Երբ առաջացավ համաշխարհային մարդասիրական մրցանակ սահմանելու գաղափարը, մենք որոշեցինք անհրաժեշտ ոգեշնչումը փնտրել Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատմություններում:
Պատմություններից հատկապես մեկը չափազանց հուզիչ էր:
Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանը մի դեռատի աղջնակ էր, ով ականատես եղավ եւ իր մաշկի վրա զգաց Եղեռնի սարսափելի հետևանքներն ու հաղթահարեց ցեղասպանության տարիների անողոքությունները: Հետագայում նա հերոսական քայլ է անում՝ փախչում է գերությունից ու կարողանում մեկնել Ամերիկա՝ սկսելով նոր կյանք:
Ամերիկայում Ավրորայի պատմության հիման վրա հրատարակվում է գիրք եւ նկարահանվում կինոնկար, որոնց միջոցով հաջողվում է հավաքել մի քանի միլիոն դոլար: Գումարն ուղղվում է հայ որբերի օգնության մարդասիրական առաքելությանը:
Ցեղասպանությունից մեկ դար անց նրա կյանքի պատմության մասին գրվում են բազմաթիվ հոդվածներ, լույս են տեսնում ռեպորտաժներ, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր, որոնց շնորհիվ նրա կյանքի առասպելն անցնում է սերնդեսերունդ:
Ավրորան մահացել է 93 տարեկանում Կալիֆորնիայի ծերանոցներից մեկում:
Ավրորայի անվան մրցանակը երախտիքի խորհրդանիշ է, որ կտրվի մարդասիրական քայլերի համար, և միևնույն ժամանակ այն նյութական աջակցություն է բոլոր մարդկանց, ովքեր ջանում են աշխարհի տարբեր անկյուններում լուսավոր դարձնել մարդկանց ապագան: Ճիշտ այնպես, ինչպես Ավրորա Մարդիգանյանն էր անում:
Ավրորայի կյանքի պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
*Ավրորա Մարդիգանյանի լուսանկարը տրամադրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը