«Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն, եզդի ակտիվիստ Միրզա Դինային իր ամբողջ կյանքը նվիրել է իրաքյան պատերազմից տուժած մարդկանց փրկելու գործին՝ տեղափոխելով կանանց եւ երեխաներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներից, տրամադրելով նրանց աջակցություն եւ վերականգնողական բուժում: Նա անձամբ է օգնել ապահով վայր տեղափոխել մարդկանց, սնունդ եւ ջուր հասցրել մեկուսացած գոտիներում գտնվող եզդիներին: Նրան ետ չպահեց նույնիսկ ուղղաթիռի վթարը:
Միրզա Դինային ծնվել է մեծ հարգանք վայելող եզդիների ընտանիքում: Նա սովորում էր ավագ դպրոցում, երբ սկսեց պատմություններ գրել եզդիների եւ նրանց կրած հալածանքների մասին: Իր համայնքին օգնելու մտադրությամբ նա ընդունվեց բժշկական համալսարան եւ միացավ Մոսուլում գործող ուսանողական խմբին, որը բողոքի ցույցեր էր իրականացնում Իրաքի քաղաքական ռեժիմի դեմ: Անհանգստանալով սեփական կյանքի անվտանգության համար՝ 1992 թ. Դինային ստիպված էր փախչել Իրաքյան Քուրդիստան: Երբ այնտեղ սկսվեց քաղաքացիական պատերազմը, նա ապաստան խնդրեց Գերմանիայից, որտեղ դարձավ եզդի համայնքի նշանավոր դեմքերից մեկը: Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո Միրզա Դինային դարձավ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի՝ փոքրամասնությունների հարցերով խորհրդական:
2019 թ. հոկտեմբերի 19-ին Միրզա Դինային դարձավ «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Նրա անունը հայտարարվեց Երեւանում 2019 թ. «Ավրորա» ֆորումի ընթացքում անցկացվող Մրցանակի շնորհման արարողությանը: