logo
ՓԱԿԵԼMenu
Մոնթե «Ավո» Մելքոնյան՝ Արցախյան ազատամարտի հրամանատար

Մոնթե «Ավո» Մելքոնյան՝ Արցախյան ազատամարտի հրամանատար

«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»։

 

Նրա մասին 

Մոնթե Մելքոնյանն ամերիկահայ կամավոր էր եւ Արցախյան ազատամարտի հրամանատար։ Զոհվել է պատերազմի ժամանակ։ Մոնթեն սերունդների հիշողության մեջ մնացել է իբրեւ հայության անկոտրում ոգու մարմնացում, որի շնորհիվ հնարավոր դարձավ հաղթանակել բազմապատիկ գերակշռող թշնամուն եւ ազատագրել պատմական հայրենիքի մի հատվածը՝ Արցախը։ 

Մոնթե Մելքոնյանը ծնվել է Կալիֆոռնիայի Սենթրալ Վելլի քաղաքում: Երիտասարդ տարիքում առանձնապես կապված չլինելով իր արմատներին ու ինքնությանը՝ գրեթե չի իմացել հայերեն։ Սակայն համալսարանական տարիներից հետո, երբ նրանում զարթնեցին հայկական զգացմունքները, Մոնթեն հրաժարվեց Օքսֆորդի համալսարանի դոկտորական ծրագրից եւ մեկնեց Մերձավոր Արեւելք։ 

Իրանում եւ Լիբանանում անցկացրած տարիներին նա՝ որպես համոզված սոցիալիստ, պայքարեց ինչպես սոցիալական արդարության, այնպես էլ սփյուռքահայ համայնքների անվտանգության համար, իսկ տարիներ անց եկավ հաստատվելու դեռեւս Խորհրդային Միության կազմի մեջ ընդգրկված Հայաստանում, որը, սակայն, շուտով հռչակելու էր իր անկախությունը։ Տեղեկանալով Ադրբեջանում հայկական ջարդերի եւ Արցախի հայության նկատմամբ թշնամական գործողությունների բորբոքման մասին՝ Մոնթեն մեկնեց ռազմաճակատ՝ խորապես վստահ, որ եթե հայ ժողովուրդը կորցնի այդ տարածքը եւս, ապա Հայաստանի մնացյալ մասը կարճ ժամանակ անց արագորեն կգրավվի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ 

Մոնթեն աչքի էր ընկնում իր ռազմական տաղանդով, սակայն նրան իրապես բացառիկ էին դարձնում իր լրջմտությունը, ճարտարախոսությունը եւ անգլերենին տիրապետելը։ Այս ամենը նրան տալիս էր հնարավորություն՝ առավելագույնս հստակ ձեւակերպելու եւ ներկայացնելու, թե ինչու է Արցախն այդքան կարեւոր հայության համար։ Նրա այդ ուղերձները լայն արձագանք գտան աշխարհում՝ դառնալով միացյալ հայ ժողովրդի խոսքը։  

Իր ենթակաների, ռազմական ղեկավարության եւ այն վայրերի բնակչության շրջանում, որտեղ նա պայքար էր մղում, Մոնթեն ձեռք էր բերել անհողդողդ արդարամտի եւ աննկուն սկզբունքների տեր անհատի համբավ։ Մոնթեն չէր խմում եւ չէր ծխում՝ չթույլատրելով խմիչք օգտագործել նաեւ իր զինվորներին։ 

Մոնթեն սպանվել է ճակատամարտերից մեկի ավարտից հետո՝ թշնամու գնդակից։ Նրա աճյունն ամփոփված է Երեւանի Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում, իսկ անունը հավերժացել է բազմաթիվ դպրոցների ու հաստատությունների անվանումներում։ Նրա պատվին կանգնեցվել են արձաններ, այդ թվում՝ Արցախի Մարտունի քաղաքում, որտեղ նա ծառայում էր իբրեւ հրամանատար։  

Մոնթեն դարձավ հայ ժողովրդի միասնության խորհրդանիշը, որը հատեց հայկական երկու պետությունների սահմանները՝ ցուցադրելով բոլորին, որ աշխարհում կան սփյուռքահայեր, որոնք Խորհրդային Հայաստանի հայության խնդիրների հետ առերեւույթ կապ չունենալով հանդերձ՝ պատրաստակամ են գալու եւ պաշտպանելու հայոց հողն ու դրա վրա ապրող մարդկանց։

 

Հետաքրքիր փաստ 

Երիտասարդ տարիներին Մոնթեն մեկնել է Ճապոնիա, ապրել այնտեղ եւ սովորել ճապոներեն, որին նա որոշ ժամանակ ավելի լավ է տիրապետել, քան հայերենին։

 

Ավելին

My Brother's Road: An American's Fateful Journey to Armenia by Markar Melkonian

Fresno-Born Karabakh Commander Dies on Battlefield - Los Angeles Times