Ուրուգվայի Մոնտեվիդեոյի նավահանգստում է գտնվում Տուրիզմի եւ սպորտի նախարարության շենքը: Երկրորդ հարկում կա մի առանձնասենյակ, որտեղ հանդիսավոր կախված է Ուրուգվայի դրոշը, պատերին` զանազան լուսանկարներ, ծաղիկների մի փունջ իր բույրն է տարածում սենյակում, դեպի նավահանգիստը նայող պատուհանի դիմաց մի գրասեղան է՝ թղթապանակներով եւ թղթերով լի: Սա Լիլիամ Քեչիչյանի աշխատասենյակն է՝ պայքարող, ժպտերես մի հայուհի, Տուրիզմի եւ սպորտի ներկայիս նախարար: Նրա արտահայտիչ աչքերի խորքում գոյատեւման, հաստատակամության եւ աշխատասիրության ընտանեկան պատմությունն է, որն իր դրոշմն է թողել նրա անձնական կյանքի եւ քաղաքական կարիերայի վրա:
Նրա ընտանիքը ծագումով Յոզղաթից է (ժամանակակից Թուրքիա), եկել է Լատինական Ամերիկա՝ փախչելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից` բռնի ուժով իրենց տներից վտարված, մահվան անապատի քարավաններից փրկված: Յոզղաթ քաղաքն ուներ 130 հազար բնակիչ, ջարդերից հետո շատ քչերը ողջ մնացին:
«Ես պատահական եմ աշխարհ եկել»,-խորհում է Լիլիամը՝ հիշելով, որ այն ողջ մնացածների մեջ էին նրա հայրը` Իսահակը, եւ նրա տատն ու պապը` Հակոբ Քեչիչյանը եւ Լուսիա Սեւասյանը: Նրանց մյուս ազգականներին այդ բախտը չէր վիճակվել, քանի որ նրանց քեռիները, մորաքույրները եւ զարմիկներն անապատում քաղցից մահացել էին: Իսահակն ընդամենը երկու տարեկան էր, երբ տառապանքի, սովի եւ ցավի ճանապարհով 1919թ.հաջողվեց հասնել Բեյրութ: «Լիբանանին միայն երախտագիտության խոսքեր կարող եմ ուղղել, այլ բան չեմ կարող ասել,-նշում է Լիլիամը եւ հիշում,-այն 18 տարիներից հետո, որ ապրել եմ հորս կողքին, կարող եմ վստահեցնել, որ նա պաշտում էր լիբանանցիներին: Միշտ շնորհակալական խոսքեր էր ուղղում նրանց: Նրանք շատ մեծահոգի, կարեկից եւ հյուրընկալ են եղել: Հայրս պատմում էր, որ կանանց շատ լավ էին վերաբերվում, քանի որ նա տեսել էր, թե ինչեր էին անում կանանց հետ թուրքերը` նրանց շահագործում եւ բռնաբարում էին»:
Ինչպես եւ բազմաթիվ այլ հայ ընտանիքներ՝ Քեչիչյանները փնտրում էին խաղաղ եւ բարգավաճ երկիր, որտեղ կկարողանային իրենց կյանքը շարունակել: Այն ժամանակ հեռավոր Ուրուգվայի մասին շատ էին լսել եւ 1921թ. այլ հայրենակիցների հետ դեպի Հարավային Ամերիկա տանող երկար ճանապարհն են բռնում: Ծովային ճամփորդությունը 50 օր տեւեց, որի ընթացքում վախն ու սովն անպակաս էին, Իսահակը մի քանի անգամ միայն շոկոլադով էր սնվել: Այս սովի օրերը մեծ ազդեցություն են ունեցել. «Հայրիկս երբեք թույլ չէր տալիս ուտելիքը թափել՝ ոչ մի կտոր: Երբ մենք ասում էինք, թե քաղցած ենք, հայրս մեզ ուղղում էր ասելով՝ «Դուք քաղցած չեք, այլ ախորժակ ունեք: Քաղցն այն է, ինչ մենք ենք տեսել»»:
Տեսարան Յոզղաթից Աղբյուրը՝ Ս․ Էփրիկյան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հատոր 1, Սուրբ Ղազար, 1900 |
Յոզղաթից մինչեւ Ռիո դե Լա Պլատա
Մոնտեվիդեո հասնելուն պես Քեչիչյանները հաստատվել են Էլ Սեռոյում, մի վայր, որտեղ արդեն շատ ներգաղթածներ էին ապրում: Այդ երկիրը նրանց առջեւ բացել էր բոլոր դռները. «Նրանք միշտ շնորհակալ են եղել Ուրուգվայի ժողովրդին, այս երկրին, որը նրանց ընդունել է որպես հարազատների»,-ասում է Լիլիամը:
Իսահակը կոշկակար էր աշխատում եւ իր աշխատանքն արվեստ էր դարձնում: Մալվինի իր արհեստանոցում բացի սովորական նորոգումից պատվերով կոշիկներ էր կարում, նաեւ բալետի մասիկներ պատրաստում:
1950 թ. Ուրուգվայի՝ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալը նշելու ընթացքում Իսահակը ծանոթացավ ուրուգվայցի Վալենտինա Գարսիայի հետ. սեր էր առաջին հայացքից: Մեկ տարի անց նրանք ամուսնացան եւ 1952 թ եւ 1954 թ. ծնվեցին նրանց աղջիկները` Լիլիամը եւ Գրասիելան.«Մենք մեծացել ենք մի օջախում, որն ստեղծել էին երկու իրար սիրող մարդիկ: Մի շատ երջանիկ ընտանիք, որտեղ աշխատանքն էր գնահատվում»:
Ժամանակի ընթացքում Իսահակը Ուրուգվայն ընդունեց որպես հարազատ եւ, ի վերջո, դարձավ իրական ուրուգվայցի, որը մատե էր խմում եւ ֆուտբոլ էր սիրում, սակայն երբեք չմոռացավ իր արմատները: «Հայրս մի խորը վիշտ էր ապրում իր ամեն բան կորցրած ժողովրդի համար: Նա զարմանում էր, թե ուրիշ մարդիկ ինչեր էին ընդունակ անել»,-հիշում է նախարարը: Նրա տատն ու պապը` Լուսիան եւ Հակոբը, նույնպես չէին մոռացել, թե որտեղից էին եկել. «Իմ տատն ու պապը միշտ մածուն էին ուտում, մշտապես սեւ հագուստ էին կրում, աղոթում էին հայերեն եւ լաց լինում»՝ որպես ապացույց այն վերքի, որը չնայած թվում էր՝ սպիանում է, երբեք չէր դադարում ցավել: «Մենք հազարամյա ժողովուրդ ենք եւ ես զգում եմ, որ պատմության ակունքներից եմ գալիս: Հայրս մեզ փոխանցեց իր արժեքները` մշակույթը, ընթերցանությունը, երաժշտությունը, հայկական պարը: Մեզ պատգամել է աշխատել եւ աշխատանքը հպարտությամբ կատարել»:
1971 թ. Լիլիամը 19 տարեկան էր եւ արդեն իր նախապատրաստական ուսումն էր սկսել: Այդ նույն տարի Ուրուգվայում կազմավորվեց ձախակողմյա «Լայն ճակատ» կոալիցիան, որի շարքերը Լիլիամն անմիջապես համալրեց: Հենց այդ նույն օրը` մարտի 26-ին, ընտանիքը ծանր հարված ստացավ`Իսահակը մահացավ սրընթաց քաղցկեղից: Ընտանիքը պահելու համար Լիլիամն ստիպված եղավ թողնել ուսումը եւ աշխատանքի անցնել: Աշխատում էր որպես քարտուղար տնային պարագաներ վաճառող առեւտրային կետում ու չնայած ծանր ժամանակներ էին, երբեք չընկճվեց:
Նա միշտ քաղաքական բեմում է եղել՝ չանտեսելով անձնական կյանքը. 1973 թ. ամուսնացել է Ռաուլ Կարլոս Գոնսալես Գարսիայի հետ, ունեցել երկու զավակ` Մարիաննան եւ Լեոնարդոն:
Ծանր ժամանակներ էին Լատինական Ամերիկայում՝ տոտալիտար կառավարություններն աստիճանաբար գրավում էին ամբողջ Լատինական Ամերիկան: Այդ ժամանակաշրջանում Լիլիամը չհրաժարվեց հանուն իր գաղափարների պայքարից: Նա ընդհատակյա պայքարող էր եւ, բարեբախտաբար, չձերբակալվեց: Նրա ընկերներից շատերի բախտը չբերեց, նույնիսկ մինչ այսօր անհայտ կորածներ կան:
Քաղաքական իր կարիերայի ամբողջ ընթացքում Լիլիամը միշտ հավատարիմ է մնացել իր գաղափարներին: «Ես մշտապես պայքարել եմ հանուն մարդու իրավունքների, հանուն ճշմարտության եւ արդարության: Իմ կյանքում միշտ այդպես է եղել, ավելի է ամրապնդվել բռնապետության տարիներին եւ շարունակվում է մինչ այսօր»,-հաստատում է նա:
Լիլիամը Լատինական Ամերիկայում առաջին հայ պատգամավորն է եղել:2006 թ., երբ Լիլիամը պաշտոնական այցով եղավ Հայաստանում:
«Շատ հուզիչ էր եւ ժողովուրդն այնպես արեց, որ ինձ զգայի ինչպես իմ տանը, նրանք շատ սիրալիր են, հյուրասեր: Ծիծեռնակաբերդ գնալն ամենահուզիչն էր: Այդ վայրը իմ սրտում մի ցավ առաջացրեց, շատ գեղեցիկ տեղ է՝ լի ծաղիկներով, հավերժական կրակով, շատ տխուր է, բայց միեւնույն ժամանակ շատ գեղեցիկ: Այդ պահին զգացի, որ այնտեղից եմ ծագումով եւ այդպիսի բան ինձ հետ երբեք չէր պատահել»,- հիշում է նա:
1965թ. ապրիլի 22-ին,երբ շատ երկրներ դեռ չէին հիշատակում Հայոց ցեղասպանությունը, Ուրուգվայը հրապարակեց Օրենք՝ Հայերի ցեղասպանության առաջին կառավարական ճանաչման մասին: Արեւելյան Ուրուգվայի Հանրապետության N° 13.326 օրենքն ապրիլի 24-ը սահմանում է «Հայ նահատակների հիշատակի օր»:
«Ես հայ եմ եւ լատինաամերիկացի: Այս երկու ազգերի պատմություններում կարելի է զուգահեռներ գտնել. հարյուր տարի առաջ կատարվածի եւ Լատինական Ամերիկայի բռնապետական ծանրագույն օրերի ընթացքում,-հուզված բացատրում է նա,-իմ արմատներն ինձ հետ են, ես հպարտ եմ իմ ազգանունով»:
*Գլխավոր նկարը՝ Յոզղաթի ընդհանուր տեսարան: Աղբյուրը՝ Հ. Ս. Էփրիկեան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հատոր Ա, Վենետիկ, 1900թ.:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: