2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) մարդասիրական կազմակերպության համահիմնադիր տնօրենն է, որը բուժման նպատակով Իրաքից Գերմանիա է տեղափոխում եզդի տուժածներին: Առաջնորդվելով իր հանձնառությամբ՝ նա տեղափոխման հետ կապված ու բյուրոկրատական բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելու միջոցներ է գտել, որպեսզի օգնի ամենակարիքավորներին: Մենք նրա հետ զրուցել ենք մարդկանց փրկելու, եզդի համայնքի եւ հայերի միջեւ եղած ընդհանրությունների մասին:
Մարդկանց փրկելու անհրաժեշտությունը
Ես ազգությամբ եզդի եմ, մարդու իրավունքների գործիչ ու պաշտպան: Գերմանիայում հիմնված «Լյուֆթբրյուքե Իրաք» մարդասիրական կազմակերպության ղեկավարն եմ, որը թարգմանաբար նշանակում է «Օդային կամուրջ Իրաք»: Կազմակերպության նպատակը, որը մի քանի ընկերներով ստեղծեցինք 2007 թ․, ահաբեկչության զոհերին, մասնավորապես երեխաներին ու կանանց օգնելն էր, որպեսզի նրանք հնարավորություն ունենային Գերմանիայում անվճար բուժում ստանալու: Այսպիսով, 2007 թ.-ից մինչեւ հիմա իրականացնում ենք մարդասիրական այդ առաքելությունը։
Մարդասիրական աշխատանքը վերջ չունի: Քանի դեռ վստահություն կա, կա նաև ճանապարհ: Քանի դեռ աշխարհում անարդարություն կա, մենք նույնպես կանգ չենք առնելու: Սա մի դաշտ է, որտեղ, գիտե՞ք, թե՛ մենք ենք գործում, թե՛ նրանք են գործում: Նրանք կործանում են, իսկ մենք ջանում ենք վստահություն սերմանել մարդկության նկատմամբ: Մարդիկ, որոնք պատերազմ են վարում, փորձում են մարդկանց մեջ հուսահատություն տարածել մարդկության նկատմամբ, իսկ մենք նրանց մարդկայնության հույս ենք տալիս:
«Ավրորա» մրցանակի առաջադրում եւ ոգեշնչում
Մինչեւ հիմա էլ, թույլ տվեք անկեղծ լինել, ինքս ինձ հարց եմ տալիս. «Ո՞վ ինձ առաջադրեց այս մրցանակին: Ո՞վ իմ անունը նշեց «Ավրորա» նախաձեռնության առջև»: Մինչեւ օրս չգիտեմ: Դա, ըստ էության... դե, հատկապես քեզ համար, որ աշխատում ես մարդասիրության ոլորտում, իսկ ոլորտը շատ ծանր է, չափազանց շատ ցավ ես վերցնում մարդկանցից եւ կյանքում տեսած այդ նույն ցավով վնասում ես ինքդ քեզ, ցավ ես պատճառում: Եւ դու այնքան երջանիկ ես, երբ ինչ-որ մեկն այս աշխարհում ճանաչում է քո կատարած աշխատանքն ու առաջ մղում քեզ: Անկասկած, ինձ համար մեծ պատիվ էր «Ավրորա» նախաձեռնության միջոցով առաջադրվելը:
Ոլորտում, որտեղ գործում եմ, այդ առաջադրումն ավելի հավաստիություն ու վստահություն է տալիս մարդկանց հետ աշխատելիս, քանի որ նրանք տեսնում են, որ նման հեղինակավոր մի կազմակերպություն ճանաչում է քո կատարած աշխատանքը: Եվ, անշուշտ, դրանով ավելի շատ ոգու զորություն եւ ուժ ես ստանում աշխատելու համար: Իմ դեպքում սա, կարծում եմ, ավելի անձնական բավարարվածություն է, որն ինձ քաջալերում է ավելի հեռուն գնալու այն ճանապարհով, որն ընտրել եմ տարիներ առաջ: Ինչպես ասացի, այս գործում երբեմն վշտացած ես լինում: Հատկապես երբ ունես մարդասիրական նպատակակետ, որին չես կարողանում հասնել, ասում ես՝ ե՞րբ է հանձնվելու ժամանակը: Սակայն երբ կյանքումդ այսպիսի իրադարձություն է տեղի ունենում, երբ դու այսպիսի ճանաչման ես արժանանում, ասում ես՝ լա՛վ, ժամանակ չկա հանձնվելու: Դու պետք է ավելի ու ավելի շատ աշխատես՝ նույնիսկ եթե դեռ չես հասել նպատակներիդ:
Մենք չպետք է հանձնվենք: Եթե ես՝ մեկ հոգիս, կարող եմ փրկել մեկ հոգու, այդ մեկ հոգին էլ բավարար է: Եթե ես տեսնում եմ, որ 5.000 մարդ մահանում է, եւ ես չեմ կարող հինգ հազարին էլ օգնել, բայց կարող եմ նրանցից մեկին ձեռք մեկնել ու փրկել նրա կյանքը, դա էլ է բավարար: Եվ ես կարծում եմ, սա սկիզբն է: Որտե՞ղ է իմ կարողությունների սահմանը: Մինչեւ ե՞րբ եւ մինչև ո՞ւր կարող եմ պայքարել եւ, երբ գիտեմ այդ սահմանն ու անում եմ առավելագույնը, արդյոք դա կարո՞ղ է ինչ-որ չափով գոհացնել: Ընդհանուր առմամբ, ոչ, որովհետեւ խնդիրն ահռելի մեծ է։ Բայց երբ դու աշխատում ես, տարին գոնե մեկ անգամ օգնում ես մեկ մարդու, ըստ իս, դա ավելի քան բավարար է: Եթե դա՛ ես անում, ավելի լավ է, քան այդքանն էլ չանես կամ հանձնվես:
Եզդի համայնքն այսօր
Ցավոք, մեր համայնքի 80 տոկոսը դեռ շարունակում է ապրել տեղահանվածների ճամբարներում՝ Իրաքյան Քուրդիստանի հյուսիսում տեղակայված վրաններում: Մենք մոտ 2.900 կին ու երեխա ունենք, որոնք դեռեւս համարվում են «Իսլամական պետության» (ԻՊ) հսկողության տակ գտնվող տարածքներում, ԻՊ ընտանիքներում, ճամբարներում անհետ կորած, եւ մենք առայժմ այդ մարդկանց մասին որեւէ տեղեկություն չունենք: Սինջարում եւ այլ շրջաններում ամբողջությամբ ավերված տարածքներ կան: Սինջարի մեր բնակչության 80 տոկոսը դարձել է փախստական եւ ապրում է իր տնից հեռու: Նրանք չեն կարող վերադառնալ: Սինջարի տարածքը վերածվել է հակամարտության գոտու տարբեր ուժերի եւ հարեւան պետությունների միջեւ, ինչպիսին են Թուրքիան ու Իրանը, Սիրիան ու Իրաքը: Իմ ժողովրդին վատ ճակատագիր է բաժին հասել: Ցավոք, նույնիսկ հիմա անհնար է խուսափել այդ բոլոր դժբախտություններից: Դրանից բացի, առայժմ իրաքյան օրակարգում չկա արդարադատություն իրականացնելու, եզդիների ցեղասպանության իրավական ճանաչման կամ հաշտության պայմաններում անցումային արդարադատության հարց, որը կխրախուսեր մարդկանց վերադառնալու իրենց տները: Կարճ ասած՝ ծանր վիճակ է:
Ճիշտ քայլեր ձեռնարկել միասին
Կարծում եմ՝ ամենակարեւորը, ինչը համահունչ է նաեւ «Ավրորայի» ոգուն, այս դաշտում աշխատող մարդկանց մեծ մասին միավորելն է. սա մեզ՝ տվյալ ոլորտում ծառայող յուրաքանչյուրիս, հավաքական ուժ է տալիս միասին աշխատելու համար: Եվ սա, կարծում եմ, հաջորդ այլընտրանքն է: Երբ ես չեմ կարող միայնակ գործել ու հասնել իմ նպատակներին՝ ի սպաս մարդկության, բայց ունեմ «Ավրորայի» նման մեծ ընտանիք, բոլորս կընդլայնենք «Ավրորան» եւ կձգտենք պայքարելու մեր դաշտում եւ մեկ այլ՝ իրատեսական այլընտրանք կփնտրենք մեր նպատակերին հասնելու համար: Ես կարծում եմ՝ «Ավրորան» եւս ստեղծվել է հանուն այդ իրատեսական ճանապարհի, եւ, հուսով եմ, բոլորս առավելագույնս կօգտվենք այս ոգուց:
Մենք՝ եզդիներս, հայերի հետ ընդհանուր շատ արժեքներ ունենք: Իմ համայնքը եզդի համայնքն է։ Մենք նաեւ այստեղ ունենք եզդի համայնք: Մենք միասնաբար շատ լավ պատմություն ունենք: Ցավոք, նաեւ պատմության ընդհանուր ցավալի էջեր ունենք: Հայաստան կատարած վերջին բոլոր այցելություններիս ժամանակ նկատեցի, թե մարդիկ որքան բարեկամական ու պատրաստակամ են այստեղ: Այնքան հպարտ եմ նրանցով՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում ապրող հայերով: Նրանք բոլորը գործում են իրենց երկրի համար եւ ջանում են այնպես անել, որ երկիրը շարունակի գործել։ Ինձ այդ գաղափարը շատ տպավորեց, քանի որ դա իսկապես լուրջ հարց է: Այնպես որ, պետք չէ ամեն ինչ դնել կառավարության կամ պետական բյուջեի ուսերին: Եթե ինքդ ինչ-որ բան անես քո կողմից, բոլորը կարող են միասնաբար գործել եւ հասնել խաղաղության, հասնել հաջողության եւ ուզածդ արդյունքի: Սա է, որ Հայաստանում ամեն անգամ մեծապես տպավորում է ինձ: