logo
ՓԱԿԵԼMenu
Մկրտիչ Խրիմյան (Հայրիկ)՝ հայ ազատագրական շարժման առաջնորդ

Մկրտիչ Խրիմյան (Հայրիկ)՝ հայ ազատագրական շարժման առաջնորդ

«Յոյսերդ յԱստուած եւ ի քեզ ժողովէ, վհատեալ ժողովուրդ, եւ գո՛նէ գիտցիր այսուհետեւ թէ` դու ինքդ ես միայն քեզ օգնական»։

 

Նրա մասին 

Մկրտիչ Խրիմյանը հայոց նոր շրջանի պատմության ամենաազդեցիկ անհատականություններից մեկն էր։ Նա եռանդուն գործունեություն է ծավալել Օսմանյան կայսրությունում հայության ստորադասված վիճակը դարմանելու եւ հայության խնդիրներին լուծում տալու ուղղությամբ։ 

Մկրտիչ Խրիմյանը ծնվել է Վանում։ Վաղ տարիքից աչքի է ընկել հռետորության ձիրքով եւ չափահաս դառնալով՝ որոշել է նվիրել իրեն հոգեւոր կյանքին։ Ի մոտո գիտենալով արեւմտահայության ծանր կացությունը՝ բռնաճնշումներ, կրթության բացակայություն, հետամնաց կյանք, նա իր ողջ կյանքն ու եռանդը նվիրել է հայության դրության բարելավմանը։ Վանում Մկրտիչ Խրիմյանը հրատարակել է «Արծուի Վասպուրական» պարբերականը՝ հարթակ, որով նա կարողացել է տարածել իր գաղափարները։ Նրա խոսքը գնալով ավելի մեծ արձագանք է ստացել, իսկ ինքը՝ Մկրտիչ Խրիմյանը, մեծ ժողովրդականություն է ձեռք բերել։ Ժողովրդի նկատմամբ հայրական ուշադրության ու վերաբերմունքի համար նրան նույնիսկ մեծարել են «Հայրիկ» պատվանունով։ 

Խրիմյանի ժողովրդական մեծ համբավն աննկատ չմնաց. Օսմանյան իշխանությունները նրան մշտապես պահում էին հսկողության տակ, իսկ երբ ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս, թույլ չտվեցին ճանապարհ ընկնել Էջմիածին։ Երբ նրան ի վերջո հաջողվեց ընդունել կաթողիկոսական աթոռը, շատ չանցած՝ ցարական իշխանությունների հրահանգով բոլոր ոչ-ռուսական եկեղեցիները փակվեցին, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվեց։ Հայրիկը եռանդուն պայքար մղեց այդ օրենքի կենսագործման դեմ, ինչի շնորհիվ օրենքը չեղյալ համարվեց։  

Վերադառնալով Բեռլինի համաժողովից, որտեղ նա հանդես է եկել հայության անունից․ Խրիմյանը դառնացած արտասանեց իր ամենահայտնի խոսքերը «երկաթյա շերեփի» մասին՝ ասելով, որ հայությունն իր հույսը դրել էր ուրիշների վրա, այնինչ պետք է վստահեր միայն սեփական ուժերին։ Հայրիկը քաղաքականությունն այլաբանորեն համեմատեց հայկական ավանդական ուտեստի՝ հարիսայի հետ, որից մյուս երկրներն իրենց ցանկանալիք բաժինը վերցնում էին երկաթյա շերեփներով, այնինչ ինքն ուղարկվել էր հայության հողային պահանջներն ընդամենը թղթե շերեփով ապահովելու։ Սրանով նա հայությանը հորդորում էր դեն նետել դարերով արմատացած վեհերոտությունը եւ դառնալ սեփական ճակատագրի տերը, ինչն ինքնին ազգային-ազատագրական պայքարի կոչ էր։ 

Ֆիզիկական, հոգեւոր եւ հռետորական ներկայությամբ Հայրիկը պատկառազդու անհատականություն էր, որի խոսքը՝ գրավոր թե բանավոր, մեծ արձագանք էր ստանում հայության մեջ։ Որպես կաթողիկոս եւ ուստի հայության առաջնորդ այդ ժամանակներում՝ նա իր գործունեությամբ նոր լիցք ու հնչեղություն տվեց հայության ազատ ապրելու գաղափարին, ինչը զգալիորեն նպաստեց Հայաստանի ապագա անկախացմանը։

 

Հետաքրքիր փաստ 

Թեեւ Խրիմյան Հայրիկը ձեռնադրվել է կաթողիկոս՝ Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգեւոր պետ, ինչը համար պահանջվում է լինել կուսակրոն, նա ուներ դուստր։ Իրականում Խրիմյանն ամուսնացած է եղել եւ կուսակրոնության ուխտն ընդունել է կնոջ մահից հետո։

 

Ավելին

Mkrtich Khrimyan biography - Armenian House

Iron Ladle speech by Khrimyan Hayrig

Loving Father to All Generations - Armenian House