logo
ՓԱԿԵԼMenu
Մի ամբողջ կյանք՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը

Մի ամբողջ կյանք՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը

Կլաուդիա Պաս ի Պասը քրեական իրավունքի մասնագետ է եւ մարդու իրավունքների պաշտպան, որը 18 տարի ջանք չի խնայել՝ վերակառուցելու արդարադատության համակարգը Գվատեմալայում: 2010-2014 թթ. նա եղել է երկրի գլխավոր դատախազը՝ բազմաթիվ տառապանքների միջով անցած մարդկանց վերադարձնելով արդարության հանդեպ վաղուց կորցրած հույսը: 
 

Նա ծնվել է 1967 թ. մի երկրում, որը հայտնի է բանանի արտահանմամբ, խոր անհավասարությամբ եւ սարսափելի բռնություններով, որոնք մասնատել են երկիրն ավելի քան կես դար: Համեստ չափերի մի երկիր, բայց հզոր իր կին եւ տղամարդ գործիչներով, որոնք ձգտում են արդարության եւ խաղաղության, ինչպես օրինակ՝ 1992 թ. Նոբելյան դափնեկիր Ռիգոբերտա Մենչուն: 

Գվատեմալան գտնվում է Կենտրոնական Ամերիկայում, որտեղ բնակչության ամենաբարձր տոկոսն են կազմում բնիկները (որոշ աղբյուրների համաձայն՝ մինչեւ 60 տոկոս): 17 միլիոն բնակչություն ունեցող այս երկրում, որը փոքր-ինչ մեծ է Պորտուգալիայից, 20 բնիկ ժողովուրդ է ապրում: Քաղաքացիական պատերազմը, որը հոշոտել է երկիրը 1962-ից մինչեւ 1996 թվականը, մոտավորապես 200.000 մարդու կյանք է խլել. ճնշող մեծամասնությունը՝ բնիկներ: Մեծ մասը սպանվեցին, երբ բռնությունը հասավ գագաթնակետին 1981-1983 թթ.: Ըստ Պատմության հստակեցման հանձնաժողովի (Historical Clarification Commission) ուսումնասիրության՝ բռնությունների ավելի քան 90 տոկոսն իրագործել են պետական ուժերը, իսկ զոհերի ավելի քան 80 տոկոսը եղել են բնիկներ:

Դեռեւս երիտասարդ փաստաբան Կլաուդիա Պաս ի Պասը ոգեշնչվել է կաթոլիկ եպիսկոպոս Խուան Խոսե Խերարդիից: Մարդու իրավունքների եւ բնիկ մայաների այս հզոր իրավապաշտպանը, որը 1988 թ. սպանվեց բանակի կողմից, մինչեւ հիմա նրա համար մնում է ակնածանքի աղբյուր. «Ես պատկանում են սերնդին, որը ծնվեց պատերազմի ժամանակ եւ մեծացավ առանց օրինակելի հերոսների, քանի որ մտավորականներն ու ընդդիմության անդամները կամ սպանվում էին, կամ արտաքսվում»,- բացատրում է նա՝ անդրադառնալով, որպես իրավապաշտպան, իր կատարած առաջին քայլերին:

«Հարյուր հազարավոր փախստականներ լքում էին իրենց ավերված գյուղերը երկրում եւ Մեքսիկայում: Մարդիկ վախենում էին վկայություն տալ իրենց կրած տառապանքների մասին: Միայն վերջերս են սկսել խոսել»,- նշում է նա: Այս խիզախ ու խոնարհ կինը խորապես հավատում է մարդու իրավունքների պաշտպանության կարեւորությանը: Իր պայքարի ճանապարհին նա հանդիպել է այլ կանանց եւ տղամարդկանց, որոնք ուժ են տվել իրեն՝ դիմակայելու անարդարությանը: 

Որպես Գվատեմալայի նախկին դատախազ, նաեւ որպես այդ պաշտոնում եղած առաջին կին, նա բացահայտել է մի քանի կարեւոր գործ, այդ թվում՝ իր պաշտոնավարման ընթացքում երկրի տասը ամենաորոնվող հանցագործներից հինգի ձերբակալությունը: Նա նաեւ օգնել է արմատապես նվազեցնել կանանց սպանությունների ու նրանց նկատմամբ բռնության մակարդակը: Սակայն, ցավոք, վերջին տարիներին այս տխուր վիճակագրությունը կրկին աճ է արձանագրել:

2011 թ. Միջազգային ճգնաժամային խումբը եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Կլաուդիա Պաս ի Պասին եւ եւս երեք այլ կանանց ճանաչման արժանացրին աշխարհում պատերազմից ամենաշատ տուժած գոտիներում խաղաղություն ու արդարություն խթանելու գործին նրանց ունեցած նվիրումի համար: Իսկ 2012 թ. «Ֆորբս» ամսագիրը նրան անվանեց «Աշխարհը փոխող հինգ ամենաազդեցիկ կանանցից մեկը»: 2013 թ. նա նաեւ եղել է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու:

Նրա համար մշտական պայքար է եղել Գվատեմալայում մի քանի քրեական գործերով հետաքննությունը: 2013 թ. նա քրեական պատասխանատվության ենթարկեց Դոս Էռեսի ջարդի կազմակերպիչներին՝  ցեղասպանության եւ մարդկության դեմ իրագործված հանցանքների համար ցմահ ազատազրկման դատապարտելով նրանց, ինչպես նաեւ երկրի նախկին առաջնորդ Էֆրաին Ռիոս Մոնտին: Նա պատասխանատու էր բազմաթիվ բարբարոսությունների եւ մարդու իրավունքների խախտումների համար, առաջին հերթին՝ «այրված հողի» մարտավարության համար, որի հետեւանքով 440 գյուղ ավերվեց եւ 200.000 մայաներ զոհվեցին․ նրանց սպանեցին կամ ուղղաթիռից նետեցին Խաղաղ օվկիանոս:

Դատավարությունների ժամանակ Կլաուդիա Պաս ի Պասը մեծապես ապավինում էր արխիվներին, բայց ստիպված էր ադմինիստրատիվ անհամար խոչընդոտներ հաղթահարել, որպեսզի, ի վերջո, ապահովեր զոհերի արդարության իրավունքը. «Ավելի քան 100 վկա եւ անհերքելի ապացույցներ կային ցեղասպանության ընթացքում տեղի ունեցած սեռական բռնությունների վերաբերյալ: Սակայն սեռական բռնության զոհերն այնքան էին տառապել, որ չէին ցանկանում բացեիբաց վկայություն տալ Ռիոս Մոնտի դատավարության ընթացքում: Եվ մենք տեսագրեցինք նրանց. այդ վկայությունները կարեւոր էին»,- հիշում է նա: «Ինձ բախտ է վիճակվել լինել ցեղասպանությունը վերապրածների կողքին՝ պայքարելով արդարության համար: Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում նրանց, որ վստահեցին ինձ այն ժամանակ, երբ շատ դժվար էր վստահել պետական պաշտոնյաներին՝ իրականացնելու հետաքննություն եւ բացահայտելու ճշմարտությունը հանցագործությունների մասին: Հենց այս երախտագիտությունն է իմ նվիրումի աղբյուրը: Ես երախտապարտ եմ նրանց վստահության եւ հանուն արդարության պայքարի համար»:

Միջազգային գնահատանքը չի ազդել նրա առօրյա կյանքի ու աշխատանքի վրա: Նա մնում է չափազանց համեստ եւ առաջնորդվում է իր առաքելությունն իրագործելու հրատապությամբ: Այսօր նրա համար ամենամեծ մարտահրավերներից մեկը կանանց նկատմամբ բռնության անպատժելիության դեմ պայքարն է, ինչպես նաեւ բնիկ ժողովուրդների պաշտպանությունը:

Այս պահին Գվատեմալայում, Հոնդուրասում եւ Նիկարագուայում վերելք են ապրում արդյունահանող ճյուղերը, որոնք իրենց ազդեցությունն են ունենում խոցելի համայնքների տարածքների եւ էկոհամակարգերի վրա: Դատախազն, այնուամենայնիվ, շարունակում է դատապարտել հանցագործությունները, որոնք իրագործվում են իրենց արժանապատվության համար ու բռնազավթումների դեմ պայքարող բնիկների նկատմամբ: «Անպատժելիության դեմ պայքարում մենք նկատելի նահանջ ենք ապրում: Դատախազներն ու դատավորները, որոնք պայքարում են հզոր խմբերի դեմ, բախվում են կոռումպացված ղեկավարներին, ինչն էլ, իր հերթին, մտահոգիչ է»,- պարզաբանում է Կլաուդիա Պաս ի Պասը:

Նրա ուշադրության եւ մտահոգության կենտրոնում են Գվատեմալայի զինվորականների կողմից երբեւէ իրագործված բոլոր տեսակի վայրագությունների զոհերը, ինչպես նաեւ Կենտրոնական Ամերիկայով Միացյալ Նահանգներ տեղափոխվող միգրանտները: Համավարակը մեծացրել է սոցիալական մեկուսացման զգացումը եւ խորացրել առանց այդ էլ դրամատիկ վիճակը, որն ազդում է նաեւ Մեքսիկայում գտնվող Գվատեմալայի միգրանտների վրա: «Այս մարդկանց համար համապատասխան պաշտպանական համակարգի բացակայությունը խնդիր է, որը պետք է հասցնել միջազգային հանրությանը: Այն պետք է իր դերակատարումն ունենա»,- համոզված ասում է Կլաուդիան՝ ավելացնելով, որ եթե Միացյալ Նահանգները կամ Եվրոպան «իրենց ձայնը բարձրացնեին մարդու իրավունքների պաշտպանության համար, այն կունենար իր անվիճելի ազդեցությունը: Այն կարող էր ապահովել հարգանքն օրենքի գերակայության նկատմամբ»:

Գվատեմալայում, որտեղ քաղական կյանքում գերակշռում են աջակողմյան ուժերը, բանակին քննադատելու կամ մարդու իրավունքները պաշտպանելու համար հաճախ կարող են մեղադրել «կոմունիզմի» մեջ, ինչն ինքնին համարվում է հանցանք: Կլաուդիա Պաս ի Պասը, չնայած ազգի համար կատարած իր ողջ աշխատանքին, վտարվեց եւ այժմ ապրում է Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում, քանի որ Գվատեմալայի կառավարությունը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել: 2018 թվականից նա ղեկավարում է Արդարադատության եւ միջազգային իրավունքի կենտրոնի (CEJIL) Կենտրոնական Ամերիկայի եւ Մեքսիկայի ծրագիրը: Այս կազմակերպությունը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանում:

Խորապես նվիրված մարդկային արժանապատվության պաշտպանությանը ՝ Կլաուդիա Պաս ի Պասը վստահորեն եւ խոնարհաբար շարունակում է իր պայքարը՝ առաջնորդվելով իր երկիրը հետապնդող, հողին չհանձնված աճյունների հիշողությամբ եւ այսօր էլ հալածանքների ու խտրական վերաբերմունքի ենթարկվողների ցավով: