«Շատերը նրան կոչում էին երկրորդ Թոմաս Էդիսոն», - Ռիչարդ Սնայդեր
Ով է նա
Լութեր Ջորջ Սիմջյանը գյուտարար էր, ավելի քան 200 արտոնագրերի եւ բազմաթիվ սարքերի հեղինակ, որոնցից ամենատարածվածներն են բանկոմատը եւ հեռահուշարարը։
Օսմանյան կայսրության Այնթապ քաղաքում ծնված Ջորջը Հայոց ցեղասպանության տարիներին որբանում է, դժվարությամբ հաջողացնում է փախչել Միացյալ Նահանգներ եւ բնակություն հաստատում Կոնեկտիկուտ նահանգում։ Ավարտելով Եյլի համալսարանը՝ նա սկսում է գյուտարարի իր գործունեությունը եւ շարունակում առանց դադարի՝ մինչեւ իր կյանքի վերջը։
Նրա առաջին գյուտերից են ավտոմատ ֆոկուսով լուսանկարչական սարքն ու գունավոր ռենտգեն-ապարատը։ Չսահմանափակվելով արտադրական մեկ ոլորտով՝ նա մշակել է կյանքի տարբեր ասպարեզներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում կիրառվող գործիքներ ու ապրանքատեսակներ։ Նա է ստեղծել նաեւ տնային պայմաններում գոլֆ պարապելու հարմարանքն ու հեծանիվ-մարզասարքը։ Ամենահայտնի գյուտը՝ բանկոմատը, տառացիորեն իր ժամանակից առաջ էր ծնվել։ Հակառակ ներկայումս դրա առօրյա բնույթին ու տարածվածությանը՝ երբ Սիմջյանն առաջին անգամ այն ներկայացրեց, Citigroup-ը որոշեց փորձարկել, սակայն հասկանալով, որ դրանից շատ չեն օգտվում՝ կասեցրեց սարքի հետագա ներդրման ծրագրերը։ Երկար տարիներ անց էր միայն, որ բանկոմատը վերածվեց բանկային ոլորտի անփոխարինելի գործիքի։
Սիմջյանի հեռատեսության մասին է վկայում նաեւ նրա մեկ այլ գյուտ՝ բանկոգրաֆը, որը կարող էր օրվա ցանկացած ժամի ստուգել բանկային հաշվեկշիռն ու կանխիկ դրամ ընդունել։
Հետաքրքիր փաստ
Սիմջյանի գունավոր ռենտգեն-ապարատի մշակման թեմային «Թայմ» պարբերականը հատուկ հոդվածով է անդրադարձել դեռ 1934թ.։
Ավելին
Սիմջյանի մահախոսականը (անգլ.) - New York Times
Սիմջյանի կենսագրությունը (անգլ.) - Engineering and Technology History Wiki (ETHW)