1876թ. Նյու Յորքի նահանգի Պորտ Ջեֆերսոն քաղաքում (ԱՄՆ) ծնված Դեյվիսը 1898թ.-ին ավարտել է Կոռնելի համալսարանն՝ ստանալով փիլիսոփայության բակալավրի կրթական աստիճան: Նա շարունակել է կրթությունը Ջորջ Վաշինգտոնի համալսարանում՝ 1904թ. դառնալով իրավաբանության բակալավր: Ուսմանը զուգընթաց աշխատել է որպես լրագրող եւ, լինելով պոլիգլոտ, տիրապետել է մի քանի լեզվի՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն ու իսպաներեն:
Դեյվիսի դիվանագիտական գործունեությունն սկսվել է 1912թ., երբ նա ծառայության է նշանակվել Բաթումում (այն ժամանակ՝ Ռուսական կայսրության մաս): 1913թ. իր արձակուրդի ժամանակ Դեյվիսը որպես լեռնագնաց հաղթահարեց Ուզբեկստանի ու Կովկասյան լեռների բարձունքները եւ 1913թ. սեպտեմբերի 7-ին բարձրացավ Արարատ լեռը: Նրա վարվելաձեւերի պատճառով, որոնք Բաթումում ամերիկյան հյուպատոսական ծառայության պետ Ա. Լ. Գոտշոքը (Gottshalk) նկարագրում էր որպես «չհղկված», որոշվեց նրան ուղարկել Խարբերդ՝ «հեռավոր, ոչ քաղաքակիրթ, նրբավարություն չպահանջող մի տարածք»: Խարբերդի հյուպատոսությունը թեեւ գտնվում էր հայկական նահանգների սրտում, Օսմանյան կայսրության տարածքի ամերիկյան 13 հյուպատոսություններից ամենահեռավորն էր: Աշխարհագրական առումով Դեյվիսի ամենամոտ հարեւանը Էրզրումում գերմանական փոխհյուպատոս Շոբեր-Ռիխտերն էր:
Վահե Հայկ, «Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը. յուշամատեան պատմական, մշակոյթային եւ ազգագրական», Նյու Յորք, Խարբերդցի հայերի հայրենակցական միություն, 1959թ. |
1914թ. մայիսի 31-ին Դեյվիսը ժամանեց Խարբերդ, որն ավելի ուշ իր զեկուցագրերում պիտի նկարագրեր որպես «սպանդանոց նահանգ»:
1915թ. հունիսին թուրքական իշխանություններն սկսեցին Խարբերդի հայ տղամարդկանց զանգվածային ձերբակալությունները: Հունիսի 26-ին կառավարությունը հայերի զանգվածային տեղահանության հրաման արձակեց: Հուլիսի 1-ին Խարբերդը լքեց հայ տեղահանվածների առաջին ալիքը. «Պարզվում է՝ այս բոլոր.... տղամարդիկ, կանայք եւ երեխաները կոտորվել են այստեղից 5 ժամվա հեռավորության վրա: Փաստացի, գրեթե հստակ է, որ հուլիսի առաջին օրերին քաղաքից տեղահանվածներից բացի, բոլոր մյուս բռնագաղթյալները կոտորվել են վիլայեթի [նահանգի] սահմաններին չհասած»:
Այս զեկույցը հաստատում է հյուպատոսարանի թարգմանիչ եւ Դեյվիսի թիկնապահ Կարապետ Պետրոսյանը։ 1923թ. Կարապետը, որն ինքն էլ Հայոց ցեղասպանությունը վերապրածներից էր, Պետդեպարտամենտի հյուպատոսական ծառայության պետ Ուիլբուր Քարրին գրում է. «Մի քանի օր անց արդեն մեզ հայտնի դարձավ, որ տեղահանվածներին սպանել են քաղաքից մի քանի մղոն հեռավորության վրա: Հյուպատոս Դեյվիսը դժվարանում էր դրան հավատալ, ուստի մենք միասին ձիերով դուրս եկանք քաղաքից եւ երբ մոտ երեք մղոն հեռացել էինք, հիմնական ճանապարհի երկու կողմերում դիակներ էին: Տասնհինգ մղոն հեռանալով՝ տեսանք տղամարդկանց, կանանց ու երեխաների հազարավոր անկենդան մարմիններ, որոնք արդեն քայքայվում էին: Հյուպատոս Դեյվիսն այդպիսով անձամբ համոզվեց, որ նահանգապետը մտադիր էր երկրից արմատախիլ անել հայ ցեղը, ուստի սկսեց հնարավոր ամեն բան անել, որպեսզի իր պաշտպանության տակ առնի ողջ մնացած քաղաքացիներին»:
Պետդեպարտամենտին ուղարկված զեկույցում Դեյվիսը բացատրում է տեղի ունեցածից իր ապրած ցնցումը եւ իր մտահոգությունը՝ որպես օտարերկրյա միակ պաշտոնյա, որն ականտես էր եղել ողբերգությանը: Նա հասկանում էր, որ չի կարող հետ շրջել բռնության ալիքը, սակայն վճռական էր՝ գոնե որոշ մարդկանց փրկել իրենց հարեւանների սարսափելի ճակատագրին արժանանալուց:
Հյուպատոսական ապաստան
Ի պատասխան հայ բնակչության բնաջնջման պլանի՝ Դեյվիսն ամերիկյան հյուպատոսության հսկա շենքում ապաստան կազմակերպեց:
Զանգվածային տեղահանության առաջին իսկ օրերից նա փորձեց հնարավորինս շատ հայերի տեղավորել հյուպատոսարանի շենքում:
Հյուպատոսարանի տարածքը բավականին մեծ էր եւ պարսպապատ: Շուրջ 40 հայ ապրում էր դրա պարտեզներում: Երեխաներին խստորեն հանձնարարված էր չաղմկել: Տղամարդիկ ցերեկը թաքնվում էին պահեստում եւ միայն մթնելուց հետո դուրս գալիս այգի՝ մաքուր օդի: Նրանց բոլորին վտանգ էր սպառնում, քանի որ նրանք պիտակավորվել էին որպես դասալիք ու մեղսագործ: «Հանցանքը, որում նրանք մեղավոր էին, այն էր, որ փախել էին՝ փորձելով խույս տալ սպանվելու հեռանկարից, սակայն ոչ մի խախտում չէին արել.... Մինչդեռ ոստիկանությունն ամիսներ շարունակ հետապնդում եւ անխնա ձերբակալում էր կանանց, երեխաներին եւ տղամարդկանց՝ որպես «դասալիքների»,- գրում է Դեյվիսը:
Դեյվիսն անձամբ էր կազմակերպում հայերին սննդամթերքով ու անհրաժեշտ պարագաներով ապահովելու գործը: Նա օգտագործեց իր ազդեցությունն ու դիվանագիտական հեղինակությունը՝ վալիից (նահանգապետից) փաստաթղթեր ձեռք բերելով, որոնք հայերին հնարավորություն էին տալիս մեկնելու Միացյալ Նահանգներ:
Գանձապահը
Ամերիկյան հյուպատոսարանում ապաստանած հայերն իրենց դրամը, զարդեղենը, արժեթղթերը, կյանքի ապահովագրության վկայականներն ի պահ հանձնեցին Դեյվիսին: Երբ իրավիճակն ավելի վատթարացավ, եւ վտանգի տակ հայտնվեցին նաեւ այդ շրջանում գործող օտարերկյա միսիոներները, վերջիններս եւս իրենց փողն ու արժեքավոր իրերը հանձնեցին Դեյվիսին. «Եղավ շրջան, երբ ինձ մոտ ոսկով 200 հազար դոլար կար, թեպետ ժամանակի մեծ մասն իմ թիկնապահները դրսում էին լինում, եւ ինքս ինձ մտածում էի` ինչ կկատարվեր, եթե իմ մենակ եղած ժամանակ հյուպատոսարանի վրա հարձակում լիներ»:
Նահանգապետը հրահանգեց Դեյվիսին հանձնել հյուպատոսարանում ապաստանած հայերի արժեքավոր իրերը, սակայն Դեյվիսը հրաժարվեց եւ դրանք ապահով պահեց մինչեւ 1917թ.՝ Օսմանյան կայսրությունից իր հեռանալը:
Ինչպես Դեյվիսը նշում է իր զեկույցում, մինչեւ Խարբերդից հեռանալը նա այդ սեփականության մեծ մասը վերադարձրեց օրինական տերերին: Փողի մի մասը տրվեց դանիացի միսիոներներին, իսկ ապահովագրական պայմանագրերը՝ գերմանացի միսիոներ Էհմանին: Գումարի մնացած մասը Դեյվիսը տարավ ԱՄՆ՝ հանձնելու տերերի հարազատներին:
Վահե Հայկ, «Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը. յուշամատեան պատմական, մշակոյթային եւ ազգագրական», Նյու Յորք, Խարբերդցի հայերի հայրենակցական միություն, 1959թ. |
Բացի հայերին հյուպատոսարանում պատսպարելուց, Դեյվիսը նաեւ զբաղվում էր նահանգի այլ վայրերում՝ լեռներում, ավերակ գյուղերում թաքնված մազապուրծ հայերին նյութական օգնություն ցուցաբերելու հարցերով: Նա ինչ-որ առումով միջնորդ էր Խարբերդում գտնվող հայ փախստականների եւ ԱՄՆ-ում ապրող նրանց հարազատների միջեւ։ Վերջիններս հյուպատոսարանի հասցեով գումար էին ուղարկում, իսկ Դեյվիսն, իր հերթին, այն հասցնում էր թաքստոցներում ապաստանած հայերին:
ԱՄՆ հյուպատոսը կապեր էր հաստատել նահանգի տարբեր մասերում՝ անգամ Մալաթիայում եւ Արաբկիրում, որտեղ հայերը պատմում էին իրենց ընտանիքների՝ ջարդերից փրկված անդամների մասին: Դեյվիսը համագործակցում էր նաեւ Դերսիմի քուրդ բնակիչների հետ՝ նրանց միջոցով ապահովելով նամակագրական կապը Դերսիմում ապաստանած հայերի հետ: Քուրդ նամակատարները նամակները թաքցնում էին իրենց կոշիկների մեջ:
Դեյվիսն զբաղվում էր նաեւ հարեւան նահանգներում՝ Սվազում (Սեբաստիա) եւ Դիարբեքիրում փրկված հայերի ճակատագրով: Նա նկարագրում է, թե ինչպես էր փոքր բանկային փոխանցումներ անում իր ճանաչած հայերին՝ գիտակցելով, որ եթե ստացական գա, ապա կհաստատվի, որ իր ծանոթները շարունակում են ապրել այնտեղ:
Խիզախ եւ չհուսահատվող
1917թ.՝ ԱՄՆ-ի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո, Դեյվիսը վերադարձավ հայրենիք։ Սակայն այստեղ էլ չդադարեց հայերին օգնել։ Մեծ թվով խարբերդցի հայեր արտագնա աշխատանքի էին մեկնել ԱՄՆ դեռ մինչ ցեղասպանությունը։ Պետդեպարտամենտի լիազորությամբ՝ Դեյվիսը կապվեց իրենց հարազատների ճակատագրով մտահոգ ծագումով խարբերդցի բազմաթիվ ամերիկահայերի հետ։ Նա փորձում էր տեղեկություններ հաղորդել փրկվածների գտնվելու վայրի մասին եւ օգնել գտնել նրանց:
Ցեղասպանության իրագործման ամենավայրագ շրջանում՝ 1915-1916 թվականներին, ամերիկացի միսիոներ Հենրի Ռիգսն այնքան էր տպավորվել հյուպատոս Դեյվիսի խիզախությամբ, որ այդ մասին նշել է 1917թ. դեկտեմբերին Պետդեպարտամենտի հյուպատոսական ծառայության պետ Ուիլբուր Քարրին ուղղված իր նամակում. «Պարոն Դեյվիսն չէր հոգնում, անվախ եւ նրբանկատ էր, ինչի շնորհիվ էլ փրկեց բազմաթիվ կյանքեր, որոնք այլապես զոհ կգնային, թեպետ տեղական պաշտոնյաները խիստ համառ էին հյուպատոսի՝ «Թուրքիայի ներքին գործերին» ցանկացած նմանօրինակ միջամտության տեխնիկական իրավունքը ժխտելու հարցում»:
Լեսլի Դեյվիսն իր դիվանագիտական գործունեությունը շարունակեց մինչեւ 1941 թվականը: Նախքան թոշակի անցնելը նա աշխատեց Օպորտոյում, Զագրեբում, Պատրասում, Լիսաբոնում եւ Գլազգոյում: Նա մահացավ 1960թ. սեպտեմբերի 27-ին, Պիտսֆիլդում (ԱՄՆ):
*Գլխավոր նկարը տրամադրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը