logo
ՓԱԿԵԼMenu
Զրույց Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդի հետ

Զրույց Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդի հետ

«Պապը հավատավոր քրիստոնյա է. նա ասել է, որ քրիստոնյան չի կարող ճշմարտախոս չլինել, եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոսքում նա հավատարիմ մնաց այդ պնդմանը»,- ասում է Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:

2015 թ. ապրիլի 12-ին Հռոմում մատուցված հատուկ պատարագին, որը կրում էր «Սուրբ Պատարագ հայոց ծեսի հավատավորների համար» անվանումը (Holy Mass for the Faithful of the Armenian Rite), Հռոմի Ֆրանցիսկոս Պապն  Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցած հայության ջարդերը որակեց «ցեղասպանություն»։ Աշխարհի տարբեր կողմերից բազում մարդիկ էին ուղեւորվել Հռոմ՝ մասնակցելու այդ արարողությանը։ Ներկա էր նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը։

Բուենոս Այրես վերադառնալուց հետո 100LIVES-ը զրուցեց արքեպիսկոպոս Մուրադյանի հետ. «Սա մեծ բավականություն էր հայ ժողովրդի եւ, մասնավորապես, այդ պահին Հռոմում ներկա հայերի համար, որոնք լսեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան առաջնորդի պատգամն առ այն, որ պետությունը պետք է ճանաչի իր մեղքը եւ ընդունի, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր՝ առաջինը 20-րդ դարում»։

Ըստ Տեր Գիսակ Մուրադյանի՝ Հայոց ցեղասպանության շուրջ Գերագույն քահանայապետի դիրքորոշումը միշտ նույնն է եղել։ «Դեռեւս իր կարդինալության տարիներին Բուենոս Այրեսի Մայր տաճարում ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագների ընթացքում նա բազմիցս խոսել է եւ պահանջել, որ Թուրքիան ճանաչի իր մեղքը՝ հանուն երկու ժողովուրդների բարօրության եւ խաղաղության։ Մենք տառապել ենք ցեղասպանությունից եւ դրա ունեցած հետեւանքներից, իսկ նրանք՝ պատմության եւ դատապարտման հետեւանքներից։ Տարբերությունն այն է, որ երբ նա այստեղի կարդինալն էր, նա ընդամենը մի կարդինալ էր, իսկ այժմ նա Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն է։ Նրա խոսքն արդեն այլ զորություն ունի»,- ասում է Մուրադյանը։

Պապի ձեւակերպումներին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Գերագույն քահանայապետի խոսքերը, իսկ թուրք պաշտոնատար անձինք Պապի հայրենիքում՝ Արգենտինայում, բացասական արձագանք են տվել դրանց։ Մուրադյանը, սակայն, զարմացած չէ. «Իմ կարծիքով՝ շատ բնական է։ Նրանք փորձելու են ժխտողական կեցվածք ընդունել եւ արտահայտել մեր զգացողությանն ու ընկալումներին հակադիր պնդումներ։ Ես միշտ ասել եմ, որ ժխտումը նաեւ հաստատում է։ Ամենակարեւորն այն է, թե որտեղ են ապրել այդ մարդիկ. նրանք ծնվել եւ կոտորվել են սեփական հայրենիքում։ Մեզ առաջնորդողն արդարության պահանջն է, այլ ոչ՝ վրեժի»:

Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը եւ Ֆրանցիսկոս Պապը հին ընկերներ են։ Նրանց ընկերությունը սկսվել է, երբ Ֆրանցիսկոսը դեռեւս եպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն էր՝ կարդինալ Անտոնիո Կառասինոյի աջ ձեռքը։ «Մենք միասին սպասավորում էինք էկումենիկ աղոթքի արարողությունները, ուստի համատեղ աշխատանքի երկարամյա փորձառություն ունենք։ Մեր ընկերությունն այդպես է սկսվել,- ժպտալով հիշում է արքեպիսկոպոս Մուրադյանը,-անձամբ ինձ համար մեր ընկերությունն ամրապնդվեց, երբ նա ինձ հրավիրեց միանալու Կրոմանյոնի զոհերի համար մատուցվող աղոթքին [ «Ռեպուբլիկա Կրոմանյոն» ակումբում ռոք-համերգի ընթացքում բռնկված հրդեհից 194 երիտասարդ էր զոհվել՝ խմբ.]։ Այդ ժամանակ, հիշում եմ, մտածեցի, որ այլ արքեպիսկոպոսներ եւս կլինեն, բայց պարզվեց՝ միայն ինձ էր հրավիրել։ Չափազանց հուզիչ եւ պատասխանատու պահ էր»:

Ի պատիվ Հայաստան եկած երկու առաքյալների՝ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանն ու Ֆրանցիսկոսը միասին օծել եւ օրհնել են Ողորմած Տիկնոջ բազիլիկ եկեղեցու Սուրբ Թադեւոսի սեղանը եւ Սուրբ Բարդուղիմեոսի եկեղեցու Սուրբ սեղանը։

Արքեպիսկոպոս Մուրադյանը սիրով հիշում է, որ երբ Բերգոլիոն կարդինալ ընտրվեց, Հայոց Առաջնորդարանը նրա պատվին ընթրիք մատուցեց։ Բերգոլիոյին հարց տվեցին՝ «Մոնսինյոր, բայց Դուք երբեք երեկոյան 8:00-ից հետո տնից դուրս չեք գալիս», ինչին ի պատասխան նա ասաց. «Հայոց Առաջնորդարանին ես որեւէ բանում մերժել չեմ կարող»։

2010 թվականին՝ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին, Բուենոս Այրեսի Մայր տաճարի առջեւ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար տեղադրվեց։ Մուրադյանի հավաստմամբ՝ խաչքարը տեղադրվել է Ֆրանցիսկոսի հատուկ հրամանով։

Հայոց թեմի առաջնորդը Հռոմի պապին այցելել է երեք առիթով. առաջինը՝ Սուրբ Էգիդիոսի խմբի հետ, երկրորդը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, եւ երրորդը՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված պատարագի համար։ «Հուսով եմ՝ հաջորդ անգամ կհանդիպենք արդեն Հայաստանում»,- ասաց արքեպիսկոպոս Մուրադյանը։

Ապրիլի 14-ին Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշներն ընդունել է Արգենտինայի հայ համայնքի պատվիրակությանը՝ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի գլխավորությամբ։ Ընդունելության ընթացքում նա իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ։ Անդրադառնալով հանդիպմանը՝ Մուրադյանն ասաց, որ պետության ղեկավարն իրենց արժանացրել է ջերմ ընդունելության եւ հուզվել, երբ նրան պատմել են, որ Հայաստանում տեղադրվելու է նախկին նախագահ Նեստոր Կիրշների հիշատակը հավերժացնող հուշատախտակ, քանի որ նրա նախաձեռնությամբ է ընդունվել թիվ 26.199 Օրենքը, որով պետությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը հռչակել Ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի խթանման օր»։ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը հույս հայտնեց, որ հարյուրամյակին ընդառաջ Արգենտինայի նախագահը կայցելի Հայաստան։

Եվգենիա Հակոբյան,100 LIVES
Արգենտինա