Միգրացիա. ճգնաժամից դեպի ինտեգրացիա

Միգրացիա. ճգնաժամից դեպի ինտեգրացիա

2017թ. Aurora Dialogues-ի երկրորդ օրվա երկրորդ քննարկման խորագիրն էր «Միգրացիա. ճգնաժամից դեպի ինտեգրացիա»: Այն կազմակերպել էին Հարավային Կալիֆորնիայի համալսարանի երկու կենտրոններ՝ Հայկական հետազոտությունների ինստիտուտը եւ Իմիգրանտների ինտեգրացիայի հետազոտությունների կենտրոնը: Քննարկման մասնակիցներին ներկայացրեց Հայկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սալբի Ղազարյանը:
«Ինստիտուտը կամուրջ է Հայաստանում հայերի խնդիրների ու մարտահրավերների եւ դրանց լուծելու ունակ ինտելեկտուալ ու ակադեմիական շրջանակների միջեւ: Միգրացիան այսօր մարտահրավեր է Հայաստանի համար՝ Հայաստանից դուրս եկող միգրացիան, աշխատանքային միգրացիայի բարձր մակարդակը, Սիրիայից դեպի Հայաստանի փախստականների իմիգրացիան եւ այլն: Դա իրականում այսօր մեր առջեւ կանգնած ամենահիմնական հասարակական ու տնտեսական խնդիրներից ու հնարավորություններից մեկն է»,- ասաց նա՝ ներկայացնելով քննարկումը վարող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի քաղաքացիական հասարակության եւ սոցիալական փոփոխությունների Թուրբանջյան ամբիոնի ղեկավար, Իմիգրանտների ինտեգրացիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մանուել Պաստորին:
 
Պրոֆեսոր Պաստորը ներկայացրեց քննարկման մասնակիցներին: Մասնակիցներն էին ՄԱԿ-ի աշխատանքային միգրանտների իրավունքների կոմիտեի փոխանախագահ դոկտոր Պաբլո Սերիանի Սերնադասը, Իրաքի Մոսուլ քաղաքում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ղեկավար եւ Հորդանանում Զաաթարի փախստականների ճամբարի նախկին համակարգող Հովիկ Էթյեմեզյանը, Իրաքի Քուրդիստանում տեղակայված SEED-ի նախագահ Շերի Կրահամ Թալաբանին, Վաշինգտոնում իմիգրանտների ազգային ֆորումի գործադիր տնօրեն Ալի Նուրանին եւ Մանիթոբայի համալսարանի պրոֆեսոր, Միջազգային միգրացիա եւ ինտեգրացիա ամսագրի գլխավոր խմբագիր Լորի Ուիլկինսոնը:
 
Ներկայացնելով քննարկման թեման՝ Մանուել Պաստորն ասաց. «Ավրորա մրցանակի ու Aurora Dialogues-ի մեջ շատ եմ գնահատում այն հանգամանքը, որ փորձ է արվում փոխել ընդունված սցենարը, մասնավորապես, խորապես ընկալել Հայոց ցեղասպանությունը, սակայն անցում կատարել զոհի գաղափարից դեպի վերապրածի գաղափարը, ուշադրության կենտրոնը փոխել հետապնդվողներից դեպի դաշնակիցները: Հիմա էլ ինձ թվում է սցենարը փոխելու եւս մեկ փորձ է կատարվում, այն է՝ մտածել մարդասիրության մասին ոչ թե որպես փրկություն, այլ որպես կանխարգելում: Այսինքն՝ պետք է գործ ունենանք այն հիմնական պատճառների հետ, որոնք ստիպում են մարդկանց հեռանալ»,- նշեց նա:
 
Մանուել Պաստորը վարեց քննարկումը՝ շեշտը դնելով հիմնականում միգրացիայի երեք հարցերի վրա: Առաջին՝ միգրացիայի եւ տեղահանության հիմնական պատճառներ, երկրորդ՝ որն է լավագույն փորձը եւ ինչ պետք է անել ինտեգրացիայի եւ փախստականների բնակության հաստատման համար եւ երրորդ՝ ինչ տեսք պետք է ունենա 21-րդ դարի միգրացիայի համակարգը եւ ինչպես կարելի է նման համակարգ ձեւավորել:  
 
Պրոֆեսոր Պաստորը խնդրեց քննարկման մասնակիցներին նշել այն մեկ հիմնական խնդիրը, որն իրենք կցանկանային լուծված տեսնել: Քննարկման մասնակիցներից բացի ցուցադրվեցին նաեւ մի շարք մասնագետների տեսանկարահանված մեկնաբանությունները: Ներկայացվեցին Եվրասիա խմբից Իան Բրեմերի, Գյուլբենկյան հիմնադրամից Իզաբել Մոտայի, Բերտելսման հիմնադրամից Աարտ դե Գեսի եւ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Դոյլի մեկնաբանությունները: