Մայքլ Օմարթյան

Մայքլ Օմարթյան

ԱՄՆ Իլլինոյս նահանգում ծնված հանրահայտ երգիչ, երգահան եւ պրոդյուսեր Մայքլ Օմարթյանը գրեթե 40 տարի երաժշտության ասպարեզի էպիկենտրոնում է: «Գրեմմի» մրցանակի բազմակի դափնեկիր (ներառյալ «Տարվա ստեղնահար» եւ «Տարվա պրոդյուսեր» անվանակարգերում) Օմարթյանը երաժշտության պատմության մեջ առանձնանում է որպես մեկը, որին հաջողվել է երեք տասնամյակ անընդմեջ՝ 1970-1990թթ., լինել առաջին հորիզոնական զբաղեցրած ձայնագրությունների պրոդյուսեր: 
 

1993թ. սկսած Օմարթյանը ապրում է Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքում, որտեղ մասնակցել է Բելմոնթի համալսարանի «Երաժշտության բիզնես» մագիստրոսական ուսումնական պլանի մշակմանը, ապա անդամագրվել Ձայնագրման ակադեմիայի կառավարիչների խորհրդին:

Օմարթյանը եղել է այնպիսի երգիչների ձայներիզների պրոդյուսեր, ինչպիսիք են՝ Քլինթ Բլեքը, Մայքլ Բոլթոնը, Դոլլի Փարթոնը, Դեբբի Բունը, Քրիսթոֆեր Քրոսսը, Ուիթնի Հյուսթոնը, Ռոդ Սթյուարտը, Ռոբերտա Ֆլեքը եւ Թրիշա Յերվուդը: Օմարթյանն աշխատել է Քրիսթոֆեր Քրոսսի համանուն ձայներիզի վրա, որը 1980թ. առաջադրվեց «Գրեմմի» մրցանակի 10 անվանակարգերում, որոնցից երեքում հաղթեց:

Մայքլ Օմարթյանը հիմնականում զբաղվում է քրիստոնեական երաժշտությամբ, նրա թողած հետքը հսկայական է. հենց նա էր 1985թ. «ԱՄՆ-ն Աֆրիկայի համար» միավորված երաժիշտների սուպերխմբի կատարմամբ We are the world  թիվ մեկ հիթի գործիքավորողն ու ստեղնահարը:

 

 

                                                                Մայքլ Օմարթյանը

1991թ. Մայքլը «Տարվա ձայներիզ» անվանակարգում «Գրեմմի» մրցանակի առաջադրվեց արդեն Էմի Գրանտի Heart In Motion աշխատանքի համար: Հաջորդիվ, 1995թ. «Տարվա քանթրի երգ» անվանակարգն էր Վինս Գիլլի When Love Finds You երգի, ապա՝ «Տարվա գոսպել ալբոմ» անվանակարգը Գերի Չեփմենի Light Inside ձայնասկավառակի համար: 1994թ. Օմարթյանի Atlanta Reel ստեղծագործությունը Ատլանտայի Օլիմպիական խաղերում լողի միջոցառումների գլխավոր երգն էր:

Օմարթյանի այլ աշխատանքների շարքում են Էմի Գրանտի River Lullaby երգը DreamWorks անիմացիոն ստուդիայի «Եգիպտոսի արքայազնը» մուլտֆիլմի համար, Դինա  Քարթերի She Works Hard for Her Money երգը եւ համանուն ֆիլմի գլխավոր երգ Arthur  սինգլը Քրիսթոֆեր Քրոսսի կատարմամբ, որն Օսկարի արժանացավ «Տարվա լավագույն երգ» անվանակարգում:
 

Երաժշտական լսողություն

Օմարթյանի երաժշտականությունը զարգացած էր դեռ մանկությունից: Երբ 3 տարեկան էր, մայրը նկատեց, թե ինչպես է քայլում տան մեջ՝ կահույքի վրա նվագելով եւ քթի տակ մեղեդիներ երգելով: Ռոուզ մորաքրոջ տանը դաշնամուր կար, որի մոտ նստելով՝ Մայքլը ժամեր շարունակ նվագում էր, մինչեւ ծնողները վերջապես համաձայնվեցին նրան երաժշտության դասերի գրանցել: 

Օմարթյանի հայրն ակորդեոն էր սիրում, եւ փոքրիկ Մայքլը հենց այդ գործիքի օգնությամբ 4 տարեկանում բացահայտեց նոտաները՝ միջնակարգ դպրոցում դաշնամուր եւ հարվածային գործիքներ սովորելուց առաջ: 

 

                                                        5-ամյա Մայքլ Օմարթյանը 

Շատ շուտով Մայքլն արդեն նվագախմբի համար երաժշտություն էր գրում: «Իլլինոյսի տարվա թմբկահար» մրցանակն ստանալու արդյունքում Մայքլը նվագեց նաեւ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի ամառային ծրագրի ժամանակ: Նրան ոգեշնչած երաժիշտներից էին (գլխավորապես՝ ջազ) Օսկար Պետերսոնը, Արթ Թեյթումը, Քաունթ Բեյսին, Դիզզի Գիլսփայը եւ Բադդի Րիչը, որոնց հաջորդեց 1960-ականների «բրիտանական ներխուժումը»:

«The Beatles խումբն ահռելի ազդեցություն գործեց ինձ վրա, երբ 19 տարեկան էի,- ասում է Օմարթյանը,- այդպես ինձ համար բացվեց փոփ երաժշտության աշխարհը… Րոպե առ րոպե այդ ալբոմներն ուսումնասիրելով նկատեցի, որ բոլորը ձայնագրված են Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Նեշվիլում եւ Անգլիայի տարբեր քաղաքներում: Քանի որ Չիկագոյում կոմերցիոն ձայնագրություններ գրեթե չէին արվում, 20 տարեկանում ուղեւորվեցի Լոս Անջելես՝ ունենալով ընդամենը $3,000-ի խնայողություն, իդեալիստական պատանեկան խանդավառություն եւ ոչ մի հեռանկար»: 

 

                                         Մայքլ Օմարթյանը դպրոցն ավարտելիս, 1963թ.

Օմարթյանը հոգեւոր մարդ է, ընդ որում՝ համեստ. ժամանցի ոլորտում նման համադրություն ամեն օր չես հանդիպի: Նրա բացառիկ հաջողությունը զարմանալի է իր համար. «Այս ամենը կարծես օրհնություն լինի, որը ոչ մի կերպ չէի կարող կանխատեսել: Պարզապես դեռ սկզբից բաց էի, իսկ փորձառու երաժիշտներն ու պրոդյուսերներн ինձ սովորեցրել էին լինել համեստ, համագործակցող եւ պատրաստ լինել աշխատել անվճար: Յուրաքանչյուր փորձ սովորելու հնարավորություն էր… 1974թ. ABC Dunhill Records-ից Սթիվ Բարրին աշխատանքի ընդունեց ինձ երաժիշտների եւ երգացանկի բաժնում: Նա ինձ պրոդյուսեր դարձրեց: Շատ կարեւոր դեր է խաղացել իմ հաջողության մեջ եւ անչափ շնորհակալ եմ նրան իր ընձեռնած հնարավորությունների համար: Անընդհատ ստուդիայում էինք ու երգեր էինք ձայնագրում»,- ասում է Մայքլը:
 

Մեծ հայկական ընտանիք

Երբ Մայքլը դեռ Էվանսթոնում էր, Չիկագոյում խոշոր հայկական համայնք կար: Արմատների հետ կապված էր նաեւ հեռու ազգականների, այդ թվում. «Մորաքույրերի եւ քեռիների, Աննետ եւ Լինդա անունով քույրերի, բազմաթիվ զարմիկ-զարմուհիների, Հայ առաքելական եկեղեցու, ամառային զբոսախնջույքների եւ զանազան հավաքույթների միջոցով: Մշակույթն ինձ համար ամենուր էր»,- հիշում է Մայքլը:

Ազգականների հետ հայերեն էր խոսում, ընկերների հետ՝ անգլերեն: Սակայն, ինչպես եւ ԱՄՆ-ում բնակվող շատերը, մեծանալուն զուգահեռ քիչ-քիչ մոռացավ մայրենին: «Մի քիչ հասկանում եմ հայերեն, բայց դժվար թե նախադասություն կազմեմ»,- խոժոռվում է Մայքլը:

Մայքլի տատ Քաիրոն Քեյիշյանը 1915թ. Հայոց ցեղասպանությունից փրկվածներից է: Ամուսնու եւ երկու դստրերի հետ ապրում էին Թուրքիայում: Երբ հալածանքներն սկսվեցին, ամուսինը լքեց ընտանիքն անխուսափելի մահից փախչելու համար, այդպիսով՝ Մայքլի տատիկին թողնելով թուրքական իշխանությունների ողորմությանը: Մայքլը նկարագրում է տատին որպես ամեն օր օրհներգեր երգող եւ Աստվածաշունչ կարդացող բարեսիրտ, աստվածավախ կնոջ: 

 

Մայքլի տատ Քաիրոն Քեյիշյան-Հաջյանը (առաջին շարք, ձախից) եւ Մայքլը՝ ետեւում կանգնած

