Մյուրիել Միրաքը «Armenian Mirror-Spectator» պարբերականի թղթակից է ու մի շարք գրքեր է հրատարակել։ Նյու Ինգլենդում ծնված ու մեծացած Մյուրիելն անգլիական գրականություն է սովորել Ուելեսլիի քոլեջում, իսկ այնուհետեւ Ֆուլբրայթի ծրագրով գիտական աշխատանք կատարել Իտալիայում։ Ավելի ուշ նաեւ դասավանդել է Միլանի համալսարանում։ «Այն փաստը, որ իտալական համալսարանները 1970-ականների սկզբին դարձան չափազանց քաղաքականացված, ինձ վրա լուրջ ազդեցություն ունեցավ,- պատմում է Մյուրիելը,- ես դարձա արաբական աշխարհի անցուդարձի շուրջ մասնագիտացած քաղաքական լրագրող»։ 1991թ. «Փոթորիկն անապատում» գործողությունից հետո նա ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող մի մարդասիրական ծրագիր գլխավորեց, որը կոչվում էր «Իրաքում երեխաների փրկության կոմիտե».
«Մենք իրաքցի երեխաներին Միացյալ Նահանգներ էինք ուղարկում բուժման։ Տուն այցելությանս ժամանակ մորս ցույց տվեցի պատերազմի հետեւանքով վիրավորված երեխաների լուսանկարները։ Այդ լուսանկարները նրա հոգու խորքում ինչ-որ ապրումների պատճառ դարձան, ու կյանքում առաջին անգամ նա ինձ պատմեց իր փրկության պատմությունը։
Մինչ ծնողներիս մահը երեք եղբայրներս ու ես չէինք իմացել սարսափելի մանրամասները։
Նրա հուշերի ընթերցումը ցնցում էր ինձ համար ու մի տեսակ ինքնության ճգնաժամի հանգեցրեց- ասում է նա,- երեխա ժամանակ ուզում էի ավելի ինտեգրվել, մերվել, ամերիկացի լինել։ Իմ դասընկերներից եւ ուսուցիչներից ոչ ոք ոչինչ չգիտեր հայերի մասին կամ այն մասին, թե որտեղ է գտնվում Հայաստանը։ Շաբաթը մեկ հայոց լեզվի դասերի էի մասնակցում, քանի որ ծնողներս շատ էին կարեւորում դա»։
Ջոնն ու Արտեմիսն իրենց հարսանիքին, 1932թ. |
Կանխորոշված հանդիպում
Մյուրիելի մայրը՝ Արտեմիս Երամյանը, ծնվել է 1914թ. Արաբկիրի մոտ գտնվող Ցաք օսմանյան գյուղում։ 1915թ. գյուղի տղամարդկանց մահապատժի ենթարկեցին։ Կանանց ու երեխաներին փակել էին եկեղեցում, իսկ այնուհետեւ տարել էին դաշտ՝ գնդակահարելու։ Փամփուշտը վրիպել է, եւ Արտեմիսը ողջ է մնացել։ Թուրք մի հովիվ գտել է նրան ու թողել մզկիթի աստիճաններին։
Արտեմիսին փրկեց սրտացավ մի ժանդարմ, որը երեխային մեծացրեց այնքան ժամանակ, մինչեւ պատերազմից հետո հեռավոր ազգականները կգտնեին նրան ու կտեղափոխեին Ամերիկա։
Եթե ցեղասպանությունը տեղի չունենար, Զավենն ու Արտեմիսը կարող էին եւ Արաբկիրում հանդիպել։ Զավենը ծնվել է 1907թ., Արաբկիրի մոտ գտնվող Մաշգերդում։ Նա ութ տարեկան էր, երբ իր հորը, այնուհետեւ՝ մորն ու զարմիկներին սպանեցին։ Խնայեցին միայն նրա հիվանդ տատիկին ու նորածին եղբորը։ Ժանդարմները հայերին չորս օր կողպել էին եկեղեցու ներսում։ Երբ նրանց կենտրոնական հրապարակ են ուղեկցում՝ սպանելու, Զավենը տուն է վազում ու թաքնվում գոմում, հետո ապաստան գտնում թուրք հարեւանի մոտ։ «Մոտ մեկ ամիս անց մեր հարեւանի հետ գյուղի հրապարակի մոտ էի,- տարիներ անց գրել է Ջոնը,- թոփալ Նուրին՝ ողջ տարածաշրջանի գլխավոր դահիճը, ձիով եկավ, բռնեց ինձ ու բղավեց. «Դո՛ւ էիր այն մեկը, որ փախուստի դիմեց»։ Թուրք մի կին նայեց նրան ու բացականչեց. «Մի՞թե արդեն բավարար չեք սպանել։ Ինչո՞ւ տղային հանգիստ չեք թողնում, որ իր մահամերձ տատիկի ու նորածին եղբոր մասին հոգ տանի»»։ Ժանդարմը բաց թողեց տղային, ու նա փրկվեց։
«Մեկ շաբաթվա ընթացքում տատիկս մահացավ,- գրում է Զավենը,-ես հարցրեցի այդ կնոջ ամուսնուն՝ արդյոք կարող է ինձ օգնել թաղել նրան... Մեկ շաբաթ անց ես կրկին մոտը գնացի եղբորս թաղման համար, որը մեկ տարեկան էլ չկար ու մահացել էր սովից։ Ես գյուղում մնացած միակ հայն էի»։
Զավենն իր թուրք հարեւանների հետ ապրեց ու աշխատեց վերջիններիս համար մինչեւ 1917 թվականը, երբ նրա մորաքույրը՝ Աննան, փնտրելով իր երեք զավակներին, որոնց բռնագաղթի ժամանակ էր կորցրել, վերջիններիս փոխարեն գտավ Զավենին։ Աննան Արաբկիր տարավ Զավենին։ «Միակ հասանելի սնունդն ամեն շաբաթ գալիս էր Ամերիկայի կողմից հովանավորվող Մերձավոր Արեւելքի Նպաստամատույց կազմակերպությունից։ Ես գնում էի ու ցորեն էի ստանում որպես նպաստ՝ մեկ կամ երկու հոգու համար, ինչը մեկ շաբաթվա համար բավարար էր։ Պարոն Նապն էր ղեկավարում Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցը։ Բոլորս կարծում էինք, որ նա Աստված է»։ Մեկ տարի անց նրանք միացան Հալեպի իրենց հեռավոր ազգականներին եւ 1921թ. ուղեւորվեցին Միացյալ Նահանգներ՝ Զավենի մորեղբայր Կարապետի մոտ, որը 10 տարի առաջ էր արտագաղթել։
Ջոնը, նրա մորեղբայր Կարապետը, մորաքույր Աննան եւ զարմիկ Հովսեփը Միացյալ Նահանգներում, 1923թ. |
Մեքենաների վաճառքից մինչեւ բարեգործություն
Բոստոնում Զավենը «Ջոն» է դառնում։ Նա հաճախում է ավագ դպրոց,սակայն 16 տարեկանից թողնում է սողորելն ու անցնում աշխատանքի: Ցերեկները հյուրանոցում ամաններ էր լվանում, գիշերն էլ մեխանիկություն անում: Հետո երեք գործընկերների հետ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման սրահ բացեց։ Ու այնտեղ էլ հանդիպեց Արտեմիսին, որը հաշվապահությամբ էր զբաղվում։ Ամուսնանալով 1932թ.՝ նրանք անբաժան մնացին մինչեւ մահ։
Արտեմիսն ու իր չորս զավակները, 1943թ. |
Երբ 1930-ականներին վրա հասավ Համաշխարհային մեծ ճգնաժամը, Ջոնն ստիպված եղավ հրաժարվել ավտոմեքենաների տեխսպասարկման իր սրահից, բայց ոչ՝ հաջողության նկատմամբ իր հավատից։
«Հայրս շատ աստվածավախ մարդ էր։ Նա բացարձակ հավատք ուներ Աստծո հանդեպ։ Նա միշտ ասում էր. «Եթե ես փրկվել եմ, ապա որոշակի պատճառով, ու, Աստծո կամոք, ամեն ինչ լավ կլինի»»,- հիշում է Մյուրիելը։ Ու ճիշտ այդպես էլ եղավ։ Մի աջակցի շնորհիվ Ջոնն ու իր գործընկերներն ավտոտեխսպասարկման նոր սրահ բացեցին Արլինգտոնում՝ Բոստոնի արվարձաններից մեկում, որը հետագայում դարձավ «Chevrolet» ընկերության լիազորված ներկայացուցչություն եւ առայսօր հաճախորդների է սպասարկում «Մասաչուսեթսի պողոտա թիվ 1125» հասցեում։
«Mirak Chevrolet»-ի նորաբաց ցուցասրահը, 1948թ. |
Նախքան 1972թ. իր առանձին «Ջոն Միրաք» հիմնադրամի ստեղծումը, Ջոնը Հայկական մշակութային հիմնադրամի նվիրյալ ղեկավարներից էր։ «Թեեւ նա ինքը երբեւէ համալսարանում չի ուսանել, սակայն իսկապես բարձր էր գնահատում կրթությունը, երաժշտությունը եւ մշակույթը։ Նա վճռականորեն էր տրամադրված՝ պահպանելու հայկական ամեն բան,- ասում է Մյուրիելը,- մինչեւ 90 տարեկանը նա ամեն օր իր գրասենյակ էր գնում։ Տուն էր գալիս, նստում իր բազկաթոռին, թերթ վերցնում ու հայկական երաժշտություն լսում։ Նրա մահը բոլորիս համար մեծ կորուստ էր: Նա խիզախության եւ ուժի աղբյուր էր մեզ համար»,-ասում է Մյուրիելը։ Ջոնն ապրեց մինչեւ 93 տարեկանը։
Ջոն Միրաքն ու ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սեթ Մոմջյանն Էլիս կղզում, 1978թ. |
Այսօր Ռոբերտն ու Մյուրիելն արժանին են մատուցում իրենց հորը՝ շարունակելով նրա բարեգործական աշխատանքը։ Միայն վերջերս «Միրաք» հիմնադրամը 300 հազար ԱՄՆ դոլար փոխանցեց հայաստանյան դպրոցներից մեկին։
«Մենք մեր պատմական հայրենիքի մեծ մասը կորցրեցինք գերտերությունների աշխարհաքաղաքական խաղում։ Նրանց, ովքեր կորցրած գավառների վերադարձն են պահանջում, ես ասում եմ. մոռացե՛ք այդ մասին, դա պատրանք է։ Մենք ունենք երկիր, պետականություն, ինքնիշխան պետություն, որը զարգացման կարիք ունի։ Եկեք միասին աշխատենք՝ ապահովելու նրա ապագան ու տեւական բարգավաճումը երիտասարդ սերնդի համար»,- ասում է Մյուրիելը։
*Գլխավոր նկարում՝ Ռոբերտ եւ Մյուրիել Միրաքները
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: