Հոկտեմբերի 1, 2015թ.-Այսօր` հոկտեմբերի 1-ին, ավարտվեց Тhe Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակի անդրանիկ մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրման փուլը։ 100 LIVES-ը համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի եւ Վարդան Գրեգորյանի անունից շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին։
«Մենք անչափ հուզված ենք անձնազոհության, խիզախության, տոկունության եւ գթասրտության ներկայացված պատմություններով,– ասել է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը,- այն, ինչ մենք ստացանք, լավագույնս ապացուցում է, որ աշխարհը լի է ոգեշնչող եւ արժանավոր անհատներով»։
Առաջադրման փուլի ավարտից հետո մեր հետագա քայլերը հետեւյալն են. մարդասիրության ասպարեզի ինը համաշխարհային առաջատարները, որոնք ընդգրկված են մեր Ընտրող հանձնաժողովի կազմում, այս տարի կորոշեն հնարավոր թեկնածուների վերջնացուցակը, որում ընդգրկվողները, հիմնավորող վկայությունների օժանդակությամբ, գնահատման կենթարկվեն՝ ըստ ցուցաբերված խիզախ, անձնվեր եւ ազդեցիկ քայլերի:
Ընտրող հանձնաժողովի համանախագահ Էլի Վիզելը բարձր է գնահատում առաջիկա խորհրդակցությունների կարեւորությունը. «Ես հետաքրքրությամբ եմ սպասում թեկնածուների գործերի դիտարկմանը։ Անչափ կարեւոր է, որ մարդասիրության բացառիկ քայլերը մենք ճանաչման արժանացնենք հիմա՝ մեր օրերում, երբ աշխարհը կրկին կանգնած է հումանիտար ճգնաժամերի ահագնացման վտանգի առջեւ, իսկ ռեսուրսները գնալով անբավարար են դառնում»։
2016թ. մարտին Ընտրող հանձնաժողովը կհայտարարի մրցանակի հավակնորդների անունները, իսկ ավելի ուշ՝ 2016թ. ապրիլին, «Ավրորա» մրցանակի անդրանիկ շափնեկիրը կպարգեւատրվի 100.000 ԱՄՆ դոլարով եւ բարեգործության շղթան շարունակելու բացառիկ առիթով նրան հնարավորություն կտրվի 1.000.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի առաջադրել ժամանակին իրեն ոգեշնչած եւ գործողությունների մղած կազմակերպություններին։ Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին դափնեկրին կշնորհի «Ավրորա» մրցանակը Երեւանում։