Չնայած տատն իր հետ երբեք չէր խոսում 1915թ. իրադարձությունների մասին, ընտանիքի այլ անդամներից Մայքլը գիտեր, որ թուրքերն սպանել էին Քաիրոնի մեծ դստերը: Ամենափոքր երեխային՝ Ռոուզին, թաքցրել էին՝ ծածկելով վերմակներով:

«Չգիտեմ, թե ինչպես տատիկիս հաջողվեց փրկվել, սակայն ենթադրում եմ, որ նրան հանդիպած բարի թուրքերը դատապարտում էին կատարվածը եւ օգնեցին նրան հեռանալ Թուրքիայից»,- ասում է Մայքլը:

Ի վերջո, Քաիրոնն ու Ռոուզը նավարկեցին դեպի Էլիս կղզի, բայց այդ ուղեւորությունը հեշտ չէր: Նավի վրա «Վարդագույն աչքի» (կամ այլ նմանատիպ վարակի) բռնկումը ստիպեց Էլիս կղզու իշխանություններին նավն ուղարկել դեպի Եվրոպա: Սակայն Քաիրոնի բարեկամներից մեկը, որը եկել էր նրան դիմավորելու, մագլցեց նավը ծովածոցում պահող շղթայի վրա եւ ինչ-որ կերպ համոզեց ազատ թողնել երկու փախստականներին (հայտնի չէ՝ արդյոք նրանց նաեւ գումար էր առաջարկել): Քաիրոնն ու Ռոուզը գաղթեցին Էվանսթոն, որտեղ Քաիրոնը կրկին ամուսնացավ եւ լույս աշխարհ բերեց Մայքլի մորը՝ Սոֆիին, եւ քեռուն՝ Ռիչարդին: 

 

                    Ձախից աջ. Մայքլի քեռին՝ Ռիչարդը, Ռոուզ մորաքույրը եւ մայրը՝ Սոֆին

Մայքլը սիրով է հիշում Քաիրոնին. «Երբ շաբաթ օրն այցելում էի նրան, անհապաղ գնում էր խոհանոց եւ շատ համեղ շիշ քեբաբ եւ բրնձով փլավ էր պատրաստում: Հիշում եմ, թե ինչպես էր յոգուրտ սարքում եւ տաք կաթով թեյնիկը դնում ջեռոցի վրա: Նրա լահմաջոն լավագույնն էր»,-ասում է նա:

Իր կյանքի ընթացքում Քաիրոնը սրտամկանի 7 ինֆարկտ է տարել, ամեն անգամ հաջողացնելով հետ նվաճել իր կյանքը. «Նրա՝ ապրելու եւ մեզ սիրելու ցանկությունը, իրոք, տպավորիչ էր»,- հիացմունքով ասում է Մայքլը:
 

Վերածնվածը

Այսօր Մայքլը վերածնված քրիստոնյա է, ով իր կրոնական մոտեցումը տեսնում է որպես հաճելի շեղում երաժշտական բիզնեսի անողոք մրցակցային էությունից: «Հավատս ինձ համար շատ կարեւոր է: Հաճույքով աշխատում էի քրիստոնյա երաժիշտների հետ՝ միեւնույն ժամանակ աշխարհիկ երաժշտությամբ զբաղվելով: Ազնվորեն, ասես դուրս եկած լինեի մաքուր օդի, ուր մարդիկ չէին մտածում միայն մրցակցության մասին եւ ծառայում էին ավելի բարձր նպատակի»,- ասում է նա:

Բացի երաժշտությունից Օմարթյանը սեր ունի նաեւ գնացքների նկատմամբ: «Մեր տան սենյակներից մեկում երկաթգծի նմուշ եմ սարքել: Այդ կառույցն անդադար աճելու տեղ ունի, ինչի շնորհիվ մշտապես թարմ է պահում իմ հետաքրքրությունը եւ դրդում պարբերաբար աշխատել վրան»,- ժպտում է նա:

Այժմ Մայքլն ապրում է Նեշվիլում կնոջ՝ Սթորմիի հետ, որը հաջողակ գրող է: Ունեն մեկ որդի՝ Քրիստոֆերը, եւ մեկ դուստր՝ Ամանդան: «Քրիստոֆերն ու նրա կինը՝ Փեյջը, երկու հրաշք թոռնիկ են պարգեւել ինձ ու Սթորմիին. մեկուկես տարեկան Սքարլեթը եւ 5 ամսական Ջուլիեթը: Աղջիկս ամուսնացել է Դալլաս Ուեսթի հետ, երկուսն էլ առողջապահական ոլորտում են,- նշում է հպարտ պապիկ Օմարթյանը, ապա ավելացնում,- նրանցից թոռնիկ չունենք… դեռ»: