտեղ, դու գալիս ես ու հասկանում, որ ճարտարապետությունը հիանալի է, մարդիկ հիանալի են, փողոցները գեղեցիկ են, էլ չեմ խոսում բնության, մրգերի ու սննդի մասին։ Բայց ամենակարեւորն այն երեխաների աչքերն են, որոնք բերանը բաց քեզ են լսում, քեզ հետ մինչեւ ուշ գիշեր նստում են դպրոցում, մի բան էլ իրենք են քեզ ոգեւորում, դու էլ մտածում ես՝ էլ որտե՞ղ եմ այսպիսի մարդկանց գտնելու։ Էլ որտե՞ղ կկարողանամ տեղեկություն փոխանցել այսքան մարդկանց, որոնք վստահաբար մի բան կանեն։ Ու մտածում ես՝ դե լավ, մեկ-երկու տարի կմնամ, իսկ հետո գիտակցում ես, որ հենց հանուն դրա արժե ապրել։ Այդ առումով, եթե նույնիսկ միայն մի քանի հատվածներում կյանքի որակը մոտենա Եվրոպայում կամ ԱՄՆ-ում ապրող մարդկանց կյանքի որակին, ապա դա անելն արդարացված է։
Այս պահին էապես շատ ավելի հեշտ է այլ երկրներից մարդկանց, գիտնականների ու գործարարների ներգրավել, որովհետեւ նրանց աշխատանքը բոլորովին այլ կերպ կընկալվի։ Սկզբում դա կլինի միջնակարգ կրթությունը, կրթությունից հետո՝ մի քանի տարի անց, դա կապված կլինի բարձրագույն դպրոցի հետ, հետո՝ նորաստեղծ ընկերությունների, ստարտափ-հաբերի հետ։ Կգան մարդիկ, որոնք կկիսվեն փորձով արդեն ոչ թե հինգերորդ կամ յոթերորդ դասարանի աշակերտների հետ, այլ դարձյալ նրանց հետ, սակայն երբ նրանք 25 տարեկանում կհիմնեն իրենց ընկերությունները։ Նրանք պատմելու են, թե ինչպես փոքր ընկերությունից ստանալ համաշխարհային ապրանքանիշ՝ աշխարհով մեկ սփռված միլիոնավոր կիրառությամբ։ Այդ ընկերությունների մի մասը մեկ միլիոն դոլարի կապիտալիզացիա կստանա, մուտք կգործի միջազգային բորսաներ, արտերկրում գրասենյակներ կբացի, ու ամեն ինչ իր հունով կընթանա։ Մինչ քաղաքական գործիչներն ինչ-ինչ հարցեր են լուծում, հարկավոր է զգուշորեն վերցնել դաշտը, սկսել հերկել այն, սերմեր ցանել, ու դրանք ծիլեր կտան։
Լուսանկարներում՝ Դավիթ Յանը UWC Դիլիջան քոլեջում, 2014թ. հոկտեմբեր, © Pan Armenian