«EQ-ն ավելի կարեվոր է, քան IQ-ն»

«EQ-ն ավելի կարեվոր է, քան IQ-ն»

Աշխարհահռչակ միկրոկենսաբան, պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Կարապետ Անդրանիկյանը Գերմանիայի հյուսիսում գտնվող Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի նախագահն է: Նա բազմաթիվ պարգեւներ է ստացել, այդ թվում՝ բնապահպանության ոլորտում ամենացանկալի եվրոպական մրցանակը, որը շնորհվում է Գերմանիայի Շրջակա միջավայրի հիմնադրամի կողմից: Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգը հետազոտություններ է կատարում ծայրահեղ պայմաններում դիմակայելու ունակ մանրէների վերաբերյալ:

Պրոֆեսոր Անդրանիկյանը հայտնի է համալսարանը զարգացնելու հարցում իր նպաստի եւ դասավանդման բազմաթիվ նոր մեթոդներ ներդնելու համար: «Ես մշտապես պնդում եմ, որ մտավոր զարգացման գործակիցը (IQ) կարեւոր է, բայց էմոցիոնալ զարգացման գործակիցը (EQ) շատ ավելի կարեւոր է: Հաջողակ լինելու համար երկուսն էլ անհրաժեշտ են: Գերմանիայում ուսանողների շրջանում տարածված գործելակերպ է մեկ առարկայի գծով մասնագիտանալը, սակայն այստեղ՝ Համբուրգի տեխնոլոգիական համալսարանում, նրանք ավելին են սովորում: Օրինակ՝ հաղորդակցման կարողություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, լեզուներ… Միայն գիտելիք ստանալով ոչ մի տեղ չենք հասնի»,- համոզված է նա:  
 

Զիգզագներով՝ դեպի Գերմանիա

Ծնվելու պահին նրա՝ հաջողության հասնելու հնարավորությունները զրոյին են մոտ: «Հորդանանում կային սովորական հանրակրթական դպրոցներ ու մի քանի մասնավոր դպրոց, այդ թվում ՝ անգլիական մի դպրոց: Եթե դու լավ դպրոց չէիր հաճախում, չէիր կարող համալսարան ընդունվել: Ես գիտեի, որ ի հեճուկս ամեն ինչի՝ պետք է սովորեմ, եւ որ անգլիական դպրոցում կրթություն ստանալը պարտադիր պայման է: Բայց նաեւ գիտակցում էի, թե որքան թանկ է այդ ամենը»,- հիշում է նա: Մի օր նա Բրիտանիայի դեսպանատանը դերձակ աշխատող մորը խնդրում է իր համար բարեխոսել դեսպանի կնոջ՝ լեդի Փարկերի մոտ, որ անգլիական դպրոց գնալու հարցում աջակցի իրեն: Կարապետին թույլ տվեցին անվճար սովորել:   

Ավարտելուց հետո Հորդանանից միայն մի քանի դիմորդ ընդունվեց Բեյրութի ամերիկյան համալսարան՝ Մերձավոր Արեւելքում լավագույն համալսարանը: Անդրանիկյանն անգլիական դպրոցից Ամերիկյան համալսարան ընդունված  երեք աշակերտներից մեկն էր: Ծնողների աղքատիկ խնայողությունները գրպանում՝ 18 տարեկան Կարապետն ուղեւորվում է Լիբանան: Ուսման վարձը միայն մասամբ էր հնարավոր ծածկել կրթաթոշակների հաշվին, ինչն ստիպեց նրան բազմաթիվ ուսանողական աշխատանքներ կատարել, հաճախ՝ գիշերվա առողջ քնի հաշվին:

Այդ ժամանակ՝ 1970-ական թվականներին, Լիբանանը գտնվում էր քաղաքացիական պատերազմի թոհուբոհում: Անդրանիկյանը կենսաբանության ոլորտում մագիստրատուրան ավարտելու շեմին էր եւ անհամբեր սպասում էր Միացյալ Նահանգներում դոկտորական կրթություն ստանալուն, երբ իրավիճակը կտրուկ դուրս եկավ վերահսկողությունից: «Ամենուր զինված մարդիկ էին, որոնք կրակում էին: Նրանք նաեւ համալսարանի տարածքում էին,- հիշում է նա,- իսկ ամերիկյան դեսպանությունը գուցե կես մղոնից մի փոքր հեռու էր գտնվում համալսարանական տարածքից: Ես փորձեցի վազել այնտեղ: Շուրջբոլորս թռչող փամփուշտների պատճառով ստիպված էի ողջ տարածքով մեկ վազվզել, զիգզագներ անել ու ծառերի հետեւում թաքնվել: Երրորդ փորձից հետո հրաժարվեցի ամերիկյան դեսպանատուն հասնելու մտքից ու շուրջս նայեցի, որպեսզի տեսնեմ, թե ինչ կա մոտակայքում»: Ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, ծառերի հաստ բների արանքում նկատեց Գերմանիայի դեսպանատունը: Նա ներս սողոսկեց: Անդրանիկյանին շատ արագ տրամադրեցին թե՛ ուսանողական մուտքի արտոնագիր, թե՛ կրթաթոշակ, եւ 24 տարեկանում նա ընդունվեց Գոթինգենի համալսարան, հետագայում այստեղ՝ Մանրէաբանության ու գենետիկայի ֆակուլտետում ստանալով դոկտորի իր կոչումը:
 

Երբ ծայրահեղությունը լավ է

Այսօր, ճապոնացի գիտնականների հետ սերտորեն համագործակցելով, նրա հետազոտական թիմը փորձում է եռացող տաք աղբյուրների մեջ դիմացկուն միկրոօրգանիզմներ գտնել: Գոյատեւելու համար ծայրահեղ պայմաններ պահանջող միկրոօրգանիզմների ֆերմենտները կարող են օգտագործվել որպես լվացքի միջոցների բաղադրիչ, դեղագործության ու քիմիական արտադրության ոլորտներում: «Կարեւորը նոր մակարդակի բարձրանալն է՝ ճիշտ այնպես, ինչպես անում ենք կյանքի բոլոր ոլորտներում: Սահմանված ստանդարտով երբեւէ նոր բան չի արտադրվել: Արտասովոր ու նորարարական ուղիներ փորձարկելը վատ բան չէ, համամիտ չե՞ք»,- ասում է Անդրանիկյանը: «Արդյունաբերության համար անհրաժեշտ է հնարավորինս քիչ աղտոտող նյութեր ստանալ եւ մշակել առավել արդյունավետ ու էկոլոգիապես անվնաս գործընթացներ: Մեր երկարաժամկետ նպատակն է կենսաբանական հիմք մշակել այն ամենի համար, ինչը դեռեւս քիմիական ճանապարհով է արտադրվում, այսպիսով առաջին հերթին խուսափելով աղտոտող նյութերից»,- իր պլաններն է պատմում նա: Տեխնոլոգիան, որի վրա աշխատում է Անդրանիկյանը, կարող է կիրառվել ցանկացած բնագավառում՝ կաշվի արդյունաբերությունից մինչեւ կոսմետիկ միջոցների արտադրություն եւ օվկիանոսի մաքրում:

Անդրանիկյանը շարունակում է առաջ նայել. «Ապագայի վերաբերյալ միակ տեսլականը վերականգնվող ռեսուրսների օգտագործումն է: Նավթն ու գազը կարելի է փոխարինել այնպիսի վերականգնվող ռեսուրսներով, ինչպիսիք են կենսազանգվածը, չօգտագործված բուսական նյութերը կամ փայտը: Կենսագործունեության արդյունքներն ու թափոնները կարելի է վերամշակել ու ստանալ բարձր որակի արտադրանք՝ ֆերմենտների ու միկրոօրգանիզմների կիրառման արդյունքում: Սա կարելի է իրականացնել առաջիկա 10 կամ 20 տարիների ընթացքում. մեզ միայն անհրաժեշտ է բնության մեջ նոր բակտերիա գտնել: Այսօր մեզ հայտնի է գոյություն ունեցող բակտերիաների միգուցե մեկ տոկոսը: Շատ բան դեռ ուսումնասիրված չէ»:  

Կարապետ Անդրանիկյանը հեյզերների, ծծմբային հրաբուխների, աղի լճերի ու արկտիկական սառույցների վերաբերյալ հետազոտություններ է իրականացնում ավելի քան 30 տարի: Այս տարի նույնպես նա վճռական է տրամադրված նոր բացահայտումներ անելու հարցում: 

*Գլխավոր նկարում՝ Կարապետ Անդրանիկյանը՝ գործընկերոջ՝ Կոկի Հորիկոշի հետ
Լուսանկարը՝ Անդրանիկյանի անձնական արխիվից