Երաժշտական քննադատները նրան անվանում են մեր օրերի լավագույն դրամատիկ սոպրանո: Նա ներկայանում է աշխարհի ամենահեղինակավոր բեմերի լեփ-լեցուն դահլիճներում: Օպերային աստղը փայլել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Լոնդոնի «Քովենտ գարդենում», Փարիզի «Բաստիլ» օպերայում: Նրան ծափահարել է Վիեննայի եւ Հռոմի, Մյունխենի եւ Ցյուրիխի, Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի, Չիկագոյի եւ Սան Ֆրանցիսկոյի, Տոկիոյի եւ Սիդնեյի՝ բարձրորակ վոկալին սովոր, քմահաճ ու պահանջկոտ հանդիսատեսը: Եվ ամենուր, որտեղ նա ելույթ է ունենում, հարմար առիթի դեպքում նշում է իր հայկական ծագման մասին: Աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինայի օրիորդական ազգանունը Մեյթարջյան է:
Մարիա Գուլեգինայի նախնիներն Էրզրումից եւ Վանից են: Նրա տատիկը՝ Մարիա (Մանո) Մարտիրոսի Գյադուկյանը (ծնված 1905թ.), եւ պապիկը՝ Մկրտիչ Եղիշեի Մեյթարջյանը (ծնված 1898թ.), երեխա էին, երբ սկսվեց հայերի ցեղասպանությունը, եւ նրանք ստիպված եղան գաղթել Ջավախք, որն այդ ժամանակ Ռուսական կայսրության մասն էր:
Մարիա Գուլեգինայի Մարիա տատիկն ու Մկրտիչ պապիկը |
Չնայած ընտանիքը հետագայում տեղափոխվել է Օդեսա, եւ Մարիան ծնվել է այնտեղ` նա համարում է, որ իր հայրենիքը հենց Ախալցխան է, որտեղ անցել է ոչ միայն նրա մանկությունը, այլեւ հասուն տարիների մի մասը. 19 տարեկանում Մարիան ամուսնացել է ջավախքցի հայի հետ եւ տեղափոխվել Ախալցխա: Այդպես սկսնակ օպերային երգչուհին դարձել է հայ տանտիրուհի:
«Առավոտն սկսվում էր հավերին կերակրելուց եւ բոստանը ջրելուց,- պատմում է Գուլեգինան,- սկեսուրս ասում էր, որ կնոջ տեղը ոչ թե բեմում է, այլ խոհանոցում եւ բոստանում: Բայց ինձ դժվար էր հաշտվել դրա հետ: Եվ մի օր որոշեցի, որ պարզապես իրավունք չունեմ կործանել տաղանդս: Չէ՞ որ հայերը փոքրաթիվ են: Պատկերացրեք, թե ինչ կկատարվի, եթե ամեն տաղանդավոր հայ հավ կերակրի` իր վրա աշխատելու փոխարեն»:
Մարիան դստեր՝ Նատալյայի հետ |
Մարիան դստեր՝ Նատալյայի հետ վերադառնում է Օդեսա, որտեղ ավարտում է Օդեսայի կոնսերվատորիայի վոկալի բաժինը: Իր ուսուցիչ Ե. Իվանովին Գուլեգինան համարում է իր գլխավոր ուսուցիչը, որը նրան սովորեցրել է աշխատել իր ձայնի հետ: Գնահատելով նրա ձայնի անսահման հնարավորությունները եւ աշխատասիրությունը՝ Իվանովը նրան խորհուրդ է տալիս աշխատել դրամատիկ սոպրանո դառնալու ուղղությամբ. «Այդպես դու կարող ես երգել ամեն ինչ»: Հենց նա էլ երիտասարդ Մարիային ուղարկում է Բելառուսի օպերայի եւ բալետի թատրոն: Բայց օպերային թագուհուն այնքան էլ ջերմ չեն ընդունում, քանի որ նա պնդում էր, որ օպերաները պետք է կատարել բնօրինակի լեզվով, ինչը Սովետական Միությունում համարվում էր արեւմուտքի, հատկապես՝ իտալական մշակույթի քարոզչություն: Մինսկի օպերայում նա աշխատեց վեց տարի, սակայն այդ ընթացքում արդեն «Լա Սկալա» թատրոնում Պավարոտիի հետ մոնո պարտիաներ էր կատարում:
1984թ. նա ստացել է Գլինկայի անվան հեղինակավոր մրցանակը: 1986թ. մրցանակ է ստացել Չայկովսկու անվան միջազգային մրցույթում: Դրանից հետո մրցանակներն ու պարգեւներն իրար էին հաջորդում: 1987թ. Բելառուսից դուրս գալու հնարավորության սահմանափակման սպառնալիքի տակ նա որոշում է լքել երկիրը: «Ես վերցրեցի նոտաներ, Ռախմանինովի ձայնասկավառակը՝ հենց իր կատարմամբ, Տալկովի եւ Հորովիցի ձայնագրությունները, 5 օրվա ընթացքում սովորեցի «Աիդան» իտալերենով ու փախա»,- հիշում է Գուլեգինան: «Փախավ» Իսպանիա, որտեղ Օվյեդո քաղաքի թատրոնում նրան աշխատանք առաջարկեցին: Երիտասարդ տաղանդավոր երգչուհին առաջարկներ էր ստանում Եվրոպայի լավագույն թատրոններից: Գուլեգինան սկսեց կանոնավոր ելույթներ ունենալ արեւմուտքում:
Հատված Պուչչինիի «Տուրանդոտ» օպերայից, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում |
Նա ամեն ինչի հասել է իր աշխատասիրությամբ, կյանքի հանդեպ սիրով, սեփական արժանիքների գնահատմամբ եւ շնորհակալ լինելով այն ամենի համար, ինչ Աստված տվել է. «Ձայնն իմ հոգին է, իմ կյանքը»,- ասում է պրիմադոննան: Նրա ձայնն ունի այնպիսի դիապազոն եւ հզորություն, որ միկրոֆոնները չեն դիմանում ձայնագրման ժամանակ:
Այժմ Մարիա Գուլեգինան ապրում է Լյուքսեմբուրգում: Նրա ելույթները պլանավորվում են առնվազն երեք տարի առաջ: Նրա հետ պատիվ են համարում աշխատել այնպիսի մեծ դիրիժորներ, ինչպիսիք են Վալերի Գերգիեւը, Ջանանդրեա Գավացենին, Ռիկարդո Մուտին: Իսկ բեմում նրա գործընկերներն են եղել լավագույնները՝ Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Լեո Նուչչին, Ռենատո Բրյուսոնը: Երաժշտական լրատվամիջոցները Մարիա Գուլեգինային համարում են համաշխարհային օպերայի ամենավառ եւ պահանջված գերաստղերից մեկը, աշխարհի լավագույն դրամատիկական սոպրանո:
Պլասիդո Դոմինգոն եւ Մարիա Գուլեգինան՝ Չիլեայի «Ադրիանա Լեկուվրեր» օպերայի ընթացքում |
Բայց այս ամենին նա հասել է մեծ դժվարությամբ, ու պետք էր չափազանց նպատակասլաց մարդ լինել այդքան արգելքներ հաղթահարելու համար: Փորձությունները նրան մանկությունից էին հետապնդում. Մարիան ծնվել էր ոտքերի լուրջ խնդրով եւ սրտի արատով: Բժիշկներն ասել էին, որ նա չի ապրի, եւ անգամ մորն առաջարկել էին նորածին աղջկան չվերցնել ծննդատնից: Բայց ծնողները, հատկապես՝ մայրը, պրոֆեսոր բժիշկն արեցին հնարավորն ու անհնարինը երեխային ոտքի կանգնեցնելու համար՝ բառի բուն իմաստով: Օրթոպեդներն աղջկան մերսման հատուկ տեսակ էին նշանակել` կոպիտ ձգումներով: Այդ պրոցեդուրան աննկարագրելի ցավոտ էր: Փոքրիկ Մարիան ցավից այնպես էր ճչում, որ ամբողջ փողոցն էր լսում նրան:
«Իմ ձայնն արտահայտվել է ցավի հետեւանքով: Հենց ճչալը պատճառ դարձավ, որ իմ ձայնալարերը զարգանային»,- ասում է Գուլեգինան:
Ծնողների համառությունը արդյունք տվեց՝ արդեն չորս տարեկանում աղջիկն ինքնուրույն կանգնում էր ոտքերի վրա: Իսկ մի քանի տարի անց արդեն պարում էր: Նրա առաջին երազանքը բալետի պարուհի դառնալն էր: Բայց հայրը չէր խրախուսում այդ հետաքրքրությունը: «Հայրս ավելի շուտ ինքնասպանություն կգործեր, քան ինձ թույլ կտար սովորել բալետի դպրոցում,- ասում է Մարիա Գուլեգինան,- նա համարում էր, որ հայ աղջկան վայել չէ ոտքերը բարձրացնել տղամարդկանց ներկայությամբ»: Իսկ վոկալին Աղաս Մեյթարջյանը դեմ չէր, քանի որ ինքն էլ գերազանց երգում էր: Ավելին, նա առաջիններից մեկն էր, որ նկատել էր աղջկա տաղանդը. «Երբ ես փոքր ժամանակ նրան բողոքեցի, որ ինձ չեն թողնում մեներգել մանկական երգչախմբում, նա ասաց՝ չմտածես, եթե քեզ ծննդատանը չեն փոխել, ապա դու անպայման կերգես»:
Մարիա Գուլեգինան՝ երեւանյան բեմում, ապրիլ 2015 թ. |
Մարիան դաստիարակվում էր մի ընտանիքում, որտեղ հայկական բանահյուսությունը հարգի էր: «Մեծացել եմ Կոմիտասի մեղեդիների եւ Սայաթ Նովայի երգերի հետ: Մկրտիչ պապն ու Մանո տատն իմ մեջ մեծ սեր են սերմանել հայ երաժշտության նկատմամբ: Ընդհանրապես՝ սիրում եմ հայկականը: Նեղանում եմ, երբ իմ մեջ չեն նկատում հայուհու»,- ասում է երգչուհին: Մինչդեռ նա միանգամայն կարող էր իրեն հայուհի չհամարել. նրա մայրը հրեա է, ինքը՝ Մարիան, Ուկրաինայում է ծնվել, ապրում է Եվրոպայում: Ելույթ է ունենում աշխարհով մեկ: Այդպիսի մարդիկ սովորաբար կոսմոպոլիտ են դառնում, բայց ոչ՝ Մարիան.
«Ինձ համար շատ կարեւոր են էթնիկ արմատները: Իմ մեջ հոսում է ցեղասպանություն վերապրած երկու տաղանդավոր ժողովրդի արյուն: Ես նվիրված եմ արմատներիս եւ հպարտանում եմ ծագումովս»:
Աշխարհահռչակ Մարիան խոստովանում է, որ սխալվել է՝ փոխելով իր հայկական ազգանունը եւ վերցնելով երկրորդ ամուսնու ազգանունը. «Եթե ավելի խելացի լինեի, նման բան չէի անի։ Ի՞նչ անենք, որ եվրոպացիներին դժվար է արտասանել Մեյթարջյան ազգանունը։ Իմ խնդիրը չէ, նրանց խնդիրն է։ Արդեն հայտնի երգչուհի դառնալուց հետո ամենայն լրջությամբ մտորում էի հայկական ազգանունս վերադարձնելու մասին, սակայն գործակալներն ինձ համոզեցին նման բան չանել։ Բայց միեւնույն է՝ հարցազրույցներում հաճախ նշում եմ, որ իսկական ազգանունս Մեյթարջյան է, որ նախնիներս Էրզրումից ու Վանից են»։
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: