logo
ՓԱԿԵԼMenu
100 LIVES-ն օգնում է Նեպալին

100 LIVES-ն օգնում է Նեպալին

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի 100 LIVES նախաձեռնությունը 100 հազար ԱՄՆ դոլար  է փոխանցում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (UNICEF)՝ Նեպալի ավերիչ երկրաշարժից տուժած երեխաներին օգնելու համար: 

«Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը զգալի վնաս է պատճառել հարուստ պատմություն ունեցող այդ երկրին: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են այդ ահավոր աղետից: 100 LIVES-ը մարդասիրական նախաձեռնություն է, եւ մենք չենք կարող անտարբեր լինել մարդկանց ցավի նկատմամբ: Նման դեպքերում են դրսեւորվում մարդկային ոգու լավագույն հատկությունները, եւ ես ողջ աշխարհի հայերին հորդորում եմ միանալ նախաձեռնությանն ու աջակցել տուժածներին»,- ասաց Ռուբեն Վարդանյանը՝ IDeA հիմնադրամի եւ 100 LIVES-ի համահիմնադիրը:   

Նվիրատվությունն իրականացվում է «Հայերը՝ Նեպալին» խորագրով մարդասիրական ակցիայի շրջանակում, որով կոչ է արվում հայկական կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը եւ աջակցել UNICEF-ի՝ երկրաշարժից տուժած երեխաներին օգնելու ջանքերին:

«Նման աղետները խոցելի են դարձնում հատկապես երեխաներին` հաճախ նրանք դառնում են որբ, վնասվածքներ են ստանում, մնում անօթեւան ու անոթի: Հայերը սեփական փորձով գիտեն, թե որքան կարեւոր է ամեն մի վայրկյանը մարդկային կյանք փրկելու և առողջական ու հոգեբանական խնդիրներից պաշտպանելու համար: Աջակցելով UNICEF-ին օգնել աղետից տուժած երեխաներին՝ մենք հնարավոր ենք դարձնում նրանց ապագան»,- նշեց Վերոնիկա Զոնաբենդը՝ IDeA հիմնադրամի համահիմնադիրը:

Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար հնարավոր է ուղիղ նվիրատվություն կատարել՝ NEPAL FLASH APPEAL: