«Նարսեսը… կայսեր փոխանորդներից առաջինն ու ամենահզորը…». Հռոմեական կայսրության քայքայման ու անկման պատմություն, հատոր 5, Էդվարդ Գիբոն
Ով է նա
Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր օրոք Նարսեսը (կամ Ներսեսը, հունարեն՝ Ναρσής) Կայսերական գանձապետն էր։ Նա յոթանասունն անց ներքինի էր արդեն, երբ Հուստինիանոսը նրան անսպասելիորեն գործուղեց Իտալիա՝ գոթերի դեմ պատերազմելու։ Ի հեճուկս իր տարիքի՝ Նարսեսը փայլուն կերպով իրագործեց կայսեր առաջադրանքը, ջախջախեց գոթերին եւ դուրս վտարեց նրանց Իտալիայից՝ վերականգնելով Հուստինիանոսի թագի գերիշխանությունն այդ երկրամասում։
Լինելով Սասանյան Իրանի կազմում ներառված Մարզպանական Հայաստանի հպատակ՝ Նարսեսը Պարսկաստանի պարտությունից հետո անցել էր Բյուզանդիա եւ անցել ծառայության Հուստինիանոսի մոտ։ Իտալիայի վերջնական նվաճումից տարիներ առաջ նա մեկ անգամ եւս ուղարկվել էր Իտալիա՝ օժանդակելու բյուզանդական Բելիսարիոս հռչակավոր զորավարին։ Նրանց համատեղ ջանքերը, սակայն, խափանվել էին անբավարար հաղորդակցության եւ ներքին երկպառակտությունների պատճառով, ինչի հետեւանքով նրանք չէին կարողացել պարտության մատնել գոթերին եւ ետ էին կանչվել կայսեր մոտ։
Կայսեր նկատմամբ Նարսեսի հավատարմությունն էր (եւ կայսեր համոզվածությունը, որ իր ներքինին չի փորձի գահընկեց անել իրեն), որ կայսրն իր հպատակին վստահեց Իտալիայի վերադարձման հանձնարարությունը։ Նարսեսը հասավ նրան, որ իր զինվորները ե՛ւ ենթարկվեն հրամաններին, ե՛ւ արժանանան արդարամիտ վերաբերմունքի։ Այս երկու գործոնների շնորհիվ՝ նա կարողացավ բազմաթիվ հաղթանակներ տանել գոթերի դեմ եւ վերատիրանալ Իտալիային։
Նարսեսն Իտալիան ղեկավարեց ավելի քան մեկ տասնամյակ, սակայն ի վերջո հեռացվեց իր պաշտոնից, երբ գահ բարձրացավ Հուստինիանոսի հաջորդը՝ Հուստինոս Բ կայսրը։
Հետաքրքիր փաստ
Թեեւ Նարսեսը ծնվել է հինգերորդ դարում, նա, ըստ որոշ տեղեկությունների, ապրել է մինչեւ 95 տարեկան՝ մեծապես գերազանցելով այդ ժամանակներում կյանքի սպասվող տեւողությունը։
Ավելին