Մեսրոպ Մաշտոց՝ հայոց եւ այլ այբուբենների ստեղծող

Մեսրոպ Մաշտոց՝ հայոց եւ այլ այբուբենների ստեղծող

«Մեսրոպին ենք մենք պարտական հայոց լեզվի ու գրականության պահպանման համար։ Չլիներ նրա գործը՝ հայությունը կուծանար պարսկա-ասորական միջավայրում եւ կվերանար Արեւելքի բազում ժողովուրդների պես»։ Սեն Մարտեն

 

Նրա մասին 

Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենի ստեղծողն է։  

Մաշտոցի մասին տեղեկությունների գերակշիռ մասը գալիս է հայ միջնադարյան պատմիչ, հայոց առաջին մատենագիր Կորյունի «Վարք Մաշտոցի» երկից։ Մեսրոպը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում (ներկայիս Մուշի մոտ) եւ դարձել պալատական ծառայող՝ արքունի գրագիր։ Մաշտոցը, իր գործունեության ընթացքում զգալով հայերենի համար սեփական գրային համակարգի անհրաժեշտությունը, Հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւի եւ Վռամշապուհ արքայի աջակցությամբ ձեռնամուխ եղավ հայոց այբուբենի ստեղծմանը։ 

Թեեւ ըստ ժողովրդական լեգենդի Մաշտոցն իր այբուբենը հղացավ աստվածային տեսիլքում, հայտնի է, որ նախքան իր 36 տառերը հորինելը՝ նա երկար ճանապարհորդել է եւ հետազոտել բազմաթիվ լեզուներ։ Գիտական խորազնին պրպտումների արդյունքում Մաշտոցն իր այբուբենը ստեղծեց այնպես, որ այն դյուրավ ներկայացնի հայոց լեզվի ոչ պարզ հնչյունական համակարգը, եւ դա արեց այնպիսի կատարելությամբ, որ հայ գիրն անփոփոխ մնաց հետագա 1600 տարիների ընթացքում։ 

Հայոց այբուբենը ստեղծելուց հետո Մեսրոպ Մաշտոցն աշակերտների հետ միասին թարգմանել է Աստվածաշունչն ու շրջագայել Հայաստանում՝ հավաքագրելով աշակերտներ եւ հիմնելով դպրոցներ, որոնցում նոր այբուբենով տվել է հայերենի դասավանդման առաջին օրինակը, հիմնադրել վանքեր, որոնք դարձել են ուսման, գրչության ու գիտության կենտրոններ։ Այդ դպրոցներից ամենաառաջինը, որ բացվել է Արցախի Ամարասի վանքում, մինչ օրս կանգուն է։ 

Հայոց լեզվի համար Մաշտոցի ստեղծած այբուբենի կարեւորությունն անհնար է գերագնահատել։ Օտար կայսրությունների գերիշխանության պայմաններում հայ ժողովրդի համար շատ ավելի հեշտ կլիներ ձուլվել ու վերանալ, եթե չլիներ այն ինքնությունը, որը հիմնված էր շրջակա ժողովուրդներից նրան զատող ինքնատիպ գրի ու գրականության վրա։ Այբուբենն էր այն բանալին, որը հայությանը թույլ տվեց պահպանել իր մշակույթն ու ինքնությունը՝ պարգեւելով նրան բացառիկ երկարակեցություն, երբ շատ հարեւան ժողովուրդներ պարզապես անհետացան պատմության ասպարեզից։ 

Մեսրոպ Մաշտոցը դասվել է Հայ առաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների սրբերի շարքը։ Վերջինում նրա հիշատակը տոնում են փետրվարի 17-ին։ 

 

Հետաքրքիր փաստ 

Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է ոչ միայն հայոց, այլեւ վրաց եւ աղվանից այբուբենները։

 

Ավելին

Amaras and the Armenian Alphabet

Mesrop Mashtots - Encyclopedia Britannica